Հենց այդ սխալների պատճառով մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ. Ռոբերտ Քոչարյան

«Ազգային աղետ հայ ժողովրդի համար». այսպես բնորոշեց 44-օրյա պատերազմը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին: Երկրորդ նախագահի խոսքով՝ ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, բայց մեկ տարվա ընթացքում հանրությունը չի ստացել այդ հարցերի տրամաբանված կամ ողջամիտ պատասխանները: Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը՝ Երկրորդ նախագահն իր ներածական խոսքում 44-օրյա պատերազմին առնչվող մի քանի հարցի անդրադարձավ:

Առաջին հարցը վերաբերում էր, թե  պատերազմը անխուսափելի՞ էր, թե՞ ոչ, կամ այն  հրահրվել է միտումնավո՞ր, թե՞ քաղաքական միամտությամբ:

«Ընդհանրապես յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր կառավարություն մինչև պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն: Առաջին հերթին համադրում են իրենց զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի զինված ուժերի հետ, համադրում են, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը՝ արդյո՞ք ունակ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությանը: Հաջորդը՝ փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյո՞ք սա այն կառավարությունն է, որը կարող է կառավարել պատերազմը: Հաջորդ քայլը՝ փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը: Սա ուղղակի դասական վերլուծություն է: Առանց դրա որևէ բան, որևէ նման կարգի որոշումներ չեն կայացվում: Եվ երբ  այդ փաստերը իրենց համար բարենպաստ ձևով համընկնում են, որոշում է կայացվում պատերազմ սկսելու մասին: Սա այբուբեն է, պետական կառավարման այբուբեն:

Ի՞նչ էր կատարվում Հայաստանում: 2018թ. սկսած Հայաստանի կառավարությունը արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն, և, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու համար: Սա փաստ է: Շատ կարճ՝ այդ բաղադրիչներով փակուղի են մտցրել բանակցային գործընթացը՝ իրարամերժ հայտարարություններով՝ 3 տարում 3 տարբեր մոտեցում որդեգրելով, առաջացրել ենք Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ, ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից, վարկաբեկել ենք բանակը՝ տարբեր քրեական գործերով, բաժանել ենք հասարակությունը սևերի-սպիտակների և ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար, փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի հետ (հասկանալի է այս փաստը) և հասկանալի էր, որ ՀԱՊԿ-ը որպես միավոր՝ որևէ ակտիվ մասնակցություն այս ամեն ինչի մեջ չի ունենալու: Ադրբեջանը շատ ուշադիր հետևում էր այս ամենին, և իրենք գնահատեցին, որ ավելի բարենպաստ պայմաններ ուղղակի չեն ունենալու, և ռիսկերը՝ կապված պատերազմի արդյունքների հետ, իրենց համար նվազագույնն են:

Եվ հենց այդ սխալների պատճառով մենք հայտնվեցինք մեկուսացման մեջ, ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար: Տպավորությունն այնպիսին էր, որ մենք արտգործնախարարություն ընդհանրապես չունենք, թեկուզ մենք ունեինք և շարունակում ենք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց որպես կառույց՝ ուղղակի գոյություն չուներ:

Արվել է ամեն ինչ Թուրքիան ներգրավելու համար: Մեկ անգամ ասել եմ, կրկնեմ՝ այն թեզը, որ հնչեցվել է պաշտպանության նախարարի կողմից՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում, իր ռիսկերը նվազեցնելու համար ուղղակի Թուրքիայի գիրկը ընկնելն էր: Սա ևս փաստ է: Մեկ անգամ ասել եմ, ևս կրկնեմ՝ եթե Հայաստանի իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը, նույն հերթականությամբ՝ իրենց նպատակին հասնելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ներածական խոսքում Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև շրջանառվող այն  հարցադրմանը, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը գիտեր պատերազմի սկզբի մասին: Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանի գրեթե  բոլոր վերլուծաբաններն այդ ընթացքում ահազանգում էին, որ պատերազմի սկսվելու վտանգը չափազանց մեծ է, հիշեցրեց նաև Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների՝ իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարությունները, հետևաբար, ըստ Քոչարյանի, դժվար է ենթադրել, որ մեր կառավարությունը չգիտեր այդ մասին:

«Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին օրը, առաջին 2-3 օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ և՛ ռազմական տեխնիկայի, հակաօդային համակարգերի, և՛ հրետանու՝ մեր հնարավորությունների առումով: Ուղղակի բացատրություն այդտեղ ընդհանրապես չկա»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս