
ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. ՏԿԵ նախարար

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կստեղծի Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կրկնապատկել (ըստ ծրագրի՝ արտահանումը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ-խմբ.)։
«Արդեն ավարտական փուլում են գտնվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Իրանն ու Հայաստանը շարունակում են աշխատանքն այս ծրագրի հաջող ավարտն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Խուդաթյանը։
ՏԿԵ նախարարը հիշեցրել է, որ հենց այս պահին էլ Հայաստանից դեպի Իրան է արտահանվում էլեկտրաէներգիա, և այդ գործընթացը շարունակական է գրեթե ամբողջ տարվա ընթացքում, իսկ նոր գծի կառուցումը կողմերին հնարավորություն կտա կրկնապատկել և հետագայում նաև ավելի մեծացնել արտահանման ծավալները։