«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ մինչև ամենահասարակ պաշտոնյան, զբաղված են լրագրողներին թիրախավորելով». Անի Գևորգյան
ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը շարունակում է սահմանափակ մնալ: Չնայած լրագրողական տարբեր կազմակերպությունների, Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարություններին, լրագրողական համայնքի հանդիպում-քննարկումներին, իշխանություններին ուղղված կոչերին՝ լրագրողների աշխատանքն ԱԺ-ում ավելի համակարգված չի դարձել, ինչպես պնդում էր Ալեն Սիմոնյանը:
Tert.am կայքի և «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանի կարծիքով՝ այդ ամենից հանրային շահն է տուժում:
«Վերջերս ինձ հետ պատահած մեկ օրինակ բերեմ՝ ես մոտեցա ՔՊ խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, նրա անունը աղմկահարույց միջադեպի հետ է կապվում, ավելին՝ սպաներ են նրա անունը տվել՝ հայտնի միջադեպի հետ կապված, որի հետևանքով փոխգնդապետը, արդեն մոտ 2 տարի է, գտնվում է կոմայի մեջ: Երբ ես նրան հարցեր էի ուղղում, նա համառորեն չէր ցանկանում պատասխանել, բայց ես հիշեցնում էի, որ տևական ժամանակ է՝ նա չի պատասխանում, այնինչ վերջերս նաև դատական նիստ էր տեղի ունեցել՝ վկաների հարցաքննության փուլն էր, որի ընթացքում նաև ինքն էր դատարանում հարցաքննվել և հերքել էր իր մասնակցությունը: Ուզում էի իմանալ՝ ինչպես է ստացվում, որ 4 սպա իր անունն են տվել, կարծում է, որ այդ սպաները ստե՞լ են: Հարցերն ուղղելու ժամանակ, երբ հասանք այն կետին, որտեղ անվտանգության աշխատակիցներն են կանգնում և թույլ չեն տալիս անցնել այն միջանցքները, որտեղ պատգամավորների սենյակներն են, ինձ կանգնեցրին, և պատասխաններ ստանալու իմ ջանքերը զուր անցան: Հանրությանը հետաքրքրում է՝ ի վերջո, ի՞նչ է կատարվել, նաև բարոյական կողմը կա՝ տվյալ պատգամավորն այս ընթացքում, ինչպես փոխգնդապետի հայրն ասաց, ո՛չ փորձել է հարազատների հետ կապ հաստատել, ո՛չ փորձել է փոխգնդապետին այցելել: Նա հիմնավորում է, որ այս ընթացքում իրեն վիրավորել են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանափակումները, առաջին հերթին, հանրության դեմ են:
«Հանրության տեղեկացված լինելու իրավունքի դեմ են, որովհետև մենք խոսում ենք պարբերաբար հարցազրույցների մասին, բայց խորհրդարան լուսաբանել՝ չի նշանակում՝ միայն հարցազրույց անցկացնել այս կամ այն խմբակցության պատգամավորի հետ: Խորհրդարանական միջավայրը լուսաբանելը ևս կարևոր է, թե այս կամ այն անձն իրեն ինչպես է պահում այս կամ այն պատգամավորի հետ շփումներում: Ինչպես են ընդդիմադիրները և իշխանության ներկայացուցիչները տեսախցիկներից, ուղիղ եթերներից այն կողմ միմյանց հետ շփվում: Լինում են նաև քննարկումներ, որոնց մասին տեղեկանում ենք միայն այն ժամանակ, երբ խորհրդարանում ենք, օրինակ՝ պարզվում է, որ այս կամ այն հարցը պետք է գաղտնի քվեարկեն, այս կամ այն հարցով պետք է շտապ նիստ հրավիրեն, և երբ դու այնտեղ ես, կարողանում ես անմիջապես տեղեկատվություն ստանալ և այն փոխանցել հանրությանը: Եվ հետո, աշխատասենյակի դռները թակելուց ինչո՞ւ են նեղվում, մենք իրենց տան դռները, չէ՞, չենք թակում, մենք իրենց աշխատասենյակի դուռն ենք թակում: Ավանդույթի ուժով լրագրողները տարբեր տարիներին այդ գործողությունը իրականացրել են, այդ թվում՝ նաև այն լրագրողները, ովքեր այսօր պատգամավոր են և նախագծեր են բերում լրագրողների դեմ»:
Անի Գևորգյանը հիշեցնում է՝ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ակնհայտ լրագրողների դեմ էր խոսում. «Նա ասում էր՝ որոշ լրագրողներ նման են քիլլերի: Ընտրություններից հետո նախարարը ահաբեկիչներ անվանեց լրագրողներին, հետո պատգամավորը ահաբեկիչների հետ համեմատեց: Սա մի գիծ է՝ ուղղորդված անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից, և դրա համար ջանասիրաբար փորձում են կատարել, չնայած նրան, որ ոտնահարում են և՛ մեր իրավունքները, և՛ նաև պատգամավորների իրավունքները: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ մինչև ամենահասարակ պաշտոնյան, զբաղված են լրագրողներին թիրախավորելով, լրագրողների աշխատանքը որակազրկելով, լրագրողներին քաղաքական գործիչ անվանելով: Գիտե՞ք՝ ինչու են ասում՝ քաղաքական գործիչ. երբ իրենք վիճահարույց պնդումներ են կատարում, մենք լրացուցիչ հարցեր ենք տալիս՝ ինչո՚՞ւ եք, օրինակ, ադրբեջանական տեղանուններ օգտագործում, հետագայում այդ ամենը մեր դեմ դուրս չի՞ գալու, այսպիսի հարցադրումներ ենք անում, ինչի իրավունքը մենք ունենք, որովհետև այստեղ հանրային շահն է, այստեղ նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շահն է: Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում սահմանին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում