Արձակուրդը՝ քաղաքական որոշման արդարացում
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակն էր: Միջոցառմանը ներկա հայաստանյան պատվիրակությունն այս տարի խիստ փոքրաթիվ էր. Արցախ էին մեկնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Նկատենք՝ ԼՂՀ հռչակման հատկապես հոբելյանական տարեդարձերին տոնական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից մեկնող պատվիրակության կազմը սովորաբար լինում էր ամենաբարձր մակարդակով: Այս անգամ, սակայն, պարզվեց, որ երկրի առաջին դեմքերը միաժամանակ որոշել են արձակուրդ գնալ, իսկ եթե արձակուրդում են, ապա Արցախի 30-ամյա հոբելյանին ներկա գտնվելը շատ «բարդ» կլիներ:
Օգոստոսի 31-ին վարչապետի գրասենյակից տեղեկացրին՝ Նիկոլ Փաշինյանը մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ գտնվելու է կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Սակայն Արցախ չմեկնելու պատճառների մասին, ինչպես վերջին ամիսներին, այս անգամ ևս՝ պաշտոնական շրջանակներում խորհրդավոր լռություն են պահպանում:
Միայն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր երեկ լրագրողների հետ զրույցում խոստովանել, որ Արցախի Հանրապետության անկախության օրը ՀՀ կառավարության անդամները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, չեն մեկնել Արցախ, քանի որ կա քաղաքական որոշում։
«Ուրեմն որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել էդ ձևով անել, որևէ ուրիշ բաներ մի փնտրեք: Կարծում եմ, որ որևէ խնդիր չկա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձևով անել, կարծում եմ՝ պետք չէ ավելի մեծ պրոբլեմներ շինել»,- ասել էր Խաչատուրյանը:
Իսկ Նախագահի աշխատակազմից ընդհանրապես որևէ պարզաբանում չէր հնչել այս հարցի առնչությամբ, ուստի 168.am-ը գրավոր հարցմամբ հետաքրքրվեց նաև այդ միջոցառմանը նախագահի բացակայության պատճառների մասին:
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ին գտնվել է արձակուրդում»,- ի պատասխան մեր հարցադրման՝ տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նկատենք՝ նախագահի աշխատակազմից դեռևս օգոստոսի 9-ին էին հայտնել, որ նախագահը մեկնում է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուս մասը՝ արտերկրում։
Որպեսզի այս հարցն էլ տարընթերցումների առիթ չդառնար հանրային շրջանակներում՝ ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկ այլ գրավոր հարցմամբ էլ հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է նախագահը վերադարձել օգոստոսի 9-ից մեկնած արձակուրդից: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք այն: