«Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից». Ռուբեն Հախվերդյանի հոբելյանը կնշվի համերգներով
Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակի առթիվ համերգներ կանցկացվեն Երևանում և Գյումրիում։
Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։
Հախվերդյանի համերգը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Իսկ սեպտեմբերի 26-ին արտիստին կհյուրընկալի Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը։ Ծրագրում՝ հին ու նոր սիրված ստեղծագործություններ։
Համերգները կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես միջին և երիտասարդ սերնդի շրջանում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր: