Դրական ուղե՞րձ, թե՞ պայման․ Թուրքիան բացահայտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր՝ գլխավոր պայմանը
Փաշինյան-Էրդողան ուղերձների փոխանակումից, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի կողմից պայմանների հստակեցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գլխավոր պայմանը: Փաստորեն ակնհայտ է դառնում, որ այն, ինչ իրականում պայման է, ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես դրական ուղերձ` հասարակությանը փորձելով նախապատրաստել հնարավոր գործընթացների հայ-թուրքական հարաբերություններում:
Այս անգամ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն է խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ ասելով, որ Թուրքիան ունի թե՛ ռազմական/կոշտ և թե՛ փափուկ ուժ, որոնք անհրաժեշտ է ճիշտ համադրել և հասկանալ, թե երբ է պետք օգտագործել կոշտ ուժը, կամ ինչպես է պետք կիրառել փափուկ ուժը։ Նրա խոսքով, կոշտ ուժը պիտի կիրառել, երբ դիվանագիտությունը սպառում է իրեն, կոշտ ուժը կիրառվում է դիվանագիտական գործընթացը վերականգնելու համար։ Թուրք նախարարը որպես օրինակ՝ նշել է իրենց զինուժի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, ապա ասել, որ Ադրբեջանն էլ նույն բանը արեց Կովկասում։
«30 տարի սպասեց, դիվանագիտությունը չաշխատեց։ Մինսկի եռյակը, կամ էլ ավելի մեծ կառույցը՝ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք, չգործեց։ Ի՞նչ եղավ։ Այն եղավ, որ կարճ ժամանակում՝ 43 օրում, եղբայրական Ադրբեջանը վերցրեց իր հողերը, և հիմա էլ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտության համար»,- ասել է նա:
Չավուշօղլուն նշել է, թե իբր իրենք դրական ուղերձներ են հղում և նույնը ստանում Հայաստանից, բայց դրանք չպետք է մնան միայն որպես խոսքեր։ Նա Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ և Երևանին հորդորել է մտածել, թե ինչպես կարող է օգուտ քաղել խաղաղությունից, տնտեսական զարգացումից, կարևոր նախագծերից։ Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին և հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել էր, թե վստահություն, ներառյալ՝ հարգանք է հարկավոր միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Էրդողանը նաև հստակեցրել էր, որ պատմությունը չպետք է լինի թշնամանքի աղբյուր, և, որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն հանուն կայուն խաղաղության և համակեցության:
«Միակողմանի մեղադրանքների փոխարեն՝ պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները ՀՀ կառավարության հետ, որը հայտարարել է, թե պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա»,- նշել էր Էրդողանը: Էրդողանն ընդգծել էր, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել է, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար:
«168 Ժամ»-ի հետ զրույցում, անդրադառնալով թուրք պաշտոնյաների հռետորաբանությանը, ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նախ արձանագրեց, որ պատերազմից հետո Թուրքիան հայկական ուղղությամբ որևէ ակտիվություն չէր ցուցաբերում, ինչը տարօրինակ էր թվում՝ հաշվի առնելով Թուրքիայի հավակնոտ հարավկովկասյան քաղաքականությունը: Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, «շոշափելով» իրավիճակը, Թուրքիան սկսել է նշել, թե երբ կարելի է խոսել հայ-թուրքական հարաբերություններից ընդհանրապես:
«Պարզ է դառնում, որ գլխավոր հարցը, մամուլում, այսպես կոչված, որպես Խաղաղության համաձայնագիր հայտնի փաստաթղթի շուրջ աշխատանքի մասին է: Այսինքն՝ Թուրքիան համարում է, որ Հայաստանն անհետաձգելիորեն նախ պետք է այդ հարցով զբաղվի, կարգավորվեն հայ-ադրբեջանական բոլոր խնդիրները: Հիշեցնեմ, որ այս հարցով տեղեկատվական դաշտ որոշ ակնարկներ գցեց ադրբեջանական կողմը՝ նշելով, թե պետք է նման համաձայնագիր ստորագրեն, որը կներառի հակամարտող կողմերի ունեցած բոլոր խնդիրների, այդ թվում՝ սահմանազատման լուծումը:
Այդ գործին կցվեց նաև Թուրքիան՝ ցույց տալով, որ նախ այս պայմանագրի ստորագրման հարցը պետք է լուծվի, ապա մնացած բոլորը՝ հերթականությամբ: Սա բնորոշ է Թուրքիայի ներկայիս ղեկավարության քաղաքականությանը, որը միակողմանի է դիտարկում բոլոր քայլերը: Սակայն այստեղ նշանակություն ունի նաև այն, թե երբ է սա տեղի ունենում՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Թուրքիան տրամադրված են ստանալ այն, ինչ ցանկանում են, քանի որ պատերազմի միջոցով էլ կարողացան ստանալ այն, ինչ ցանկանում էին մի քանի տասնամյակ: Ներկայումս քաղաքակիրթ խոսակցության կարիք կա, որը քիչ հավանական է»,- ասաց վերլուծաբանը:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ պատահական չէ, որ դիվանագիտական վերջին երկու՝ Հայաստանի մասին հայտարարություններում խոսք հենց այդ փաստաթղթի մասին է: Սա, նրա կարծիքով, խոսում է այն մասին, որ դա մեծ առաջնահերթություն է:
«Փաստորեն, կոշտ ուժի կիրառումից հետո, ներկայումս փափուկ ուժի միջոցով՝ կոշտ ուժի էլեմենտներով, քանի որ հայ-ադրբեջանական սահմանների վրա կա հստակ ռազմական իրավիճակ, օրակարգում է համապարփակ համաձայնագիր կնքելու հարցը: Բնական է, որ դա ձգձգվում է, քանի որ կազմված է խնդրահարույց կետերից՝ կողմերի և հատկապես Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանն է հետաքրքրված, որպեսզի այդ պայմանագիրը կնքվի: Թե այս ամենի հարցում ի՞նչ է մտածում Երևանը՝ անհասկանալի է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի տեսլականը լիովին անորոշ է, Ղարաբաղի մասով ժամանակ առ ժամանակ նշվում է կարգավիճակի հարցի մասին և դրանով սահմանափակվում է: Դժվար է պատկերացնել, թե այս մասշտաբի բոլոր խնդիրներն ինչպես են լուծվելու եռակողմ կամ երկկողմ ռեժիմում, պահպանելով կայունություն կողմերի միջև»,- ասաց նա: