«3+3»-ն իր ձևավորման սկզբնական նպատակների տիրույթում հազիվ թե իրականանա. Արմեն Պետրոսյան
«Լարված և նյարդային և մի շարք հիմնախնդիրների առնչությամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանվել և նոր դրսևորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղություններով,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանի նոր մարտահրավերներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մանրամասնելով,- Պահպանվում է Ադրբեջան-Հայաստան, Ադրբեջան-Իրան լարվածությունը, ականատես ենք լինում արցախյան հիմնախնդրի շուրջ միջազգային դերակատարների ակտիվացման փորձերին, ինչն իր հերթին՝ նյարդայնացնում է թուրք-ադրբեջանական տանդեմին, Վրաստանի առաջարկած հարթակի միջոցով Արևմուտքի՝ որպես տարածաշրջանում ակտիվանալու այլընտրանքային ճանապարհի օգտագործմանը, քարոզչական, քաղաքական փոխհրաձգությունների, տարածաշրջանային որոշ դերակատարների կողմից զորավարժությունների միջոցով ուժի ցուցադրության տարբեր գործողությունների, Արցախում, Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների և այլն»:
Քանի որ ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր՝«3+3» բանաձևը՝ Ա. Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այն իրականություն կդառնա:
Ի պատասխան՝ փորձագետը նախ հիշեցրեց, որ այդ ձևաչափը հեղինակել է Թուրքիան՝ հետպատերազմական իրավիճակում տարածաշրջանում սեփական ազդեցությունը մեծացնելու, թուրք-ադրբեջանական միասնական օրակարգն առաջ մղելու, մրցակից դերակատարների կանխատեսվելիք ակտիվությունը զսպելու համար, ապա հավելեց.
«Այն իրենից ներկայացնում է ի սկզբանե տնտեսական հիմքով, բայց հեռանկարային առումով՝ նաև քաղաքական հավակնություններ ունեցող ձևաչափ, որը փորձելու է տարածաշրջանում եղած խնդիրները լուծել Այսրկովկասի երեք պետությունների և դրանց սահմանակից ևս երեք տարածաշրջանային տերությունների միջոցով: Բայցևայնպես, հաշվի առնելով այս տարածաշրջանում առկա բավականաչափ բարդ իրավիճակը, մրցակցությունը՝ ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ՝ արտատարածաշրջանային մի շարք դերակատարների միջև, հաշվի առնելով նույն ձևաչափին ներգրավվելիք վեց երկրների միջև ցայսօր չկարգավորված բազմաբնույթ հիմնախնդիրները, նաև՝ ձևաչափից դուրս մնացած մի շարք դերակատարների կողմից տարածաշրջան վերադառնալու փորձերն ու մի շարք այլ խնդիրներ՝ վստահաբար կարելի է պնդել, որ այն իր ձևավորման սկզբնական նպատակների տիրույթում հազիվ թե իրականանա»:
Մեր զրուցակիցն այս զարգացումների համատեքստում չբացառեց նաև ռազմական վերահսկելի լարվածությունը՝ կա՛մ որպես օբյեկտիվ գործընթացի հետևանք, կա՛մ՝ սադրանքների՝ հաշվի առնելով տարածաշրջանում ներկայություն ունեցող կողմնակի որոշ դերակատարների առկայությունն ու նպատակները:
«Խոսքը, մասնավորապես, ահաբեկչական խմբավորումների, և Իսրայելի մասին է, որոնք անընդհատ նպատակ են հետապնդում տարածաշրջանում բորբոքել կրքերը, լարել իրավիճակը, խնդիրներ հրահրել տարբեր խաղացողների միջև՝ այդկերպ իրականացնելով սեփական նպատակները. ամրապնդել սեփական դիրքերը: Օրինակ, Իսրայելի համար մշտապես օրակարգային խնդիր է Իրանի շուրջ խնդիրներ, լարվածություն հրահրելը»,- ասաց նա՝ այդուհանդերձ շեշտելով, որ տարածաշրջանում ներգրավված հիմնական դերակատարների կողմից փորձ է արվում առաջացող խնդիրները լուծել քաղաքական, դիվանագիտական հարթությունում՝ երրորդ ուժերի կողմից հաղթաթղթեր ստանալու հանգամանքը հնարավորինս բացառելու նպատակով:
Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ փորձագետը նկատեց. «Հայաստանի դիրքավորումը բավականաչափ բարդ է, քանի որ տարածաշրջանում ականատես ենք լինում բազմաշերտ գործընթացների, նոր ուժային բանաձևումների: Հայաստանի համար պետք է սկզբունքային լինի ձևավորված իրավիճակում նվազագույն կորուստներ կրելու և առավելագույն հաջողություններ արձանագրելու ձգտումն ու դրան համապատասխան դիրքավորումը: Այդ նպատակով պետք է փորձ արվի գտնել խաչվող, համադրվող շահեր, քաղաքական ուղեգծեր՝ ինչպես հարևան, այնպես էլ՝ արտատարածաշրջանային դերակատարների հետ հարաբերություններում, և այս մոտեցմամբ նաև վերադարձնել պատերազմի հետևանքով կորցրած և՛ քաղաքական, դիրքային, և՛ հնարավորության դեպքում՝ նաև տարածքային կորուստները»: