Բաժիններ՝

«Էլի սկսելու ենք կիսատ-պռատ դասապրոցեսի կազմակերպում, որը կեսից էլ քիչ  արդյունք է տալու». Կրթության փորձագետ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է՝ սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում, եթե աշակերտների քանակը 20-ից ավելի է, ապա՝ օրումեջ ռեժիմով: Դպրոցները կարող են դիմել ԿԳՄՍՆ՝ ամենօրյա ռեժիմի անցնելու համար, եթե հավուր պատշաճի պահպանեն բոլոր հակահամաճարակային կանոնները: Անդրեասյանի խոսքով՝ դպրոցն ինքնուրույն է որոշելու՝ հնգօրյա՞, թե՞ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունենալ: Գործելու է նաև հեռավար ռեժիմի անցնելու հին կարգը, եթե դպրոցում 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմում է դպրոցում սովորողների ընդհանուր թվի 10 տոկոսը, ապա դպրոցն անցնում է ժամանակավոր հեռավար ռեժիմի: 168.amկրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հարցրեց, թե մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, հնարավոր կլինի՞ դասերը կազմակերպել առկա՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

«Հայտարարվեց, որ առկա է լինելու, բայց կիսատ-պռատ, իսկ մենք նման փորձ ունենք դեռ անցած կիսամյակից, խառնաշփոթ առաջացավ այն ժամանակ, երբ նույն դպրոցում կարող էր լինել մի դասարան, որտեղ 20-ից ավելի աշակերտ կար, մի դասարան, որտեղ 20-ից քիչ աշակերտ կար,  և նրանց  միջև անհավասարություն էր  առաջանում, երբ նրանցից մեկն ամեն օր էր գնում դպրոց, մյուս աշակերտը մեկ օր գնում էր, մեկ օրը՝ սպասում: Երկրորդ խառնաշփոթն այն էր, որ անհավասարություն է առաջանում քաղաքի և գյուղական բնակավայրերի դպրոցների միջև, երրորդ խառնաշփոթն էլ առաջացավ այն ժամանակ, երբ որոշ դպրոցներ ինքնակամ, կամ գուցե ցուցումով անցան վեցօրյա, մի մասը՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկի, որը լրացուցիչ դժվարություններ և դժգոհություններ առաջացրեց:

Ըստ էության մենք նույն բանը շարունակելու ենք, միանշանակ է, որ կրթության որակը դրանից տուժում է, եթե մենք կիսով չափ ենք կազմակերպում ուսումնական պրոցեսը, կեսից էլ ավելի քիչ է արդյունք տալիս: Կարող եք հարցնել ցանկացած ուսուցչի, ծնողի, նույնիսկ աշակերտների, որոնք անընդհատ դժգոհ են այս վիճակից, առավել ևս, որ դա արվում է դասապրոցեսը սկսելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Իսկ մենք ո՞ւր էինք ամբողջ ամառ, երբ պետք էր մարդկանց նախապատրաստել, հասկացնել, թե ինչպե՞ս պետք է լինի, դասացուցակներն ինչպե՞ս պետք է կազմվեն, այս ամբողջ ժամանակը, ըստ էության, բաց թողնվեց: Հիմա էլի սկսելու ենք այդ կիսատ-պռատ դասապրոցեսի կազմակերպումը, որն էապես ազդելու է կրթության որակի վրա, ինչն անկհայտորեն մենք տեսանք ընթացիկ տարվա ընդունելության քննությունների ժամանակ, գնահատականների մակարդակը գնալով ավելի է իջնում: Սա ուղղակի անթույլատրելի է:

Պանդեմիայի, պատերազմի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտը կրթության ոլորտն է, որի ազդեցությունը մեր հասարակական հարաբերությունների, ընդհանրապես տնտեսության վրա, մենք ամեն օր տեսնում ենք, և դա խորանալու է, վատանալու է: Պետք է սկսել կրթական համակարգից և նորմալ դասապրոցեսից, չպետք է այստեղ զլանանք և տնտեսումներ անենք կրթության վրա, անհրաժեշտ է նորմալ կազմակերպել դասապրոցեսը, իհարկե, չմոռանալով հակահամաճարակային պայմանների ապահովումը, որովհետև մենք նաև հոգ ենք տանում առողջության մասին: Դա էլ չպետք է անել բիրտ ձևով, ստիպելով, դա պետք է անել քարոզչությամբ: Նորմալ պայմաններ եթե ստեղծվեն, ապա դասերը կարելի է կազմակերպել՝ ինչպես սովորական իրավիճակում»,- ասաց Մխիթարյանը:

Դեռ նախորդ տարի ծնողներն ու ուսուցիչները դժգոհում էին, որ առաջին, երկրորդ, երրորդ դասարանի երեխաներին դժվար է պարտադրել դիմակ կրել, չդիպչել դիմակին, դասամիջոցի դուրս չգալ: Կրթության փորձագետի կարծիքով՝ այս դժգոհությունները պետք է հաշվի առնել:

«Ուղղակի պետք է համապատասխան հեռավորություն ապահովել, օգտագործել դպրոցների մեծ դասարանները, լսարանները, դահլիճները, կարողանալ դասընթացը կազմակերպել առանց դիմակների, եթե սոցիալական հեռավորություն կարողանում են պահպանել, անպայման ունենալ ախտահանող նյութեր, դասասենյակներն ախտահանել ժամանակ առ ժամանակ, զգոնությունը չկորցնել, որ վարակը չտարածվի, բայց կրկին ասեմ, որ դա չպետք է անդրադառնա կրթության կազմակերպման ձևի, այսինքն՝ նորմալ կրթական պրոցեսի կազմակերպման և հատկապես կրթության որակի վրա»,- ասաց Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս