«Լեգիտիմությունը նման է նիզակի. նրա վրա կարող ես հենվել, բայց նստել չարժե». Ալեքսանդր Հարությունյան 

«Սահմանադրական բարեփոխումները հասկանալու և իրականացնելու համար մենք պետք է հասկանանք մեր 30-ամյա պետության սահմանադրական կենսագրությունը: 30 տարվա ընթացքում մեր քաղաքական մոդելը մոտ 4 անգամ փոխվել է: Առաջին հայացքից իրարից տարբեր այս 4 մոդելներն ունեցել են մեկ ընդհանրություն. նրանք բոլորը եղել են անձնակենտրոն: Սա իր արտացոլանքն է գտել նաև կուսակցական համակարգում: Առանց անուններ տալու՝ նշեմ, որ բոլորս կարող ենք մտաբերել կուսակցություններ, որոնց քաղաքական ղեկավարը եթե կուսակցությունից դուրս գա, այն քաղաքականությունից դուրս կմնա: Դրանք մեկ անձի ֆինանսական կամ քաղաքական կապիտալի շուրջ ձևավորված կուսակցություններ են: Սա հայելային արտացոլանքն է մեր հասարակության արժեքային ամակարգի, երբ դարեր ի վեր պետականություն չենք ունեցել, իսկ ինչ էլ ունեցել ենք, կորցրել ենք ժամանակի ընթացքում և անկախություն ստանալով՝ վերցրել ենք մեզ ժամանակային առումով ամենամոտ, հոգեհարազատ մոդելը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Ալեքսանդր Հարությունյանը՝ անդրադառնալով կրկին շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ խնդիրներին, մասնավորապես՝ կառավարման ձևի փոփոխությանը:

Ըստ սահմանադրագետի՝ Խորհրդային ավտորիտար, բրգանման մոդելը ներթափանցել է ՀՀ, ինչպես մի շարք այլ Խորհրդային պետություններ՝ նոր անվանումների ներքո:

«2018թ. տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լայն զանգվածներն անվանում են թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հեղափոխություն տեղի է ունենում, երբ սոցիալական պայմանագիրը, այսինքն՝ Սահմանադրությունը, կամ չի գործում, կամ գործում է մասամբ, կամ պարտադրված է բռնապետական ռեժիմի կողմից: Այս դեպքում հեղափոխական իշխանությունն առաջնահերթ պետք է արժեքային փոփոխություն անի, քանի որ լեգիտիմ իշխանությունն ունակ է ներդնել միավորող դրական արժեհամակարգ, որը կնպաստի առաջընթացին: Իսկ դրան զուգահեռ՝ պետք է անի սահմանադրական բարեփոխումներ, փոխեր «Կուսակցությունների մասին» և «Ընտրական» օրենսգրքերը»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով, սակայն, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն այս իշխանությունը տեսավ միայն այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը «խոչընդոտ» հանդիսացավ իր համար: «Կուսակցությունների մասին» օրենքին ընդհանրապես անդրադարձ չի եղել, իսկ Ընտրական օրենսգիրքը փոխվեց բավականին ուշացումով:

«Այսինքն՝ եթե սոցիալական պայմանագիրն այնքան լավն էր, որ փոփոխության կարիք չկար, ապա ի՞նչ կարիք կար հեղափոխության, և արդյո՞ք 2018 թվականին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե՞ անձափոխություն էր»,- հռետորական հարց է հնչեցնում Ալեքսանդր Հարությունյանը:

Սահմանադրագետը նշում է՝ ինքը կողմ է կառավարման խորհրդարանական մոդելին, քանի որ այնտեղ մեծ տեղ է հատկացված կոլեգիալության սկզբունքին, և անգամ վարչապետակենտրոն համակարգի շատ ուժեղ վարչապետն այնքան լիազորություններ չունի, ինչքան նախագահը՝ նախագահակենտրոն կառավարման դեպքում:

«Կառավարման բոլոր մոդելներն էլ կյանքի իրավունք ունեն, բայց դրանով չպետք է պայմանավորվի: Յուրաքանչյուր մոդել ունի իր զսպումների և հակակշիռների մեխանիզմը»,- ասաց փաստաբանը՝ որպես օպտիմալ տարբերակ նշելով, օրինակ, 3/5-ին մոտ, բայց չհատող կայուն մեծամասնության կոնցեպտը:

Ըստ նրա՝ մեր ներկայիս Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը լծակ չի տալիս ներազդելու, և այս առումով, եթե, օրինակ, սահմանվի պատգամավորների առավելագույն կամ հստակ թիվ, կամա թե ակամա կունենանք խորհրդարանական երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև:

Ալեքսանդր Հարությունյանը պնդում է՝ կան մարմիններ, որտեղ ժողովրդի վերահսկողությունը չի կարող առաջնային լինել, քանի որ ժողովրդի կամարտահայտությամբ ստեղծված դատարանները սովետական «տռոյկաներն» են:

«Կարելի է ենթադրել, որ սահմանադրական բարեփոխումներից առաջ կամ զուգահեռ իրականացվելու է դատարանների վեթինգ, բայց ոչ թե իրական վեթինգ, որի կարիքը մենք իրականում ունենք, այլ անցանկալի դատավորների փոխարինում ցանկալիներով»,- ասաց սահմանադրագետը:

Ալեքսանդր Հարությունյանը նշում է, որ ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելիս իշխանություններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ իրենք լեգիտիմ են, և իրենց բոլոր քայլերը հիմնավորում են հենց լեգիտիմությամբ:

«Բայց ես մի համեմատություն անեմ: Լեգիտիմությունը նման է նիզակի. վրան կարող ես հենվել, բայց նստել չարժե»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Սահմանադրագետը պնդում է՝ ոչ մի լեգիտիմություն որևէ իշխանության չի կարող իրավունք տալ ՀՀ տիտղոսային տարածքները կամայական հիմքով զիջել:

«Ինչո՞ւ չի խոսվում Արծվաշենի մասին, նախորդ դարի 30-ականներին ստեղծված և մի քանի տարի գործած Կարմիր Քուրդիստանի մասին: Եթե խոսվում է ԽՍՀՄ քարտեզների մասին, ինչո՞ւ չի խոսվում երկու կողմից: Սա անհասկանալի է»,- եզրափակեց Ալեքսանդր Հարությունյանը՝ հավելելով, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի տակ պետք է լինի ամուր փաստաթուղթ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս