ՌԴ-ն խմբագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը

Ռուսաստանն ընդառաջ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջին և  պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru տեղադրված  փաստաթղթում, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը փոխել է «ՌԴ սահմաններից դուրս» ձևակերպմամբ:

Ավելի վաղ ՌԴ պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru, երկրի պաշտպանության նախարարությունը հայտ էր ներկայացրել հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

Կայքում հայտը հրապարակվել էր 2021 թվականի օգոստոսի 13-ին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքներն այն ավելի ուշ շրջանառության մեջ դրեցին, իսկ  հայկական լրատվամիջոցների անդրադարձից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել էին, որ ռուսական կողմը դա բացատրել է՝ «որպես տեխնիկական վրիպակ», որը, փաստորեն, մոտ մեկ ամիս աչքաթող է արվել և առնվազն մինչև սեպտեմբերի 3-ը չէր վերացվել:

Այսօր արդեն ՌԴ կողմը խմբագրել է իր «սխալը»:

Տեսանյութեր

Լրահոս