Թուրքական կապիտալի համար Հայաստան գնելը մի երկու մեծահարուստի բանկային հաշվին գումար փոխանցելու հարց է լինելու. կանխելու համար ազգային ռազմավարություն է պետք. Տիգրան Զարիկյան

Պետականության պահպանության առումով հայ ազգը հայտնվել է այն նույն իրավիճակում, որում էր ուղիղ 100 տարի առաջ. պատմությունը սպիրալաձև կրկնվելու բնավորություն ունի, և գործում են ներքին օրինաչափություններ, ինչին ականատես եղանք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի աշխատանքային խմբի անդամ, տնտեսագետ Տիգրան Զարիկյանը։

«100 տարի առաջ էլ կար կեղծ խաղաղասիրություն և սիլիբիլիներ Թուրքիայի հետ։ 100 տարի առաջ մենք ունեցանք Կարսի անկում, 2021 թվականին էլ ունեցանք Շուշիի անկում։ Մենք այս 30 տարիների ընթացքում չունեցանք ռազմական դոկտրին, ինչն էլ բերեց նման իրավիճակի, մինչդեռ, օրինակ, Իսրայելը, որը մեզ պես անվտանգային խնդիրներ ունի, ընդունեց ռազմական դոկտրին, որում նշված էր, որ հարևանների հետ խնդիրները չեն կրում միայն սահմանային բնույթ, և խնդիր է դրված ոչնչացնել Իսրայել պետությունը։ Հենց այս նախադասությունից բխեցին նրանց անվտանգության խնդիրների լուծումները, ինչը մեր դեպքում մենք չունեցանք»,- ասաց Զարիկյանը՝ շեշտելով որ Ադրբեջանի հետ հայ ժողովրդի վեճը զուտ տարածքային չէ, սա մեր լինելիության խնդիրն է, թեև, տարիներ շարունակ մտածել ենք, որ հնարավոր է՝ ինչ-որ բաներ իրար զիջելով ապրենք։

«Դրանք սին պատկերացումներ էին, սին են նաև այսօր խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները, առավելապես, այսպիսի կորուստներից հետո, խաղաղության դարաշրջանի մասին են խոսում, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, թե Երևանն իրենցն է»,- ասաց Զարիկյանը՝ այս վտանգին ավելացնելով նաև Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսությունը կլանելու սպառնալիքը։

«Այսօր տնտեսության զարգացման մասին են խոսում, բայց եթե մենք այդ շուկան լցնելու համար բան չենք արտադրում, այդ ծավալի ոչինչ չունենք արտահանելու, այդ ինչպե՞ս ենք անելու, չէ՞ որ գիտենք, թե Թուրքիան ինչպիսի տնտեսություն և արտադրական հզորություն ունի։ Փոխարենը՝ մենք չունենք աղբյուր, որով կարողանանք գերազանցել ներկրումը։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ թուրքական կապիտալի համար Հայաստան գնելը մեծ հաշվով ինչ խնդիր է լինելու, որ. ընդամենը մի երկու մեծահարուստի բանկային հաշվին գումար կփոխանցեն, ու վերջ։ Այնպես որ, պետք է Հայաստանի դեպքում խոսել գիտելիքահեն տնտեսությանը զարկ տալու և ոչ թե ապաշրջափակման մասին»,- ասաց Զարիկյանը։

Ըստ Զարիկյանի՝ հաշվի առնելով այս ու այլ վտանգները՝ անհրաժեշտ է դրանք կյանքի կոչելու համար ունենալ պետական ազգային ռազմավարություն, որի մշակման աշխատանքները մեկնարկել են։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս