Նրանք կգան, կավերեն,- չի մնա էլ ոչինչ
Վերջին երեք տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կարող են որպես բացառիկ օրինակ՝ ընդգրկվել պետական ու հանրային դեգրադացիայի մասին պատմող աշխատություններում ու դասագրքերում։
«Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» հնչեղ անվանումը ստացած ու մինչև օրս անթիվ հարցադրումներ պարունակող իրադարձություններն ընդամենը երեք տարվա ընթացքում Հայաստանում հաստատեցին պողպատյա, բռնի ու ավտորիտար հակումներով իշխանություն։
Այդ կարճ ժամանակահատվածում իշխանության արժեքային ու բարոյական անկումն ուղղակի ռեկորդներ արձանագրեց․ տարիներ, տասնամյակներ շարունակ վիրավորանքով ու զրպարտությամբ կարիերա կերտած նախկին լրագրողը՝ արդեն երկրի ղեկավարի կարգավիճակում, հետապնդում է սոցիալական ցանցում իրեն վիրավորող քաղաքացուն։ Նրա ենթականերն ազատ ձայնագրիչ են փնտրում՝ անձի պաշտամունքով զբաղվելու համար, իսկ ենթականերից «ամենաուսյալը» հոգեկան ներդաշնակություն է գտնում միայն նրա լուսանկարում՝ այդ կարմայի մեջ մոռանալով, որ իր իկոնիկ առաջնորդն իշխանության է հասել նաև այլոց լուսանկարների դեմ կատաղի պայքարի արդյունքում։
Բայց քանի որ պաշտամունքը հաճելի է ոչ միայն պաշտողների, այլ նաև ու առաջին հերթին՝ պաշտվողի համար, նման մանրուքների վրա այլևս որևէ մեկն ուշադրություն չի դարձնում։ Ինչպես որ աննկատ են մնում լուսանկարում պատկերվածին ուղեկցող տասնյակ ավտոմեքենաներն ու հարյուրավոր թիկնապահները, որոնց քննադատությունը ևս կարևոր տեղ է զբաղեցրել պողպատյա անվտանգությամբ պահպանվող թավշյա առաջնորդի կենսագրությունում։
Արտաքին նման դրսևորումներ ունեցող իշխանության խորքային դեգրադացիան շարունակվում է ամեն օր ու ամենուր։ Իրականում դա լրջագույն մարտահրավեր է պետության ու հասարակության համար, որը լայն իմաստով երկընտրանքի առաջ է՝ կա՛մ կանխել իշխանության ու որպես դրա հետևանք՝ պետության խեղումը, կա՛մ դեգրադացվել իշխանության արժեքային ու բարոյական անկումների հանգույն։ Մինչև օրս տեղի ունեցող աղետալի իրադարձությունների նկատմամբ հանրային անտարբերությունը վկայում է, որ հասարակությունն ընտրել է երկրորդ՝ դեգրադացիային տուրք տալու տարբերակը և իր լուռ մասնակցությամբ ներդաշնակություն է հաղորդում իշխանության ու պետության ձևախեղման գործընթացին։
Անդառնալի թվացող այս ընթացքը կանխելու հնարավորություն ունեն կատարվողի ողբերգականությունը գիտակցող անհատները, քաղաքական գործիչները, մտավորականները, փորձագետները՝ էլիտաները, մի խոսքով։
Բայց այդ հնարավորությունը չափազանց տեսական է, քանի որ չնչին բացառություններով՝ ամենատարբեր էլիտաների ներկայացուցիչները ևս անմասն չեն համընդհանուր դեգրադացիայից, բացի այդ, խիստ խզված է այդ էլիտաների և հասարակության միջև հաղորդակցությունը, մարդկանց զգալի մասն ուղղակի չի ուզում լսել, քանի որ շատ ավելի հեշտ է ապրել համընդհանուր աղմուկի պայմաններում։
Այդ աղմուկը խլացնում է այն դդրդոցը, որը Հայաստանում արձանագրվում է ամեն օր հերթական՝ նախորդից ավելի ուժեղ անկման պատճառով։
Հարություն Ավետիսյան