«Փաշինյանը մեսիջներ է ուղարկում Թուրքիային. տպավորություն է, թե ինքն ու Էրդողանը պասերով խաղում են»․ քաղաքագետ

Իշխանությունների ներքաղաքական օրակարգում այս պահին տեղական ինքնակառավարման մարմիններն են. Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի խոշորացման գործընթացի վերաբերյալ օրենսդրական փաթեթը, իսկ մի քանի շաբաթից կմեկնարկեն ՏԻՄ ընտրությունները:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ քաղաքական իրավիճակը երկրում այժմ սպասողական է, ինչն առավել կապ ունի արտաքին քաղաքական օրակարգի հետ.

«Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ պատրաստում են, որպեսզի գնան մեծ համաձայնագրերի ընդունմանը: Խոսքը վերաբերում է թե՛ դելիմիտացիայի և դեմարկացիայի նախագծին, թե՛ ռեգիոնալ քաղաքականության մեջ կտրուկ որոշումներ ընդունելուն, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն: Վերջինիս վերաբերյալ արդեն որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը մեսիջներ է ուղարկում. տպավորություն է, թե ինքն ու Էրդողանը պասերով խաղում են:

Այսինքն՝ գնում է պրոցես, կարծում եմ՝ փոխհամաձայնեցված քայլերով և գեոքաղաքական որոշ խաղացողների ուղղակի վերահսկողության ներքո, և նախապատրաստում են ավելի լուրջ փաստաթղթերի ստորագրում:

Այս ֆոնին, իմ կարծիքով, իշխանությունը փորձում է որոշ, առաջին հայացքից՝ անհեթեթ թվացող որոշումներով նաև շեղել հանրության ուշադրությունը դեպի ավելի էմոցիոնալ, ավելի զգայուն թեմաներ՝ ինչպիսին, օրինակ, ամսի 21-ին զոհվածների հիշատակին նվիրված և ՀՀ անկախությանը նվիրված տոնակատարությունն է»:

Հարցին՝ արդյո՞ք այդ գլոբալ իրադարձությունների համատեքստում իշխանությունները նաև ՏԻՄ ընտրությունների միջոցով են փորձում կառավարելի դարձնել հասարակությանը՝ սեփական ներկայացուցիչներին ունենալով տարբեր համայնքներում, քաղաքագետը պատասխանեց.

«Այո: Հասկանալի է, որ իշխանությունը փորձում է կառուցել իշխանության հստակ ուղղահայացը: Այժմ փաստացի իրենց ձեռքում է օրենսդիրը, գործադիրը, փորձում են հնարավորինս տիրանալ նաև դատական համակարգին, ինչպես նաև՝ Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգին:

Այս տեսակետից ՏԻՄ ընտրությունների թե՛ արագացումը, թե՛ տարածքների հարմարեցումը սեփական ռեսուրսներին, դրա վկայությունն է: Որտեղ իշխանությունը համարում է, որ ինքը պատրաստ է ՏԻՄ ընտրությունների, ըստ էության, մոտավորապես՝ այս տեխնոլոգիան է կիրառում՝ ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում, որը մի քանի ամսվա ընթացքում հասցնում է սեփական թիմը, սեփական ռեսուրսները ստեղծել, դրանից հետո որոշում է ընդունվում: Եթե իրավիճակը պահանջում է՝ միանգամից անցնում են նաև այդ տարածքների միավորմանը, ընդլայնմանը:

Այսինքն՝ հենց իշխանությունները համարում են, որ իրենք պատրաստ են, ունեն մրցունակ թեկնածու և հնարավորություն ունեն այդտեղ վերցնել իշխանությունը, դա իրականացնում են»:

Վիգեն Հակոբյանը նկատեց նաև, որ իշխանությունը կադրային կոմպլեքսներ չունի, և հաճախ ցանկություն հայտնած «նախկին»-ներին տեղավորում են հեղափոխական իշխանության համակարգում.

«Այժմ, երբ իշխանությունն արդեն վերարտադրվել է և ունի իշխելու որոշակի մանդատ, այդ նախկինների թեման իրենց համար առանձնապես ակտուալ չէ. շատ նախկինների, որոնք համաձայնում են տեղավորվել փաշինյանական իշխանական համակարգում, իրենք մեծ սիրով ընդունում են»:

Հաշվի առնելով, որ ընդդիմությունը և այլ ուժեր ևս հայտարարել են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին՝ մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ մթնոլորտում կանցնեն այդ ընտրությունները, ու ինչպիսին են, օրինակ, ընդդիմության շանսերը:

Նա արձագանքեց. «Այս ընտրություններում ընդդիմությունն առավել ճկուն մարտավարությամբ է հանդես գալու. չեմ կարծում, որ շատ տեղերում հենց դաշինքի ֆորմատով հանդես կգան՝ հաշվի առնելով սեփական ռեսուրսներն այս կամ այն տեղում, կուսակցությունների հնարավորությունները և, ի վերջո, նաև հաշվարկելով արդյունքի հեռանկարները: Շատ տարբեր ձևաչափերի ականատես կլինենք:

Թե ինչ մթնոլորտում կանցնի հարցի պատախանն էլ, կախված լոկալ իրավիճակից, տարբեր է լինելու: Կարծում եմ՝ տեղեր են լինելու, որ պայքարը բավականին թեժ կարող է լինել, որովհետև, ամեն դեպքում, ՏԻՄ ընտրությունները իրենց բնույթով թեպետ քաղաքական են ֆորմալ առումով, բայց, այնուամենայնիվ, այդ ընտրություններում շատ բան կախված է լինում տեղում կոնկրետ քաղաքական ուժի, մարդու ռեսուրսներից, այդ թվում՝ նաև ընտանեկան կապերից, որոնք ինքը կարողանում է կոնսոլիդացնել իր շուրջ:

ՏԻՄ ընտրությունների՝ որպես քաղաքական միջոցառում, մակարդակն ու ընկալումը, այնուամենայնիվ, շատ ավելի ցածր է և որպես քաղաքական պրոցես՝ հավասարազոր չէ համապետական ընտրությանը: Եվ երբ մարդիկ գնում են ՏԻՄ ընտրությունների, իրենք ավելի շատ գնում են տեղում հարց լուծողներ ընտրելու՝ ջրի, գազի, ասֆալտի, խողովակի: Այսինքն՝ մարդիկ ընտրում են ոչ թե թեկնածուի գաղափարախոսությունը, այլ՝ թե իրենց հարցերը կարո՞ղ է տեղում լուծել, թե՞ ոչ :

Մանավանդ այսօրվա Հայաստանում, որտեղ բնակչության մոտ բավականին իռացիոնալ մտածելակերպ կա հաճախ, ու սահմանի վրա բնակվողը ( նույն Երասխում) ասում է, որ իրեն անվտանգության հարցերը՝ հեչ, զոհերը՝ հեչ, թուրքի հետ ապրել-չապրելը՝ հեչ, կարևորը՝ փորը լիքը լինի, այս պայմաններում այս ընտրություններում առաջնային համարել քաղաքական գործոնը, գաղափարախոսական պատկանելությունը կամ քաղաքական թիմին պատկանելությունը, կարծում եմ՝ ուտոպիա է, և այստեղ լրիվ ուրիշ մեխանիզմներ պետք է աշխատեն»,- եզրափակեց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս