Կզանգեն Արմենին, կասեն՝ թուղթ է գալիս, կստորագրես ու հետ կուղարկես,  և նա կստորագի ու սուսուփուս կուղարկի. ադրբեջանագետ

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի համաձայնեցման վերաբերյալ քննարկումները․ BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

168.amադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահի օգնականի կողմից այս հայտարարությամբ հերթական անգամ շեշտվում է Արցախին առնչվող գործընթացներում Հայաստանի սուբյեկտայնության նվազման մասին, ինչին ի պատասխան՝ ադրբեջանագետը նկատեց.

«Այն, որ Հայաստանն իր սուբյեկտայնությունը կորցրել է՝ ակնառու փաստ է: Հետևաբար, Հայաստանն այդ բանակցություններում և այդ գործընթացներում ներգրավված չէ և չի կարող լինել մի քանի պատճառներով․ առաջինը՝ Հայաստանը դավաճանել է Արցախը, երկրորդը՝ ՀՀ առկա իշխանությունները սաբոտաժի են ենթարկել պատերազմական գործողությունները՝ նպատակ հետապնդելով Արցախը գցել իրենց ուսերից, և երրորդը՝ ՀՀ առաջին դեմքերն իրենցից բացարձակապես ոչինչ չեն ներկայացնում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ կրթական և մասնագիտական, ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ հեղինակային առումով, որպեսզի նրանց հետ լուրջ հարցեր քննարկեն: Եվ բնական է, որ ՀՀ-ն որևէ կերպ ներգրավված չէ»:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման, Արմինե Ադիբեկյանը վստահեցրեց՝ որ Արմեն Գրիգորյանին որևէ մեկը չի հարցնելու՝ պատրա՞ստ է, կամ՝ ոչ.

«Նա անելու է այն, ինչ նրան թելադրելու են անձինք և ուժեր, որոնց տակ ՀՀ իշխանությունները հաճույքով պառկել են: Եթե Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան հարմար կգտնեն, այն ժամանակ կզանգեն Արմենին, կասեն՝ թուղթ է գալիս, կստորագրես ու հետ կուղարկես, և նա կստորագի ու սուսուփուս կուղարկի: Իսկ  պատրաստակամություն հայտնելու մասին հայտարարությունը լսարանի համար է, թե մենք գործոն ենք այս կյանքում, որ մեր պատրաստակամությունն ինչ-որ բան է նշանակում, ու մեզնից է կախված՝ դելիմիտացիա տեղի կունենա՞, թե՞ ոչ: Ո՛չ»:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ԱԽ քարտուղարն իր հայտարարությունները գիտակցված  և դիտավորյալ է անում, մինչդեռ իրականությունն այլ է:

Հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորում Արցախի հռչակման  30-ամյա հոբելյանին ՀՀ նախագահի և վարչապետի միաժամանակյա արձակուրդ գնալը և Արցախ չայցելելը, ադրբեջանագետը պատասխանեց.

«Նախ՝ Փաշինյանը և, այսպես կոչված, նախագահը բարոյական իրավունք չունեն Արցախ գնալու, այն Արցախը, որը նրանք դավաճանել են, ծախել են, 5000 երիտասարդի արյունով են հեղեղել: Երկրորդը՝ նրանց վերադասները խստիվ արգելել են նրան գնալ, իսկ քանի որ նրանք բարեպաշտ ստրուկներ են, հետևաբար՝ նրանք այդ հրամանները կատարում են առանց որևիցե քննարկման և առարկման։ Ասե՞լ են՝ չես գնալու, նա չի գնում:

Եվ երրորդը՝ այդ խումբը ՔՊ-ական, որ գնացել էր՝ իրենցից երեք անգամ շատ թիկնազորով, տեսա՞ք՝ ինչ եղավ. թքեցին երեսներին:

Նա շատ լավ գիտի այդ ամեն ինչը, հետևաբար,  նրանց Արցախը չգնալը շատ տրամաբանական է»:

Տեսանյութեր

Լրահոս