«Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական կողմից, նպատակ ունի արժեզրկելու խաղաղության օրակարգը». Էդուարդ Աղաջանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ որևէ դիրքորոշում կամ մեկնաբանություն չունի այն հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր տարածած հաղորդագրության մեջ օգտագործել ադրբեջանական անվանում և այդպես կոչել Սյունիքի մարզի Որոտանի հատվածը, որտեղ թշնամին ոստիկանական անցակետ է դրել:
Ըստ էդուարդ Աղաջանյանի, այդ հարցին բազմիցս անդրադարձել է և չի պատրաստվում ևս մեկ անգամ անդրադառնալ:
«Ես արդեն բացատրել եմ և իմ դիրքորոշումն այդ մասին հայտնել եմ, կարծում եմ՝ այդ ամենը դեմարկացիայի և դելիմիտացիայի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այդ տեղանուններն այն ժամանակ, երբ մեր վերահսկողության տակ էին, ունեին նույն անունները, մասնավորապես՝ Չայզամին, օրինակի համար: Ես հենց նոր հանդիպումից եմ դուրս գալիս՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հարավային Կովկասում, բոլոր այս հարցերի շրջանակն ամենայն մանրամասնությամբ քննարկվել է մեր գործընկերների հետ, մեր դիրքորոշումն ամբողջությամբ հայտնվել է նրանց: Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատև խաղաղության գործընթացի սկիզբ կամ մաս կազմելուն, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում և էսկալացնում իրավիճակը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ նրա, ռուս սահմանապահները ստանձնել են Որոտանի այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթը, և ռուս սահմանապահների միջոցով էլ օգոստոսի 27-ին բացվել է Որոտանի ճանապարհը:
Հարցին՝ ճանապարհը բացվել է այդ անցակետը տեղադրելու պայմանով, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ նման պայմանավորվածություն չի եղել:
«Կրկնում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական կողմից, դա ընդամենը նպատակ ունի արժեզրկելու խաղաղության օրակարգը՝ առաջին հերթին ներհայկական իրականության մեջ, և առհասարակ, ընդհանրապես՝ դրա հետ կապված որևէ գործընթաց»,- ընդգծեց նա:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ ՀՀ ռազմական գերատեսչությունն ամենժամյա ռեժիմով կատարելագործվում է և վերակազմակերպվում է պատերազմից հետո և մշտապես իր գործառույթներն իրականացնում և իրականացնելու է համապատասխան պահի առկայության պարագայում:
«ՔՊ-ն, որպես նախընտրական կարևորագույն խոստում, հանդես է եկել խաղաղության օրակարգի կարևորությամբ, և որպես նախընտրական քարոզարշավի անկյունաքարային կետ սահմանել է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու սկիզբ: Մենք գնում ենք այդ ճանապարհով և պատրաստվում ենք չտրվել սադրանքներին, որովհետև մենք գնահատում ենք այդ գործողությունները սադրանք, դրանք կարող են ուղեկցվել զոհերով, այլ տհաճ ու անցանկալի երևույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով մեր քաղաքական ուժը պետք է տանի այս գործընթացը, առաջին հերթին՝ հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- նշեց պատգամավորը: