«Իրավական գործընթացը պետք է քաղաքականից առաջ ընկներ». Սիրանուշ Սահակյանը՝  Հաագայի դատարան Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատի մասին

Սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Այս լուրը մասնագիտական շրջանակները ոգևորությամբ ընդունեցին՝ նշելով, որ այն, իհարկե, ուշացած էր, բայց ամեն դեպքում՝ խիստ կարևոր:

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գանգատի ներկայացումն ինքը ժամանակավրեպ չի համարում, սակայն, իհարկե, դրա ազդեցությունն ուշացած է լինելու, և որոշ վտանգներ, որոնք հնարավոր էր կանխել ավելի վաղ ժամանակահատվածում ներկայացնելու պարագայում, այլևս հնարավոր չի լինի անել, բայց պահանջարկը, որ այս ատյանին ներկայացվեր դիմում, և իրավական առումով գնահատական տրվի այս բարձրագույն ատյանի կողմից հակահայկական քաղաքականությանը, ինքը կարևոր է համարում:

«Ադրբեջանցիների կողմից մշտապես էթնիկ հիմքով հայերի նկատմամբ խտրականություն եղել է, եղել է արմենաֆոբիա, բայց դրա իրավական արձագանքը չկա, և Ադրբեջանը դրա բացասական հետևանքները չի կրում: Այս առումով կարևոր է, որ այս քաղաքականությունը հաստատվի դատարանի կողմից, որ վրա հասնեն իրավական հետևանքները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, սակայն, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից այս գանգատը վստահ ուշացած է, և եթե այն ավելի վաղ փուլում ներկայացված լիներ, ուժի գործադրմանը միջազգային արձագանքն այլ կլիներ, և նույն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ ադրբեջանական հռետորաբանությունը բոլորովին ուրիշ կլիներ:

Անդրադառնալով այն տեսակետներին, որ միգուցե սխալ էր հարցը ՄԱԿ-ի տիրույթ մտցնելը, և, որ սա թուրք-ադրբեջանական ցանկալի սցենարն իրագործելուն օգնող քայլ էր, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ ինքը չի կիսում այդ մոտեցումները:

«Քաղաքական առումով հարցը տանել Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), այլ է, իսկ վեճի լուծումը դատական ատյանի կողմից բոլորովին այլ մեխանիզմ է, և այդ տեսանկյունից, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանն ավելի մեծ կապիտալ ունեն ՄԱԿ-ում՝ նաև կրոնական հիմքով պայմանավորված, և Մինսկի խմբի ձևաչափն ընդլայնել ու հարցի քաղաքական լուծումը ՄԱԿ տեղափոխելը ճիշտ չէ: Բայց այժմ խնդիրը ներկայացված է ՄԱԿ-ի դատարանին, որն անկախության և չեզոքության չափանիշներով օժտված դատական ատյան է: Իհարկե, հասկանալի է, որ այնտեղ ներգրավված դատավորները կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, բայց դրանց հնարավորություններն անհամեմատ ավելի փոքր են, քան ՄԱԿ-ի կառույցում քաղաքական որոշումներ կայացնելիս»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Հարցին՝ ո՞րն է այս գանգատն ուշացումով ներկայացնելու պատճառը, որովհետև շատ մասնագետներ ամիսներ ի վեր խոսում են դրա կարևորության մասին, միջազգային իրավունքի մասնագետն ասաց, որ պատերազմի ժամանակ արդեն այդ փաստաթղթերը պատրաստ են եղել, սակայն դրանք չեն ստորագրվել:

«Ավելի վաղ չեն դիմել, որովհետև քաղաքական իշխանությունները բանակցությունների փուլում են եղել ու մտածել են, որ դիմելու դեպքում գործընթացին կվնասեն: Իհարկե, ճիշտ կլիներ պատերազմի ընթացքում մեկ գանգատ շտապ ներկայացնել, որ հետևանք ունենար: Ինչ վերաբերում է բանակցությունների փուլում դիմելուն, չենք կարող բանակցությունների փուլում դատարան գնալ, որովհետև այդ դեպքում դատարանը կասի՝ պետությունը չի սպառել իրեն դիմելու բոլոր միջոցները: Դրա համար ձևական առումով հայկական կողմը պետք է բանակցություններ վարեր ադրբեջանցիների հետ, իսկ այդտեղ կարող էին ձգձգումներ լինել: Դատարան դիմելու պարտադիր նախապայման է վեճի արտադատական լուծումը, այսինքն՝ բանակցային գործընթացը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում չդիմելը, թերևս, պայմանավորված է եղել նրանով, որ հայկական կողմը մտավախություն է ունեցել, որ այդ քայլը կընկալվի՝ որպես քաղաքական պրոցեսի բոյկոտում, ինչը քաղաքական անդրադարձ կարող էր ունենալ տվյալ պահին ընթացող քաղաքական պրոցեսների վրա:

Ըստ նրա՝ քանի որ քաղաքական պրոցեսներն այս պահին այս կամ այն չափով եզրափակված են, ճնշումը քաղաքական իշխանությունների վրա ավելի մեղմ է:

Ինչ վերաբերում է գանգատի հեռանկարներին ու ադրբեջանական կողմից նույնանման գանգատ ներկայացնելու փաստին, Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանի գանգատը ոչ մի կերպ չի խանգարի մեր ներկայացրած գանգատի հետ կապված որոշմանը:

«Ես առավել քան վստահ եմ, որ հայկական կողմի փաստերը չափազանց շատ են, ու դրանք չեն կարող անպատասխան մնալ: Առավելագույնը, որ մենք կարող ենք ակնկալել, որ դատարանն արձանագրի՝ Ադրբեջանը հայերի նկատմամբ խախտում է կատարել, բայց հայերը նույնը չեն արել ադրբեջանցիների նկատմամբ: Եթե դատարանն ասաց, որ երկու կողմերն էլ չեն խախտել, սա վատագույն սցենարը կլինի, ինչի հնարավորությունները ես շատ փոքր եմ գնահատում: Իսկ եթե դատարանն արձանագրի երկու պետությունների կողմից իրականացված խտրականությունը, սա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի տեսանկյունից նշանակություն ունի, իհարկե: Որովհետև եթե երկու ազգային տարրերն էլ միմյանց ատում են, ինչպե՞ս կարող է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվել Ադրբեջանի կազմում: Չէ՞ որ միջազգային իրավունքն արգելում է խտրականության ենթարկվող տարրին ենթարկեցնել խտրականության ենթարկողին: Սա իրավական առումով արդեն անթույլատրելի է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը վստահ է՝ իրավական պրոցեսը պետք է կարողանա ազդել քաղաքական գործընթացի վրա:

«Որովհետև եթե լինի քաղաքական պրոցես, ու դրան հաջորդեն ճանաչումներ, վերականգնման միակ միջոցը լինելու է ապագայում այդ քաղաքականությունը վերացնելը, բայց արդեն կոնֆլիկտի վրա ազդեցություն դա չի ունենա»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս պնդում է՝ իրավական գործընթացը պետք է քաղաքականից առաջ ընկներ: «Որովհետև եթե քաղաքականը փակի հարցի թեման, ու մեր իշխանություններն էլ դա ընդունեն, իրավական առումով այդ վճիռն այլևս չի ազդելու կոնֆլիկտի վրա, և դրա միակ հետևանքը լինելու է այն, որ Ադրբեջանին ասելու են՝ վերացրու ապագայում հայերի նկատմամբ խտրականությունը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս