«Եթե չեմ սխալվում, ականապատ տարածքների քարտեզների մասին է խոսքը, որտեղ դիրքեր է գրավում Ադրբեջանը, որոնք մեզ պետք չեն». Վահե Ղալումյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցնում է՝ ներկայիս իշխանությունը երբեք չի խոսել Հայաստանի տարածքների հանձնման մասին, այլ սահմանազատման ու սահմանագծման մասին է ասել։
Թե ի՞նչ գին է արժենալու սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի համար, Վահե Ղալումյանը չասաց՝ ընդգծելով, որ եթե այդ գործընթացը սկսված չէ, ապա գնի մասին չարժե խոսել։
«Գործընթացը հենց սկսվի, բոլորդ դրան հետևելու հնարավորություն կունենաք։ Պետք է աշխատել և փորձել հասնել առավելագույնին։ Դուք որևէ իշխանություն ճանաչո՞ւմ եք, որ նման տրամադրվածություն ունի, որ կորցնի ճանապարհներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղալումյանը։
Հարցին՝ եթե որևէ գործընթաց չկա, ապա ի՞նչ իրավունքով էր խոսում «անկլավների» մասին, Վահե Ղալումյանը պատասխանեց.«Ես անկլավների մասին չեմ խոսել, ավելորդ եմ համարում դրան ևս մեկ անգամ անդրադառնալ։ Ես անկլավ բառ չեմ օգտագործել»։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ՀՀ իշխանությունը ծնկաչոք չի կարող բանակցել, Վահե Ղալումյանը հակադարձեց, թե դա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, որն ինքը չի կիսում։
«Այո մենք պարտված ենք համարում՝ ինչպես իշխանությանը, այնպես էլ՝ ընդդիմությանը»,- շեշտեց ԱԺ ՔՊ խմբակցությանը անդամը։
Ինչ վերաբերում է նախկին իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի այն հայտարարությանը, թե ոչմիթիզականներ էին, իսկ այժմ դարձել են ծնկաչոք, Վահե Ղալումյանն ասաց, որ անհրաժեշտություն չի տեսնում Ջուլֆալակյանի ասածները մեկնաբանելու։
«Մեր գործընկերն է եղել, հենց դրա համար էլ այժմ մեր գործընկերը չէ։ Նա որտեղից է ահազանգում՝ Ամերիկայի՞ց, ասեք, թող հանգիստ իր գործերով զբաղվի»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը տանել բոլոր քարտեզները, եթե նա իր հետ բերի հայ բոլոր ռազմագերիներին, Վահե Ղալումյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, ականապատ տարածքների քարտեզների մասին է խոսքը, որ տարածքներն այս պահին գտնվում են Ադրբեջանում, որտեղ դիրքեր է գրավում, դրա թիկունքում, որոնք մեզ պետք չեն, և կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել և փոխարենը ստանալ բոլոր գերիներին։ Պետք է երաշխիք ունենալ, նոր միայն քարտեզները տալ։ Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չի տա։ Ես չգիտեմ՝ քանի գերի ունենք Ադրբեջանում»։