«5-րդ էներգաբլոկի խնդիրը լուծելու դեպքում գազի գինը չի բարձրանա». Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ տեղեկություն չունի Ադրբեջանից հայ գերիների խմբի վերադարձի մասին, որի վերաբերյալ երեկ լուրեր էին շրջանառվում։
Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին, Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ այդ բանակցություններն անընդհատ պրոցես է, և իրականության մեջ այն չի ընդհատվում։
«Այս պահին էլ այդ բանակցություններն ընթանում են։ Դրա հետ կապված կարող եմ մեկ բան ասել այս պահին, ավելին չեմ ասի։ Ըստ էության բուն սահմանին գազի գնի հետ կապված և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև եթե հիշում եք, մենք 2019 թվականին ծանր և բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել։ Կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք։ Բայց գլոբալ իմաստով մենք ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված՝ ժամանակին, 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է էլեկտրաէներգիա արտադրող։ Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ բոլոր ներդրումները, որոնք «Գազպրոմ» խմբի կողմից իրականացվում են ՀՀ-ում, նույն այդ համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Նա նաև ընդգծեց, որ կայանի կառուցումը խոշոր ներդրում է, սակայն այդ ներդրումն այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013 թվականի համաձայնագրով։
«Այս հարցը մնացել է օրակարգում և շարունակում է քննարկվել, եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված՝ թե՛ սահմանին, թե՛ սակագնով, չնայած գիտեք, որ այսօր աշխարհում գինը 940 դոլարի է հասել՝ մեր 165-ի պարագայում։ Նույնիսկ այդ պարագայում առանձին այդ մասով ըստ էության խնդիրներ չեն առաջանալու մոտակա տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջովի 5-րդ էներգաբլոկի հետ կապված լուծումներ գտնել և աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կապահովի 2013 թվականի համաձայնագրից բխող պայմանները»,- հավելեց փոխվարչապետ Գրիգորյանը։