Ստերը բացահայտվելու «վատ» հատկություն ունեն. ժամանակն է թարմացնել իշխանությունների հիշողությունը

Այս տարվա մայիսին էկոնոմիկայի նախարարը մի այսպիսի գրություն էր կատարել՝ «Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում»։

Այն ժամանակ, երբ Վահան Քերոբյանը ներդրումների հորդելու մասին էր խոսում, ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռ չկային։ Հիմա արդեն դրանք հայտնի են, ու կարելի է ասել, թե հորդացող ներդրումների վերաբերյալ նախարարի հայտարարությունը որքանով է համապատասխանում իրականությանը։

Իհարկե, այն ժամանակ էլ պարզ էր, որ նախարարը կեղծիքով է զբաղված։ Ներդրումները չեն կարող հորդել մի երկրում, որտեղ տարրական պայմաններ չկան դրանց համար։

Ներդրումների վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալները եկան ապացուցելու այս պարզ ճշմարտությունը։ Վեց ամսվա ընթացքում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 110 մլն դոլար։

Ընդ որում, երկրորդ եռամսյակում կամ այն ժամանակ, երբ նախարարը խոսում էր ներդրումների հորդելու մասին, ներդրումները կտրուկ կրճատվել են։ Առաջինում դրանք կազմել էին 82 միլիոն, երկրորդում՝ ընդամենը 28 մլն դոլար։ Գրեթե 3 անգամ ավելի քիչ, քան առաջին եռամսյակում։

Սա Կենտրոնական բանկի արձանագրումն է։

Վիճակագրական կոմիտեն էլ արձանագրել է, որ առաջին կիսամյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը տարվա առաջին կեսին կազմել են 42,8 մլրդ դրամ։ Դոլարի վերածելու դեպքում այն համարժեք կլինի ընդամենը 85-90 մլն դոլարի։

Դա այն գումար չէ, որի դեպքում կարելի է ասել, թե ներդրումները հորդում են։

Հազիվ թե էկոնոմիկայի նախարարն այդ մասին չգիտեր։ Ըստ ամենայնի, գիտեր, բայց կեղծում էր իրականությունը՝ մոռանալով, որ ստերը ժամանակի ընթացքում բացահայտվելու «վատ» հատկություն ունեն։

Հայաստանում իրականացվող օտարերկրյա ներդրումները ոչ միայն չեն հորդում, այլ նվազում են։ Խոսքն ուղղակի ներդրումների մաքուր պաշարների մասին է։

Այս տարվա առաջին կեսի տվյալներով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները 1 տարի առաջվա համեմատ կրճատվել են 109 մլրդ դրամով կամ ավելի քան 222 մլն դոլարով։

Կրճատումն ավելի մեծ է 2019թ. համեմատ։ Այն ժամանակ օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կազմել էին 1 տրիլիոն 99 մլրդ դրամ, այս տարի կազմել են 1 տրիլիոն 957 մլրդ դրամ։

Երկու տարում նվազել են 142 մլրդ դրամով կամ գրեթե 300 մլն դոլարով։

Այսպիսին է Հայաստանում ներդրումների պատկերը։ Թեև այլ կերպ չէր էլ կարող լինել այն աշխահաքաղաքական ու ներքաղաքական անկայուն իրավիճակում, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Նախկինում էլ ներդրումային մթնոլորտը մեր երկրում չէր փայլում իր բարձրությամբ, հիմա շատ ավելի վատն է։

Առանց պաշտոնական տվյալների էլ դժվար չէ հասկանալ, որ այսպիսի պայմաններում չեն կարող լուրջ ներդրումներ լինել, որքան էլ փորձ արվի նման տպավորություն ստեղծել։

Վերջին օրերին էլ Նիկոլ Փաշինյանն է սկսել միլիարդների հասնող ներդրումներից խոսել, որոնք կապվում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը ձեռք բերած և մի մասը, անհասկանալի պայմանավորվածությունների արդյունքում, կառավարությանը նվիրաբերած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետ։ Արվող հայտարարությունների համաձայն՝ ընկերությունը խոստացել է Հայաստանում մի քանի միլիարդ դոլարի ներդրումներ կատարել, պղնձաձուլարան ու ատոմակայան կառուցել։ Այլ բան, թե որքանո՞վ են լուրջ այս խոստումները։

Պարզվում է, պղնձաձուլարանի կառուցումը պետք է սկսվի 2025թ.։ Այսինքն՝ 4 տարի հետո, երբ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի հետո։ Չհաշված, որ ևս առնվազն 1-2 տարի անհրաժեշտ կլինի պղնձաձուլարան կառուցելու և շահագործման հանձնելու համար։

«Հիմա կառավարության խնդիրն է, որ մինչև 2025 թվականի հունիսը նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսվի: Իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ զուգահեռ տեղի ունենա: Պղնձաձուլարանի և ատոմակայանի շահագործումը գործնականում լավ կլինի, որ համընկնի»,- Ազգային ժողովում, դեմքի լուրջ արտահայտությամբ, հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Այդպիսի հայտարարությունից հետո պարզ հարց է առաջանում, եթե ամեն ինչ այդքան լուրջ է, ինչո՞ւ ներդրողը հիմա չի սկսում պղնձաձուլարանի կառուցումը՝ հնարավորինս շուտ շահագործելու և եկամուտներ ստանալու, կառավարությանն էլ օժանդակելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար, այլ որոշել են, որ դա պիտի անեն 2025թ.։

Ժամանակին իշխանությունները Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը կապում էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ։ Հիմա էլ լծվել են իրենց մտադրությունների իրականացմանը և ամեն ինչ անում են, որ դա օր առաջ տեղի ունենա։ Եթե այդպես է, ինչո՞ւ են սպասում մինչև 2025թ.։

Գուցե մինչ այդ մեկ այլ ներդրո՞ղ ուզենա պղնձաձուլարան կառուցել։ Թե՞ արդեն մենաշնորհը վաճառել են ու «Գեոպրոմայնինգից» բացի, մեկ այլ ներդրող իրավունք չունի Հայաստանում պղնձաձուլարան կառուցել։

Մեկ այլ թեմա է պղնձաձուլարանի կառուցման համար հայտարարվող ներդրումների չափը։ Պարզվում է, այն արժե 1,5 մլրդ դոլար։

Այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում չինացիք պատրաստ էին Հայաստանում պղնձաձուլարան կառուցել 350 մլն դոլարով։ Լավ, թող լինի 500 մլն դոլար։

Որտեղ 500 միլիոնը, որտեղ 1,5 միլիարդը։

Ինչի՞ց են վերցրել, որ 2025թ. սկսվող այդ ծրագիրը կարժենա 1,5 մլրդ դոլար։

Շատ ավելի անորոշ ծրագիր է ատոմակայանը։ Հայտնի էլ չէ, թե ընդհանրապես երբ կարող է սկսվել դրա կառուցումը՝ 5, թե՞ 10 տարի հետո։

Որ ատոմակայանի կառուցումը մեծ ներդրումներ է պահանջում, այդպես էլ կա։ Բայց լուրջ չէ, որ այսօր խոսում են այդ ծրագրի շրջանակներում 5 կամ 10 տարի հետո ակնկալվող ներդրումների մասին։ Զարմանալի է, որ կան մարդիկ, ովքեր հավատում են այդպիսի խոստումներին։

Տարիներ հետո շատ քչերը կհիշեն, թե այսօր ինչ է ասվել մի ծրագրի մասին, որի մեկնարկը պիտի տրվեր 2025թ. կամ 2030թ.։ Առավել ևս, որ հայտնի չէ, թե այդ ժամանակ ուր կլինեն այսօրվա իշխանությունները։

Վերջին տարիներին էլ բազմաթիվ ներդրումային ծրագրերից էին խոսում։ Այսօրվա ֆինանսների նախարարը, ով այն ժամանակ էկոնոմիկայի նախարար էր աշխատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, 3,5 մլրդ դոլարի հասնող ներդրումային փաթեթներ էր ներկայացում։ Ի՞նչ եղան այդ ներդրումները։

Փաստն այն է, որ ունենք ներդրումային խղճուկ պատկեր։ Ու դեռ հայտնի չէ, թե դա ինչքան կարող է շարունակվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս