Բաժիններ՝

«Կոռուպցիայի վտանգ կա». կրթության փորձագետը՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մասին

ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման մասին նախագիծը: Ավագ դպրոցում կրթության ընթացքում հավաքած կրեդիտները հնարավոր կլինի փոխանցել այլ կրթական հաստատություններ, այդ թվում՝ բուհեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը»:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց կրեդիտային համակարգի ներդրման գաղափարը, սակայն պնդեց՝ համակարգի ներդրումը նախապատրաստված չէ, կարող է քաոսային իրավիճակ ստեղծել:

«Գաղափարը միանշանակ դրական է, քանի որ դա նախապատրաստում է աշակերտին հետագայում ուսանող դառնալու, իսկ բուհերում արդեն ներդրված է և գործում է կրեդիտային համակարգը: Դա կնպաստի նաև նրան, որ կթուլանա կրկնուսույցների դերը հանրակրթության ոլորտում, որովհետև եթե աշակերտները չգնան դասերի, հետաքրքրված չլինեն, այլ գնան կրկնուսույցների մոտ պարապելու՝ բուհ ընդունվելու համար, այդ ժամանակ իրենց կրեդիտները ցածր կլինեն, և այլևս շահագրգռված չեն լինի: Այս առումով դրական է:
Բայց արդյոք սա նախապատրաստվա՞ծ որոշում է, իհարկե ոչ, ինչպես որ որոշումները կայացնում է մեզ մոտ այդ լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության և մնացած բաների նախարարությունը: Հերթական անգամ ոչ պատրաստված նախագիծ են բերել, որևէ մեկը դրա մասին տեղյակ չէ, ուսուցիչների մեծ մասն այս պահին էլ դեռևս տեղյակ չէ, իսկ մի մասն էլ իմանում է մամուլից կամ սոցիալական ցանցերից, և խառնիճաղանջ, քաոսային իրավիճակ է առաջանում: Այդ նույնը շուտով տեղափոխվելու է դպրոցներ, և քանի որ անպատրաստ, հանպատրաստի պետք է սկսեն կիրառել, կսկսվի քաոսային իրավիճակ, դրանից ոչ ոք ոչինչ չի հասկանա, և դրականը կդառնա բացասական, որովհետև մարդկանց վերաբերմունքը մի բանի մասին, որից նրանք լավ տեղյակ չեն, տեղեկացված չեն, նախապատրաստված չէ, կլինի միանգամից հակառակ կարծիքը, տեսակետը՝ դրականը կվերածվի բացասականի, ինչպես որ սովորաբար լինում է»,- ասաց փորձագետը:

Մեր հարցին, թե կրեդիտային համակարգի ներդրումն արդյոք չի՞ մեծացնի  կոռուպցիայի ռիսկը դպրոցներում, Ատոմ Մխիթարյանն արձագանքեց.

«Այդ վտանգն էլ կա, որովհետև եթե նախապատրաստված չէ, եթե ձևական բնույթ պետք է կրի, պարզ է, որ ձևական բնույթը կբերի նաև դրան: Մարդիկ այդ կրեդիտը ձեռք բերելու համար կարող են համաձայնության գալ դպրոցի տնօրենի, ուսուցչի կամ այն մարդու հետ, ումից կախված է այդ կրեդիտը, քանի որ դրա կարևորությունը գիտակցված չէ հասարակության կողմից, դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից, դա կարող է դառնալ ձևական մի բան և վերածվել առևտրի առարկայի, որը ցավալի հետևանքներ կարող է ունենալ: Այդ դրական տենդենցը կարող է ուղղակի ոտնակոխ արվել, մարդկանց վերաբերմունքը կդառնա բացասական և դրական բարեփոխումը կդառնա «չարեփոխում»»:

Իսկ ավելի նպատակահարմար չէ՞ր լինի ավագ դպրոցի փոխարեն՝ խթանել աշակերտների հետաքրքրությունն արհեստների նկատմամբ, քանի որ ունենք նեղ մասնագետների խնդիր, օրինակ՝ հյուսն, խառատ և այլն:

«Այդ խնդիրը մենք միշտ ունենք, անհրաժեշտ է միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դերն ավելի կարևորել, մեծացնել, պրակտիկայի հնարավորություններ ավելի շատ տալ: Մենք կրթական համակարգը ժառանգություն ենք ստացել Խորհրդային Միությունից և մինչև հիմա էական փոփոխություններ չենք արել համակարգում, իսկ խորհրդային համակարգը հիմնականում կենտրոնացված էր գիտելիքներ փոխանցելու վրա, այժմ, այսօրվա իրավիճակում միայն գիտելիք փոխանցելը շատ քիչ է, առավել ևս, որ այդ գիտելիքը կարելի է ձեռք բերել ինտերնետից, գրքերից և այլն, հիմա շատ կարևոր է, որ հմտություններ, կարողություններ կարողանանք փոխանցել մեր երեխաներին, սովորողներին, իսկ դա պետք է անել պրակտիկայի ձևով, պետք է հնարավորինս ինտեգրված տեսնենք կրթությունը և արտադրությունը, կրթությունը և գիտությունը, հետազոտությունը, պետք է, օրինակ, հյուսնը նաև դասավանդի, իսկ աշակերտը, որն ուզում է այդ մասնագիտությունը ձեռք բերել, տեսական գիտելիքներին զուգահեռ՝ պետք է գնա և գործնականում կիրառի դա, պրակտիկա անցնի: Սա էլ է շատ կարևոր, և պետք է մեծ ուշադրություն դարձնել միջնակարգ մասնագիտական ուսումնական  հաստատություններին՝ հնարավորություն տալով նրանց դերը բարձրացնել: Շատերը չեն գնում նման հաստատություններ, որովհետև մտածում են, որ դա վատ տեղ է, սա ևս գալիս է հնուց:

Պետք է այնպիսի խրախուսական միջոցներ մտածել և կիրառել, որ դա ավելի բարձր գնահատվի, և հասարակական տրամադրվածությունը փոխվի դեպի միջնակարգ մասնագիտական ուսումնական  հաստատությունները, նրանք էլ գտնվեն իրենց բարձունքի վրա, և մենք այդ ժամանակ արդեն կունենանք ավարտած այնպիսի աշակետներ, որոնք միանգամից կարող են համապատասխան մասնագիտություններով գործի անցնել»,- ասաց Մխիթարյանը:

Նշենք, որ նախագծի ընդունման դեպքում այն կկիրառվի երկու փուլով. առաջին՝ ներդրման փուլը կտևի 2 տարի` 2022-2023 ուսումնական տարվանից սկսած, և համակարգը կներդրվի միայն Երևանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան  ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և Տավուշի մարզում: Երկրորդ՝ գործարկման փուլում՝ 2024-2025 ուսումնական տարվանից սկսած, կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևանում՝ առաջին՝ ներդրման փուլի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս