
ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել Գազայի շուրջ Եգիպտոսի և Կատարի ներկայացրած առաջարկին

ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ Եգիպտոսի և Կատարի առաջարկին շատ դրական է եղել: Այս մասին օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
Al Arabiya-ի փոխանցմամբ՝ ալ-Անսարին նշել է, որ ՀԱՄԱՍ շարժման վերջին արձագանքը մեծապես համապատասխանում է այն ամենին, ինչին Իսրայելը նախկինում համաձայնել էր:
Նա նաև նշել է, որ սպասում են Իսրայելի պատասխանին ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի առաջարկի հաստատման վերաբերյալ։
Խոսնակը հավելել է, որ տեղեկությունների համաձայն՝ Իսրայելն այժմ ուսումնասիրում է հարցը։ Նա արագ և դրական արձագանքի հույս է հայտնել։
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ առաջարկը համապատասխանում է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ներկայացրած առաջարկին։
Ալ-Անսարին հայտնել է, որ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին օգոստոսի 18-ին ալ-Ալամեյնում մասնակցել է Գազայում հրադադարի վերաբերյալ բանակցություններին։
Ավելի վաղ Կատարը և Եգիպտոսը Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ին նոր առաջարկ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները։
Եգիպտոսը Կատարի հետ համակարգված ձգտում է վերադառնալ 60-օրյա ժամանակավոր հրադադարի համաձայնագրին, որի ընթացքում ազատ արձակվեն 10 իսրայելցի պատանդներ և կփոխանցվեն աճյուններ: Այնուհետև անհապաղ բանակցություններ կանցկացվեն ավելի համապարփակ համաձայնագրի շուրջ: