Այդ պարագայում կառավարությունը չի կարողանա այդ պարտատոմսերը վաճառի և բերի՝ իր չինովնիկներին միլիոնանոց պարգևավճարներ տա. տնտեսագետ
Հնարավոր է՝ Հայաստանի Հանրապետությունը թողարկի սփյուռքի պարտատոմսեր. սեպտեմբերի 30-ին կառավարությունում հավանության արժանացած այս որոշումը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ըստ նախագծի հիմնավորման՝ ուսումնասիրվելու է սփյուռքի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը՝ հետագայում դրանց հնարավոր թողարկման նպատակով։
Նկատենք՝ նմանատիպ նախաձեռնություններ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ եղել են: Իսկ այս իշխանությունների նորամուտին «սփյուռքի պարտատոմսերին» անդրադարձել էր նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ 2019 թվականին Նյու Յորքում «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ կլոր սեղան- քննարկման ժամանակ մասնավորապես նշելով ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։
Սակայն ինչքան էլ վեհ ու հայրենասիրական հնչի «Սփյուռքի պարտատոմսեր» ձևակերպումը, այն իրականում ենթադրում է պետական պարտքի ավելացում, իսկ եթե մի կողմ քաշենք «պրոպագանդիստական վարագույրը», այս պարտատոմսերը ֆինանսական տեսակետից որևէ արտառոց երևույթ չեն, քանի որ պարտատոմսերը միշտ էլ թողարկվել են, և ինչպես առաջ, այնպես էլ այսօր, սփյուռքի որևէ ներկայացուցչի չէր արգելվում պարտատոմս ձեռք բերել:
Տնտեսագետներից շատերը նշում են՝ գաղափարը վատը չէ, սակայն այս «բոնդերը» պետք է կապակցված լինեն ինվեստիցիոն բնույթ ունեցող ծրագրերի հետ:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մատնանշեց այս գաղափարի իրագործման միջազգային փորձը՝ բերելով Հնդկաստանի, Իսրայելի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Քենիայի օրինակները:
«Ցանկացած կառավարություն ձգտում է հնարավորինս դիվերսիֆիկացնել իր պարտք ներգրավելու աղբյուրները: Հատկապես վերջին տարիների և այդ ֆոնին՝ վերջին տարվա աղետալի զարգացումները լուրջ պարտքային խնդիրներ են ստեղծել նաև պարտքի սպասարկման, կորսված ռազմական պոտենցիալը վերադարձնելու, անվտանգության խնդիրները լուծելու իմաստով, և այս համատեքստում ենթակառուցվածքային մասշտաբային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն են ստեղծել: Տվյալ դեպքում՝ սփյուռքի բոնդերի կամ պարտատոմսերի թողարկման գաղափարը լավ գաղափար է, բայց ամբողջ հարցն այն է, թե իրականացնելիության տեսակետից ինչքանո՞վ է իրատեսական: Այն առաջին հերթին վստահության վրա հիմնված գործիք կարող է լինել,- հավելեց տնտեսագետը՝ նկատելով, որ թեև ակնկալիքները մեծ կարող են լինել, սակայն կան գործոններ, որոնց հետ պետք է հաշվի նստել՝օրինակ, թե սփյուռքի ո՞ր շերտը կարող է հետաքրքրված լինել այդ պարտատոմսերով,- Դիտարկումները ցույց են տալիս, որ բարձր կրթվածության մակարդակ և եկամուտ ունեցող մեր հայրենակիցներին դա կարող հետաքրքրել, այն էլ՝ որոշակի վերապահումներով, ի վերջո, դա վստահության քվե է այն կառավարությանը, որն աշխատում է:
Այդ բոնդերը կարող են որոշակի պահանջարկ ունենալ, և դրանց նկատմամբ հետաքրքրություն կարող է լինել, եթե կապակցված լինեն կոնկրետ ծրագրերի. ենթադրենք, ասվում է, որ այս պարտատոմսերի վաճառքից գոյացած գումարները կօգտագործվեն միայն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար: Այսինքն՝ դա նշանակում է հասցեականություն, պատասխանատվություն և հաշվետվողականություն. այդ պարագայում կառավարությունը չի կարող այդ պարտատոմսերը վաճառի և բերի՝ իր չինովնիկներին միլիոնանոց պարգևավճարներ տա, ինչը մենք տեսել ենք: Հետևաբար՝ «ա»-ն ասելուց հետո պետք է «բ»-ն էլ ասել, մինչդեռ կառավարության հիմնավորման մեջ չեմ տեսնում կոնկրետ դիտարկումներ, որ այդ պարտատոմսերը կապակցված են լինելու կոնկրետ ենթակառուցվածքային կամ պաշտպանական ծրագրերի հետ»:
Անդրադառնալով այս գաղափարի իրագործման հարցում վստահության գործոնին և պատասխանելով հարցադրմանը՝ արդյո՞ք այս իշխանութան կառավարման երեք տարիները, «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող «պատմությունները» թույլ կտան, որպեսզի սփյուռքը վստահի՝ թեկուզև պարտատոմսերի ձեռքբերման հարցում, Ատոմ Մարգարյանը արձագանքեց. «Հայաստանյան բոլոր գեներացիայի իշխանություններն ու կառավարությունները Սփյուռքին նայել են՝ որպես «կթու կովի»:
Հայկական Սփյուռքը, տարբեր գնահատականներով, մինչև 400-500 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ ունի: Բայց դու չես կարող շարունակ խաբեություններով մարդկանց շահագրգռել:
Այս նոր կաբինետը պետք է գիտակցի, որ նման նեգատիվ փորձ կա, և այդպիսի՝ թեկուզ շատ հրապուրիչ թղթեր տպելով ու մարդկանց գայթակղելով՝ գումար բերելը դառնալու է անհնար՝ մանավանդ այն խորագույն հիասթափությունից հետո, որ մարդիկ ունեցել են «թավշյա հեղափոխության» հռչակագրերի և իրական փաստերի, պատերազմով պայմանավորված իրողությունների, ըստ մամուլի հրապարակումների՝ տարբեր անձանց հայտարարությունների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությունների միջոցների յուրացման հետ կապված: Դրանք լուրջ քննության առարկա պետք է դառնան, և մեղավորները պատժվեն, և միայն դրանից հետո Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կտեսնեն, որ այդ կաբինետն անկեղծ է իր նպատակներում, իր գործողություններում»: