«Սահմանադրական բարեփոխումներն արհեստական օրակարգ է… Իսկ առողջապահության նախարարի հետ կհանդիպենք դատարանում». Արթուր Հովհաննիսյան
«Այն կազմը, որը ներկա էր այդ քննարկմանը, հույս էր տալիս, որ, այո, կլինի նաև կառուցողական քննարկում, և հենց այդ հույսով էլ գնացել էինք, որ մեր ասելիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղ հասցնենք: Քննարկում ստացվեց: Համենայն դեպս, այն առաջնային հարցադրումները, որոնք կային սահմանադրական ապագա բարեփոխումների շրջանակներում, քննարկվեցին, և բոլորը հնարավորություն ունեցան այդ կետերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնած քննարկմանը սահմանադրական բարեփոխումների թեմայով:
Վերջինս նշեց՝ Արամ Օրբելյանի հետ միասին ներկայացնում էին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը, և իրենց խորին համոզմունքն այն էր, որ այս փուլում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, ինչի մասին և խոսել են քննարկման ընթացքում:
«Դա արհեստական օրակարգ է… Ինչո՞ւ… Նախ քննարկվել է կառավարման ձևը՝ անհրաժե՞շտ է կառավարման պառլամենտական ձևը պահպանել, թե՞ անցնել նախագահականի կամ կիսանախագահականի: Այս առումով մեր դիրքորոշումը հետևյալն է: Մենք հասել ենք ժողովրդավարական կառավարման մի լավ փուլի, և անընդհատ երկիրը սթրեսների ենթարկելը, մի քանի տարին մեկ կառավարման համակարգ փոխելը ոչ մի լավ բանի չի բերելու: Դա թուլացնում է երկիրը, ռիսկի է ենթարկում ներդրումները, և արհեստականորեն բյուջեի ծախսեր ենք ունենում»,- ասաց արդարադատության նախկին փոխնախարարը:
Ըստ նրա՝ հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ մեր Սահմանադրութամբ նախատեսված երաշխիքների և իշխանության տարանջատման ու հավասարակշռության սկզբունքների պահպանման:
«Համակարգը լավն է, այլ հարց է, թե այսօր, օրինակ, Ազգային ժողովի (ԱԺ) մեծամասնություն կազմող, այդ իշխանական ուժը ներկայացնող պատգամավորները կցուցաբերե՞ն կամային այն հատկանիշները, որոնցով ԱԺ-ն կիրականացնի արդյունավետ վերահսկողություն, ակտիվորեն կքննադատի գործադիրի նախաձեռնությունները, հանրային շահերին միտված նախաձեռնություններ կներկայացնեն, վերջիվերջո կհակադրվեն գործադիրի նախաձեռնություններին, որոնց գերակշիռ մասն ուղղված է իշխանության ամրապնդմանը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ կարևորը ոչ թե օրենքում կամ Սահմանադրությունում ինչ-որ բան փոխելն է, այլ եղած լավը զարգացնելը:
«Կունենանք պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական երկիր, եթե նույն գործադիրը, օրինակ, չեն կատարելու դատական ակտերը, ուրեմն իշխանության բաժանման և հավասարակշռության սկզբունքը, ինչ ձև էլ դնենք, չի աշխատելու»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ բերելով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի դեպքի օրինակը:
Խոսելով կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքից՝ փաստաբանն ասաց, որ, բնականաբար, այսօր գործադիրի համար ձեռնտու է համայնքները միացնել, որովհետև արդյունքում կունենան նաև նոր ընտրությունները, և ավելի քիչ թվով համայնքապետեր ունենալով՝ ավելի հեշտ իրենց ազդեցությունը կունենան տեղական ինքնակառավարման վրա:
«Համայնքների խոշորացման հարց կար նաև 2020թ.: Զուգահեռաբար գործադիրն ընդունում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություն: Գաղափարն այն էր, որ եթե համայնքի խոշորացման հարց էր բարձրացվում, և, բնականաբար, համայնքն էլ նման հարցերով կարող էր կազմակերպել հանրաքվե, համայնքի ղեկավարին ու ավագանուն զրկում են այդ իրավունքից և հանրաքվե կազմակերպելու լիազորությունը թողնում քաղաքացիական նախաձեռնություններին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ արդյունքում ստացվում էր, որ Սահմանադրությամբ նախատեսված է՝ համայնքների խոշորացման հետ կապված հարցերով՝ ԱԺ-ն պիտի լսեր համայնքի կարծիքը, որն ուղղակիորեն ներկայացնում էր համայնքի ղեկավարը, բայց նրան փաստորեն զրկում են հանրաքվե կազմակերպելու և համայնքի կարծիքն իմանալու իրավունքից:
«Սա մենք վիճարկեցինք Սահմանադրական դատարանում, այն հակասահմանադրական ճանաչեց օրենքը: Հիմա ունենք ՍԴ որոշում, ու փոխանակ ԱԺ-ն կատարի ՍԴ որոշումը, փոփոխություններով հանդես գա հակասահմանադրական ճանաչված դրույթներում, անգործություն է ցուցաբերում: Գործադիրն էլ ոչինչ չի անում, բայց համայնքների խոշորացման հարց է նորից բարձրացվում»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իրավական ակտին, ըստ որի՝ աշխատող անձինք կամ պետք է պատվաստվեն, կամ ամիսը 2 անգամ իրենց հաշվին ՊՇՌ թեստ անեն, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքացին, իհարկե, պարտավոր է իր լուման ունենալ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, բայց դրանք պետք է լինեն արդարացված, և եթե քաղաքացու վրա պարտականություններ ենք դնում, դա պետք է լինի համաչափ ու արդարացված ու քաղաքացու համար ֆինանսական մեծ կորուստներ չպետք է առաջացնի:
«Սա շատ «հետաքրքիր» հրաման է: Ես չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացել, որովհետև ինքս փաստաբան եմ և գիտեմ, որ շուտով շատ գործեր ենք ունենալու: Ես հիմա չեմ ուզում գաղտնիքները բացահայտել, որ դյուրինացնեմ իրենց պայքարը դատարաններում: Կհանդիպենք դատարանում. շատ մեծ անակնկալներ են սպասվում»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում