«Եկեք թարգենք էս բժշկական ֆաշիզմը». Աշոտ Բարսեղյան
«Ոչ մի գործատու, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 132 հոդվածի, իրավունք չունի թեստի կամ պատվաստման դեպքում աշխատակցին ազատել աշխատանքից»,- «Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հրամանին:
Համաձայն այդ հրամանի՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:
Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է վճարի սեփական գրպանից: Բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որում կնշվի աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկություններ: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում էլ տուժելու է նաև գործատուն՝ տուգանք վճարելով:
«Նախարարի հրամանը չի կարող խախտել վերադաս օրենքներ կամ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների դիրքերը: Ցանկացած մանիպուլյացիա մարդու օրգանիզմի հետ, համաձայն Նյուրնբերգյան կոնվենցիայի, կատարվում է մարդու համաձայնությամբ: Չի կարելի միջամտել կամ մարդուն արգելել աշխատել այդ հիմնավորումներով»,- ասաց Բարսեղյանը:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ ղեկավարի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն արդյունարար աշխատանք կատարելու փոխարեն՝ անում է անտրամաբանական, ոչ հիմնավորված քայլեր՝ որդեգրելով պատժամիջոցներ կիրառելու ուղին:
«Անցած տարի միլիարդավոր դրամներ վատնվել են կոնտակտավորներին չեզոքացնելու համար, իսկ հիմա պարտադրում են մարդկանց ամսական 30.000 տալ թեստին: Կրկնում եմ, անցած տարի Առողջապահության նախարարությունն այնքան վատ է կատարել իր տնային աշխատանքը և այնքան վատ է դիմակայել այս արհավիրքին, որ միլիարդավոր դրամներ ծախսվել են հյուրանոցներում կացարան ապահովելու համար՝ պարզապես կոնտակտավոր մարդկանց համար: Ես հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ստացել է կես միլիոն դոլար, որպեսզի իր իսկ թեստը մշակի: Մենք չտեսանք այդ թեստը: Էֆեկտիվ աշխատանք կատարելու փոխարեն՝ արդեն որերորդ տարին է՝ Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս անտրամաբանական, ոչ հիմնավորված քայլերով… Այս հապճեպ կարված և հապճեպ արված օրինագիծը պարզապես հազարավոր բողոքարկումներ է ստանալու և՛ գործատուների, և՛ աշխատակիցների կողմից…
Չի կարելի 60, 65 տարեկան կանանց, որոնք մեր բնագավառում տասնյակ հազարավոր աշխատատեղեր են զբաղեցնում, հիմնականում ունեն առողջական խնդիրներ, պարտադրել իրենց ստացած 60-70 հազար աշխատավարձից 30.000-ը ծախսել թեստի վրա առողջապահության նախարարի կամ արդարադատության նախարարի կամ ՀՀ որևէ կառույցի քմահաճույքով: Սա անթույլատրելի է:
Եկեք թարգենք էս իրավական ֆաշիզմը և բժշկական ֆաշիզմը, գանք իրավական դաշտ: Եվ պետք է Առողջապահության նախարարությունն ընդունի, որ ժամանակավրեպ և իրավաբանորեն շատ խոցելի օրինագիծ է բերում»,- նշեց Բարսեղյանը:
Քննարկմանը ներկա Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն էլ որպես արձագանք նշեց, թե նախարարության հրամանի հիմքում, ի թիվս այլնի, ՀՀ Սահմանադրությունն է, որն ասում է, թե պետք է պահպանել բնակչության առողջությունը:
Իսկ ինչ վերաբերում է թեստերին, նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ դրանք օգտագործվել են, «նորմալ թեստեր են եղել և իրենց արդյունքը տվել են: Եթե Դուք չեք տեսել, դա չի նշանակում, որ այդ թեստերը գորություն չեն ունեցել»: