Խաղաղության օրակարգը կեղծիք է. թշնամին մեզ անընդունելի պայմաններ է փորձում պարտադրել. Ավետիք Չալաբյան
Պատերազմի և խաղաղության հարցն այսուհետ մեր ձեռքերում չէ, որովհետև արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում այս տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը խախտվեց ոչ միայն ի վնաս մեզ, այլ նաև ի վնաս տարածաշրջանի այլ երկրների՝ դառնալով Հարավային Կովկասում անկայունության նոր փուլի պատճառ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Որպես ասվածի ապացույց՝ նա վկայակոչեց Իրանի սահմանին տեղի ունեցող զարգացումները։ «Իրանը զորք և զինտեխնիկա է մոտեցրել մեր կողմից Ադրբեջանին զիջված տարածքներին, որովհետև այդ տարածքները զիջողները չեն էլ մտածել, թե դա ի՞նչ հետևանք կունենա ոչ միայն մեր, այլ նաև ողջ տարածաշրջանի վրա, իսկ երբ բանավոր համաձայնությամբ՝ վախից, Հայաստանի տարածքները զիջվում էին Ադրբեջանին, դա բերեց նրան, որ Իրանից դեպի Սև ծով գնացող բոլոր ճանապարհները հայտնվեցին Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ, արդյունքում՝ Իրանն ապրիլյան 44-օրյա պատերազմի հետևանքով դարձավ պատանդ՝ Ադրբեջանի ձեռքում, հետևաբար, տարածաշրջանում պատերազմը կարող է սկսվել անկախ մեր կամքից, ուստի հայտարարված խաղաղության դարաշրջան ասվածը կեղծ է. դրա տակ դրված չէ որևէ հաշվարկ»,- ասաց նա։
Ա․ Չալաբյանի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղությունը պայմանավորված է լինելու տարածաշրջանում Թուրքիայի, իր դաշնակիցների, Իրանի և Ռուսաստանի ու նրանց դաշնակիցների ուժերի հարաբերակցություններից։ Ուստի, ըստ Չալաբյանի, այս համատեքստում պատերազմի չպատրաստվելով՝ խաղաղության մասին խոսելն անիմաստ է, որովհետև, եթե ավելի վաղ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում էին Սյունիքի միջանցքն իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին, ապա դրան չհասնելուց հետո հիմա այլ ճանապարհ են ուզում Հայաստանից, հետևապես, անընդհատ զիջելով՝ մենք խաղաղության չենք հասնելու։
«Ադրբեջանն ուրիշ հավակնություն ունի հիմա. ցանկանում են ճանապարհը տանել Սիսիանի շրջանի տարածքով, որը Հայաստանի ամենանեղ հատվածն է։ Նախկինում քննարկվում էր Մեղրին, բայց Մեղրիի տարբերակը, որքանով մենք ենք տեղյակ, այլևս չի քննարկվում։ Հիմա քննարկվում է Սիսիանից դեպի Լաչինի շրջան ճանապարհ տալու հարցը։ Ես կարծում եմ, որ դա կատաստրոֆիկ զարգացում կլինի, որովհետև եթե մենք Հայաստանի այդ ամենանեղ հատվածով Ադրբեջանին ճանապարհ տանք, որի վրա նրանք կունենան վերահսկողություն, դա կբերի նրան, որ Սյունիքը կկիսվի երկու մասի և այդ մասից հարավ ընկած ամբողջ հատվածը կհայաթափվի, որովհետև մարդիկ կհասկանան, որ ցանկացած պահի Ադրբեջանը Նախիջևանից Լաչինի տարածքից տանկերը կարող է տառացիորեն մեկ ժամում մտցնել և հասցնել Սիսիան։ Սիսիանով ճանապարհն ուզում է Ադրբեջանը, բայց ես չունեմ տեղեկություն, որ Հայաստանը դրան համաձայնել է»,- ասաց Չալաբյանը։
Ըստ նրա՝ որպեսզի Ադրբեջանը չկարողանա հասնել նրան, ինչին ձգտում է, Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի և ձեռք բերի, օրինակ, այնպիսի կրակային միջոցներ, որոնք հակառակորդի ունեցածին հակակշռում են՝ եթե ոչ քանակով, ապա՝ ճշգրտությամբ, իսկ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։
«Համարյա մեկ տարի պետությունը պարալիզացված վիճակում էր, սակայն հիմա Պաշտպանության նախարարության մակարդակով որոշակի արձագանք կա։ Մասնավոր հատվածում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք իրենց միջոցները դնում են հենց նման համակարգեր մշակելու մեջ. արդյունքների մասին կկարողանանք խոսել ավելի ուշ»,- ասաց Չալաբյանը՝ նշելով, որ պատերազմին պատրաստվելու այլընտրանք Հայաստանը չունի, քանի որ այլընտրանքը Հայաստանի վերացումն է։
«Պատերազմից մեկ տարի անց չկա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և, մեծ հավանականությամբ, չի էլ լինի, որովհետև Ադրբեջանն անընդհատ մեզ համար անընդունելի պայմաններ է դնելու։ Չկա Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում, ինչին մենք կարող ենք գնալ միայն Արցախի կարգավիճակի ճշգրտումից հետո։ Մենք չպետք է ունենանք Ադրբեջանի հետ սահմանագծում, մինչև Արցախի կարգավիճակի հարցը չհստակեցվի. կամ Արցախը դառնա ինքնուրույն միավոր, կամ միջազգային վերահսկողության տակ անցնի, կամ միանա Հայաստանին»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանը բավարար ուժ չունի, սակայն, նման օրակարգ թելադրելու, ուստի պետք է հասնել մի կետի, երբ ռազմական հավասարակշռությունը կվերականգնվի, ինչը թույլ կտա և՛ անկլավների, և՛ ճանապարհների, և՛ Արցախի խնդիրը լուծել հօգուտ մեզ, սակայն այս ամենը պահանջում է տարիների քրտնաջան աշխատանք՝ ֆինանսական և ոչ միայն, ռեսուրսների ներգրավմամբ։
«Ադրբեջանը, օրինակ, նախատեսում է իր ռազմական ծախսերն ավելացնել 2.7 միլիարդ դոլարով։ Իհարկե, ես կասկածում եմ, որ 2.7 միլիարդ կկարողանան նրանք ծախսել, բայց, այնուամենայնիվ, եթե այդ կարգի ծախսեր անեն, ապա մենք առնվազն 1 միլիարդ դոլարի պետք է ծախսենք՝ ռազմական կարիքների բավարարման համար, ու վերականգնենք մեր կորուստները։ Կա այստեղ մի լավ նորություն, որ մեր ռազմարդյունաբերությունն աստիճանաբար գալիս է այն կետին, որ մեր բանակը կարողանալու է ապահովել արդյունավետ սպառազինությամբ։ Եթե մինչև այս պատերազմը մենք չունեինք գոնե մեկ գրոհային միջոցներ, ապա հիմա մեր ռազմարդյունաբերությունը կարողանում է արտադրել ճշգրիտ խոցում ապահովող գրոհային միջոցներ, իսկ դրա արդյունքում կստացվի, որ, եթե Ադրբեջանը նմանատիպ միջոցներ է ձեռք բերելու Իսրայելից, Թուրքիայից, ապա մենք կարող ենք դա անել ներսում՝ մի քանի անգամ էժան՝ արդյունքում կկարողանանք ավելի արագ վերազինվել, քան Ադրբեջանը»,- ասաց Չալաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում