Ինչպես 1994 թվականին՝ հայերը, 2020թ. Ադրբեջանը հաղթեց մարտում, բայց ոչ պատերազմում. Արիֆ Յունուսով
«Պատերազմով վերադարձանք 1989-1991թթ. իրավիճակին, հակամարտությունը լուծված չէ»,- այս մասին այսօր Երևանում տեղի ունեցող միջազգային քաղաքագիտական գիտաժողովի շրջանակում տեսակապի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքներին կամ արդյունքներին ադրբեջանական կողմի համար:
Նա նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև այլ ոլորտների հետ կապված, Ադրբեջանում կար ընկալում, որ նավթի միջոցով կլուծեն նաև այդ հարցը: Նրա խոսքով, ֆորմալ առումով այս հարցում իրավիճակը նույնն է, ինչ Ադրբեջանի մյուս ոլորտներում, թվում է՝ կան հաջողություններ, սակայն դա միայն թվացյալ է: Յունուսովը նշեց, որ հսկայական գումարներ են ներդրվել ադրբեջանական բանակի վրա, օրինակ՝ 2009-2019 թթ. 26 միլիարդ դոլար հատկացվել է, մեծ հաշվով, սպառազինության գնումներին, արդյունքում՝ ֆորմալ հաղթանակ՝ վերադարձան 7 շրջանները, Շուշին:
«Դա ընկալվում է՝ որպես մեծ հաղթանակ և Իլհամ Ալիևի վաստակը բանակի կառուցման ռազմական ոլորտում և Ղարաբաղի վերադարձը: Դա ներկայացվում է այնպես, որ Ղարաբաղյան խնդիրը լուծված է: Եթե գործնականում դիտարկենք, ապա անցյալ տարվա 44-օրյա մարտերի հետևանքով մենք վերադարձանք 89-91թթ. իրավիճակին, երբ նախկին ԼՂԻՄ-ը չէր ենթարկվում Բաքվին, իսկ Շուշին և 7 շրջանները նրա իշխանության ներքո էին, կար նաև Մոսկվայի դերը Վոլսկու կոմիտետի տեսքով՝ սովետական հրամանատարության: Անալոգները գուցե այդքան էլ կոռեկտ չեն, այնուամենայնիվ ճիշտ են:
Ընդհանուր առմամբ մենք վերադարձանք այնտեղ: Իրավիճակը կրկնվեց՝ 1994 թվականին նման իրավիճակ ունեին հայերը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել էր, որ հայերը հաղթեցին մարտում և ոչ՝ պատերազմում: Այսօր նման իրավիճակում հայտնվել է Ադրբեջանը՝ հաղթանակը մարտում է, ոչ պատերազմում: Ղարաբաղը, նախկինի նման, Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, նշանակում է, որ նախկինի նման բանակցություններ են լինելու ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո՝ երկար, անարդյունք»,- ասաց Արիֆ Յունուսովը:
Նրա խոսքով, գլխավորը, որ այն, ինչ թույլ չէր տալիս Հեյդար Ալիևը, թույլ տվեց Իլհամ Ալիևը՝ սկզբում ադրբեջանական հասարակությունը դեմ էր Ռուսաստանին, ռուսական զորքերի ներկայությանը, և արեց ամեն ինչ, որպեսզի դուրս մղի երկրից:
«Հիմա Իլհամ Ալիևը թույլ տվեց ռուսական զորքերին՝ թող որ խաղաղապահների կարգավիճակով, թող որ հինգ տարով, բայց Վրաստանի օրինակով մենք տեսել ենք, որ խաղաղապահների կարգավիճակը կարող է հեշտութամբ փոխվել»,- ասաց Արիֆ Յունուսովը: