Գունագեղ խրախճանք՝ հանձնվող Հայաստանում
Որևէ մեկի սեփականությունն ուրիշին հանձնելու համար, ի թիվս այլ գործոնների, անհրաժեշտ է, որպեսզի սեփականատերը հանձնվելիքն առնվազն հոգեբանորեն չհամարի իրենը, այսինքն՝ ներքուստ հրաժարվի իրեն պատկանողից։ Հայաստանում հիմա տեղի է ունենում մոտավորապես դա․ հայ հասարակության լուռ համաձայնությամբ կտոր-կտոր թշնամուն է հանձնվում Հայաստանը, որին անհրաժեշտաբար պետք է նախորդեր Արցախի հանձնումը։
Դրանից շատ ավելի առաջ ամենատարբեր տեխնոլոգիաների միջոցով այդ նույն հասարակության մի մեծ հատվածն Արցախը հանձնել էր հոգեբանորեն՝ կուլ տալով տարիներ շարունակ որոշ շրջանակների կողմից հմտորեն նետված խայծը, որ Արցախը խանգարում է լավ ապրելուն։
Հիմա նույնը, սակայն, արդեն փափուկ ուժի ռեժիմում տեղի է ունենում Հայաստանի հետ։
Չորս ամսից ավելի է՝ ադրբեջանական 1000-ից ավելի զինվորներ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին, սակայն, արդեն գրեթե ոչ մեկը չի հիշում, հասարակությունը հաշտվել է հայրենիքի այդ հատվածի անկռիվ հանձնումի հետ։
Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք են ցանկանում Սյունիքո՞ւմ, ոչ մի խնդիր․ սկզբում նրանք փակում են Հայաստանի կրկին ինքնիշխան տարածքի ճանապարհը, ապա Նիկոլ Փաշինյանը մի բանավոր հայտարարությամբ այդ տարածքներին շնորհում է ադրբեջանական պատկանելություն, որից հետո Ադրբեջանն արդեն ոստիկանական պահակակետ է տեղադրում կրկին ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ավտոճանապարհին, որը, սակայն, արդեն ոչ միայն երկրի ղեկավարի, այլ նաև ԱԱԾ-ի ու զանազան իշխանական պատգամավորների կողմից ներկայացվում է ադբեջանական տեղանուններով։ Եվ կրկին հանրության զրո դիմադրողականության պայմաններում։
Դժվար է միարժեք պատասխանել հարցին՝ ինչո՞ւ է սեփական բակի յուրաքանչյուր սանտիմետրի համար հարևանին սպանելու պատրաստ հասարակությունն այդքան հեշտությամբ համակերպվում հայրենիքի հանձնման հետ։ Բայց ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, դա հնարավոր է դարձել նաև մեծ խաբեության շնորհիվ, որով գործող հեղափոխական իշխանությունն արդեն երեք տարի կերակրում է մեր հասարակությանը։
Այդ խաբեության իմաստն այն է, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», և դա մեծագույն, դարակազմիկ ձեռքբերում է հայ ժողովրդի համար։ Այդ կաղապարի հիմքում այն իրականությունն է, որ Հայաստանում ժողովրդին պատկանում է միայն իշխանությունը, որն իր ստացած «պողպատյա մանդատով» իրավունք ունի ժողովրդին այլևս չպատկանող ամենայնի հետ վարվել սրտի ուզածով։
Հոգեբանական այս խաբեության արդյունքն այն է, որ հասարակությունը կամ ժողովուրդն իրենը համարելով իշխանությունը, սեփականության, պատկանելության որևէ զգացողություն չունի իշխանությունից շատ ավելի կարևոր արժեքների, այդ թվում՝ սեփական հայրենիքի, հողի նկատմամբ։
Արդյունքում՝ հայ հասարակությունը գրեթե ուշադրություն չի դարձնում, որ մինչ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», այդ նույն իշխանության թողտվությամբ՝ Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհը պատկանում են Ադրբեջանին․․․
Հանրային դիմադրողականությունը ցանկացած պետության կարևորագույն ինստիտուտներից է, առանց դրա որևէ պետություն չի կարող ոչ միայն կենսունակ լինել, այլ ընդհանրապես գոյատևել։
Հիմա Հայաստանը դեռևս իներցիայով գոյատևում է այդ կարևորագույն ինստիտուտի փաստացի բացակայության պայմաններում, ինչը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին ոչ միայն չի մտահոգում, այլև քաջալերում է, քանի որ այս իշխանությունն ինքնին այդ դիմադրողականության չգոյության ամենացայտուն, ավելի ճիշտ՝ գունագեղ արտահայտությունն է։
Ճիշտ այնքան գունագեղ, որքան լինելու են սեպտեմբերի 21-ի միջոցառումներն ամեն օր հանձնվող Հանրապետության հրապարակում։
Հարություն Ավետիսյան