Ինչո՞վ պետք է զբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ինչո՞ւ է Հայաստանը երկրորդ պլան մղում քաղաքական հարցերը
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն ուշագրավ հայտարարություն է արել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա նշել է, թե Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Դեսպանը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել, այլ հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին:
Անն Լույոն ասել է, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել են երկու [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հանդիպումը։ «Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դեսպանը: Սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո:
Նախօրեին Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշեց, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, կամ այդ աշխատանքներին զուգահեռ, համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին Հայաստանի ԱԳ նախարարի, այնպես էլ՝ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը։ «Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Եվ ուշագրավն այն է, որ Արարատ Միրզոյանը, ինչպեսև, ըստ էության, ռուսական կողմը՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, գտնում է, որ պետք է քննարկել այդ ձևաչափի շրջանակում նախ հումանիտար հարցերը:
«Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ․ նախ՝ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը և աշխատանքները այդ ուղղությամբ, հայկական մշակութային հուշարձանների հասանելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։
Ապա՝ հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի, ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։ Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան․ օրերս արդեն մենք կիմանանք ավելի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, և ավելի հստակ կկարողանանք այդ հարցին պատասխանել։ Հանդիպումներ նախատեսվում են․ գործընթացը շարունակելու, և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, առնվազն, ձեռք է բերվել»,- պարզաբանեց Արարատ Միրզոյանը:
Համանախագահների և նախարարների նյույորքյան հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան աշխատանքային այցերի վերսկսումը: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում դեռևս պետք է ավարտվի ականազերծման, գերիների վերադարձման գործընթացը և «կազմակերպվի խաղաղ կյանք»: «Այժմ գլխավոր խնդիրն այն է, որ խաղաղ, կայուն կյանքը հաստատվի այնտեղ, որպեսզի համայնքները՝ և հայկական, և ադրբեջանական, ունենան վստահությունը, որը տասնամյակներ շարունակ այնտեղ եղել է։ Որպեսզի լուծվեն փախստականների վերադարձի խնդիրները և այլ կենցաղային խնդիրներ»,- նշել էր Լավրովը:
Պատերազմից հետո նմանօրինակ բովանդակությամբ բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարարը, ըստ էության փորձելով ԵԱՀԿ Մինսկի խմբին շնորհել հումանիտար խնդիրների լուծմամբ զբաղվելու մանդատ՝ այդ ֆոնին չկարևորելով Արցախի կարգավիճակի խնդիրը, այդ հարցի լուծումը նույնիսկ թողնելով սերունդներին: Ռուսական կողմը հստակորեն հասկացնում է, որ ռուսական պատկերացմամբ Ղարաբաղի կարգավիճակը ներկայիս կարգավիճակն է ռուսական խաղաղապահների վերահսկողության տիրույթում: Բնական է, որ սա ռուսական կողմին ձեռնտու տարբերակ է, այսինքն՝ ռազմաքաղաքական առումով ստատուս-քվոյի պահպանում, Ռուսաստանի հովանու ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթաց, հումանիտար հարցերի կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողացավ վերսկսել գործունեությունը:
Նրա խոսքով, դրան նպաստող գործոններից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանը ևս դա ցանկացավ, ուստի ներկայումս համանախագահները պատրաստվում են առաջիկա հնարավոր ծանրակշիռ աշխատանքի քաղաքական բարդ հարցերի շուրջ: «Պատկերացնելը, որ դա հենց այդպես է լինելու, բարդ է, բայց կարծում եմ՝ համանախագահների համար արդեն իսկ առաջընթաց է ՄԽ որոշակի գործունեությունը»,- նկատեց փորձագետը:
Տարասովը հիշեցրեց, որ այս հարցի առնչությամբ Ռուսաստանը հայտնել է իր դիրքորոշումը, և կա կոնսենսուս ՄԽ համանախագահների և կողմերի միջև: Նրա կարծիքով, եթե չլիներ, ինչպե՞ս պետք է գործընթացը վերսկսվեր:
«Ինչ-որ բանից պետք էր սկսել, և դա հումանիտար հարցերն են առաջին հերթին, եթե կրկին քաղաքական հարցերը դրվեն կենտրոնում, ապա Ադրբեջանն առաջին հերթին այն կմերժեր, ինչպես նախկինում: Հաշվի առնելով փոփոխվող տարածաշրջանի և Ռուսաստանի մարտահրավերները բոլոր ռեգիոններում, Ռուսաստանը բոլոր ուղղություններով աշխատում է: Ինչպես նաև աշխատում է կողմերի հետ առանձին-առանձին, բայց հետպատերազմյան հայտարարությունների իրագործման տեմպը կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ կողմերից և տարածաշրջանի մյուս երկրներից: Այս դեպքում մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանի ուղղությամբ ոչ միշտ ճիշտ քաղաքականություն վարեցին, լիովին չվերացրին ռազմատենչ հռետորաբանությունը, ապա սահմաններին ստեղծվեց անսպասելի իրավիճակ, և անորոշության հերթական փուլին հանգեցինք տարածաշրջանում, այդ ֆոնին էլ Թեհրանն ակտիվացավ, ներկայումս կա նոր իրավիճակ, երբ Իրանի դիրքորոշումը որևէ ռեգիոնալ պետություն չի կարող անտեսել, սա նշանակում է, որ պայմանավորվածությունները դանդաղելու են, և անորոշության նոր փուլում է հայտնվելու ռեգիոնը:
Ինչպես տեսնում ենք, հստակ չէ, թե ինչ ու երբ են քննարկելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, տարածաշրջանային ապաշրջափակումն ինչպես է տեղի ունենալու, երբ Իրանը դեմ է որոշ երթուղիների, իսկ հակամարտությունները դեռ պահպանվում են, նոր խաղացողներ են հայտնվում, խոսվում է թուրքական վեցի պլատֆորմի մասին, բայց որևէ առաջընթաց, պայմանավորվածություն այս ուղղությամբ չկա, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հանդիպում են, բայց դեռ հստակ չէ, թե ինչ են քննարկում կոնկրետ: Տարածաշրջանը տուրբուլենտության գոտում է, և դեռ կպահպանվի, քանի որ բոլոր երկրները բարդ որոշումների առջև են կանգնած, լարվածությունները ևս մեծ են»,- ասաց նա: