«Էդ խնդիրը դեռևս պարբերաբար կլինի, մինչև հստակություն չլինի». Վահագն Խաչատուրյանը՝ Գորիս-Կապան փակված ճանապարհի մասին
Այսօր Կառավարության նիստից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձավ նախարարության անելիքներին և ասաց, որ պետք է լուծել արդյունաբերության վերականգնման և զարգացման խնդիրը, կիբեռանվտանգության խնդիրը, ընդառաջել բարձր տեխնոլոգիաների հատկապես մասնագիտական կրթական ծրագրերին:
«Առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված, այդ պետական ձեռնարկությունների ենթակայությունը արդեն 3-րդ տարին մեր նախարարությանն է, և մենք այդտեղ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ մենք պետք է զարկ տանք տեղական արտադրությանը հատկապես ռազմական բնագավառում, և այն արտադրանքը, որը կարող ենք արտադրել տեղում, որոնք կարող են իրենց որակական հատկանիշներով փոխարինել դրսից ներկրվողներին, մենք պարտավոր ենք անել»:
Հարցին, թե այդ բնագավառում լինելո՞ւ է համագործակցություն մասնավորի հետ, քանի որ ունենք ընկերություններ, որոնք կարող են ԱԹՍ արտադրել, Խաչատուրյանն արձագանքեց.
«Ես արդեն եղել եմ մի քանի արտադրողների մոտ, ՊՆ ներկայացուցիչները եղել են բոլոր այն արտադրողների մոտ, ովքեր ԱԹՍ-ներով են զբաղված, մենք իրենց հետ շատ սերտ ենք համագործակցում, պատրաստ ենք լսել իրենց բոլոր հարցերը, որոնք բարձրացվում են, հիմնականում պատվերների տեղադրման հետ է կապված, որովհետև ի պատիվ այդ մարդկանց՝ այդ 8 ընկերությունների, իրենք իրենց միջոցներով են նախաձեռնել ամբողջ այդ նախապատրաստական փուլը, նույնիսկ արդեն արտադրական ունեն, նույնիսկ փորձարկման, այստեղ մեր կողմից միանշանակ աջակցություն լինելու է: ՊՆ-ն, իմ տեղեկություններով, պատրաստ է նույնիսկ այսօր իր սպառազինության մեջ ներգրավել մեր տեղական արտադրության ԱԹՍ-ներ, եթե դրանք կարող են մատակարարվել»,- ասաց Խաչատուրյանը:
ԲՏԱ նախարարը ներկայացրեց, որ Գորիս-Կապան միջպետական փակված ճանապարհի մասին քննարկումներ իրենց նախարարությունում էլ են եղել՝ կապված կապի հետ:
«Հայկական և ադրբեջանական կապ. իրար հետ համընկնելու, իրարից պաշտպանվելու խնդիր կա, զուտ անվտանգության առումով, նաև ռազմական և քաղաքացիների անվտանգությունը: Այս մասով մեր խնդիրները պարզ են, մենք հասկանում ենք, երեկ բոլոր գերատեսչությունների համատեղ խումբ ենք ստեղծել, որ հասկանանք, թե տեխնիկական ի՞նչ միջոցներով, կամ ի՞նչ տեխնոլոգիական լուծումներով կարող ենք այդ հարցը լուծել, մնացածը զուտ ռազմական պաշտպանական առումով վարչապետի տեղեկություն տալուց հասկացա, որ գնում են բանակցություններ այդ միջադեպի հետ կապված, քննարկվում է, թե ով է մեղավոր, ով՝ ոչ, բայց ես հասկանում եմ, որ էդ խնդիրը դեռևս պարբերաբար կլինի, մինչև հստակություն չլինի»,- ասաց Խաչատուրյանը:
Ճշտող հարցին, թե հստակությունը սահմանազատո՞ւմն է, նախարարն արձագանքեց՝ «նաև»: Վահագն Խաչատուրյանը վստահեցրեց, որ անկեղծորեն ուզում են, որ այդ ճանապարհը բացվի:
«Եվ այդ ճանապարհը բացվելու է, վստահ եմ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը նաև հարցրեց, թե Թուրքիայից եկող ի՞նչ դրական ազդակների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ Ադրբեջանը Հայաստանում ճանապարհ է փակում:
«Դուք խոսում եք տարբեր մարդկանց մասին, Թուրքիան չի տարածքը զավթել, Ադրբեջանն է զավթել, իրար հետ մի կապեք»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, թե թուրքական ազդակների մասին առաջին անգամ վարչապետից է լսել.
«Հուսով եմ, որ իսկապես դրանք դրական են և հնարավորություն կտան հետագայում տարածաշրջանային ընդհանուր ենթատեքստում՝ ճանապարհների ապաշրջափակում, խաղաղություն, երկխոսություն գոնե սկսելու գործընթացի համար: Կառավարության նիստից հետո ես եկել եմ այստեղ, հույս ունեմ, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքն ավելի մանրամասն կասի»:
ԲՏԱ նախարարը երևի վերջին շրջանում Արցախ չի այցելել, հակառակ դեպքում Շուշիի կողքով անցնելուց և ադրբեջանականի կողքին թուրքական դրոշներ տեսնելուց հետո դժվար թե նման պնդում աներ, թե Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում գործ ունենք երկու տարբեր պետությունների հետ: