Լեհաստանում տեղի ունեցած խորհրդաժողովին մասնակցելու համար միայն Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունն է պետական բյուջեի հաշվին մեկնել. մյուս երկրների ներկայացուցիչները մասնացել են առցանց
Այն, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) վաղուց վեր է ածվել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի բնորոշած «բուտկայի», երևում է նաև ՍԴ որոշումների որակից։ «Բուտկայի» կառավարմանը բնորոշ բարքեր ու կարգեր են նաև ՍԴ կառավարման ու գործունեության ողջ համակարգում. սահմանված ժամկետի վերջին օրը գործի քննության վարույթը կարճելը, որևէ դիմում սահմանված ժամկետում՝ առանց ժամկետի երկարաձգման քննելու անկարողությունը առօրյա երևույթներ են դարձել։
Օրերս ականատեսը եղանք հերթական զավեշտին։ Երեկ տարածած ՍԴ մամուլի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձին նվիրված՝ «Սահմանադրական ինքնություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին։ ՍԴ նախագահի ու որոշ դատավորների սիրտը գործուղում է ուզել. առաջին իսկ պատահած հրավերին արձագանքել են ու համաձայնվել մեկնել մի մեծ շքախմբով՝ ՍԴ նախագահ, երկու դատավոր, ՍԴ նախագահի օգնական։ Այս չորսից միայն ՍԴ նախագահն է 10 րոպեանոց ելույթ ունեցել, մնացածը՝ ուղեկցել են։
Բայց զավեշտը սա չէ։ Պարզվում է, որ նշված միջազգային խորհրդաժողովվ անց է կացվել առցանց եղանակով, այլ կերպ ասած՝ նշված խորհրդաժողովին բոլոր հրավիրյալ երկրները մասնակցել են առցանց՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակության։
Ի՞նչ է ստացվում. պետական բյուջեից մի քանի միլիոն են ծախսել ՍԴ նախագահի ու նրա շքախմբի տուրիստական այցելությունը ֆինասավորելու համար, այն դեպքում, երբ շատ ավելի հարուստ երկրներ որոշել են այդ միջոցառմանը մասնակցել առցանց և ընդհանրապես որևէ լումա չծախսել։
Դե ինչ, մնում է եզրահանգել միայն, որ շատ «ծանր» աշխատանքից հետո ՍԴ դատավորների սիրտը գործուղում է ուզել։
Ուշագրավ է նկատել, որ Լեհաստանի ՍԴ բռնազավթման գործընթացը շատ նման է հայկական սցենարին, որը ՄԻԵԴ կողմից ճանաչվել է ՄԻԵԴ կանոններին հակասող: