Այս իշխանությունները հասել են իրենց բոլոր նպատակներին, բացառությամբ մեկի․ Լարիսա Ալավերդյան
Կապան-Գորիս ճանապարհի նորահայտ ադրբեջանական ոստիկանների վերջին սադրիչ գործողությունները չեն սահմանափակվում միայն իրանական բեռնատարների համար արգելքներ ստեղծելով. Վերջին օրերին շատերին ցնցեց տեսանյութը, երբ զինված ադրբեջանցին կանգնեցնում է Արցախ վերադարձող երեխաների ավտոբուսը, ավտոբուսի վրայից դանակով քերում Արցախի դրոշը և ինքնագոհ ասում, որ Արցախն Ադրբեջան է:
Այս իրավիճակի շուրջ իշխանությունների արձագանքը խիստ տարբերվում է հասարակական ու քաղաքական ոչ իշխանական շրջանակներում հնչող գնահատականներից:
Եթե Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ տարածքը, որտեղ հայտնվել են ադրբեջանական ոստիկանական կետերը, գտնվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքից դուրս՝ վկայակոչելով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, ապա մասնագիտական շրջանակները հիշեցնում են՝ վարչատարածքային սահմանն ու պետական սահմանը չի կարելի նույնացնել, և, որ Ադրբեջանն իրեն չի համարում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ:
Եթե Ալեն Սիմոնյանի համար երեխաներին «ահաբեկելը» միտված է մարդկանց նյարդայնացնելուն, մարդկանց հույզերի վրա ազդելուն, ապա իրավապաշտպաններն ահազանգում են՝ խնդիրը պետք է դիտարկել իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրների համատեքստում:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրողություններին, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց՝ սա Ադրբեջանի կողմից հետևողական քաղաքականության իրականացումն է:
«Ադրբեջանն իրականացնում է ակնհայտ ծավալապաշտական քաղաքականություն՝ պարբերաբար հայտարարելով, որ ՀՀ տարբեր տարածքները պատկանում են ադրբեջանցիներին, քանի որ իրենց պապերն այնտեղ են ապրել: Այսպիսով, մենք շատ պարզ տեսնում ենք թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերը,- ասաց նա՝ արձանագրելով, որ ՀՀ իշխանությունները ևս լծվել են այդ ծրագրի իրականացմանը,- Համաձայն չեմ բոլոր այն փորձագետների հետ, որոնք այս իշխանությունները կոչում են «ապիկար», «անգրագետ», իրականում՝ հակառակն է. նրանք գիտեն՝ ինչ են անում, և ցայսօր բոլոր այն նպատակները, որոնք բերել են՝ բացառությամբ մեկի, բոլորին հասել են: Այն, որին չեն հասել՝ ամբողջովին և միանգամից Արցախը Ադրբեջանին հանձնելն է. դա չի համապատասխանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, այդ պատճառով այդ ծրագիրը կիսատ մնաց»:
Խոսելով հետպատերազմյան սահմանային ճշգրտումների մասին, Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ անհասկանալի է հղումն ինչ-ինչ պայմանավորվածություններին, եթե կա միջազգային պայմանագրի ուժ ունեցող եռակողմ պայմանագիրը. «Սա ի՞նչ է՝ գողական զրո՞ւյց է, ի՞նչ է. Միջազգային հարաբերություններում գոյություն ունեն վաղուց հաստատված ձևեր: Միայն պետք է պահանջել վերադառնալ այն վիճակին, որը եղել է նոյեմբերի 9-ին:
Դատապարտված և քննադատված եռակողմ հայտարարության մեջ շատ պարզ գրված է, որ հայկական և ադրբեջանական բոլոր ուժերը պետք է մնային այնտեղ, որտեղ իրենք էին նոյեմբերի 9-ին: Եթե չեն իրականացնում անժամկետ զինադադարի մասին 1994 թ. պայմանագիրը, ապա գոնե պետք է իրականացվի ժամանակային առումով վերջին եռակողմ հայտարարությունը, որը միջազգային պայմանագրի ուժ ունի»:
Հիշեցնենք՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ»:
«Եթե ընտրազանգվածը, որը ընտրել է այս իշխանություններին, համաձայն են այսպիսի քաղաքականության հետ, նրանք բոլորն առնվազն այնպիսի գործողությունների հետ են համաձայնում, որոնք իրենց մեջ պարունակում են ազգային անվտանգության և սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների բոլոր հատկանիշները:
Եվ վերջապես պետք է հստակեցնենք, որ որևէ պողպատե, երկաթե կամ անգամ ոսկյա մանդատ թույլ չի տալիս գործել ազգային անվտանգության դեմ»,- եզրափակեց իրավապաշտպանը: