Բաժիններ՝

Ամեն օր միրգ ենք հավաքում, թողնենք թթվի, փչանա, մինչև շաբաթ-կիրակի՞. Փողոցում առևտուր անողները գյուղմթերքի շուկա չեն ուզում գնալ

2020 թվականի հունվարի 8-ից սկսած Երևանի քաղաքապետարանը  հայտարարեց փողոցային առևտուրն արգելելու մասին։

«Ուղղակի պետք է բոլոր մարդկանց գնալ, բացատրել, ասել, որ սա օրենքի պահանջն է, երկրորդը, որ սա հանրության պահանջն է։ Որ մարդիկ ուզում են ամեն ինչը ծառայի իր նպատակին` առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները` որպես փողոցներ»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանը։

Փողոցում առևտուր անելու փոխարեն՝ քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց շատերը շարունակում են հակառակվել՝ ասելով, թե իրենց գտնվելու վայրին արդեն սովորել են: Անգամ հաճախակի տուգանվելը չի ստիպում ազատել մայթերը:

«Շաբաթ և կիրակի օրերին հանգիստ նստում ենք, քաղաքապետարանում աշխատանքային օր չէ, չեն գալիս, հանում մեզ:

Մեզ առաջարկում են ապրանքը տանել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքի գյուղմթերքի տոնավաճառ, սակայն հարմար չէ: Ամեն օր միրգ ենք հավաքում, թողնենք թթվի, փչանա, մինչև շաբաթ-կիրակի՞:  Գյուղական շուկան միայն այս երկու օրերին է բաց»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական փողոցներից մեկում սեփական այգու մրգերը վաճառող տիկին Աննան:

Քիչ հեռվում էլ գրեթե նույն մրգերն է վաճառում Մարինեն: Նա ասում է՝ ամեն օր ժամը 10-ից գալիս է, առևտուր որոշ չափով լինում է, ու այլ տեղ գնալու մասին չի էլ ուզում մտածել, գոհ է ներկայիս իր վիճակից, միայն մի բանն է տխրեցնում՝ քաղաքապետարանի աշխատակիցները շատ կոպիտ են:

«Մեր նոր պարեկները լավ են վերաբերվում, գալիս, զգուշացնում են, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն ապրանքը տշում են, նկարում ու ակտ են գրում: Ինձ 20.000 դրամով արդեն տուգանել են: Մենք սովոր ենք արդեն այստեղ գալուն: Ընդունում ենք, որ բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար, բայց լրիվ տեղն էր, մեր առևտուրն էր խանգարո՞ւմ: Տալիս աղջիկը Նյու Յորքում է, ասում է՝ հարսիկ, հլը արի տես, փողոցում ապրանք են վաճառում: Այսինքն, զարգացած, խոշոր քաղաքներում ևս այդպես է»,- նշեց մեր զրուցակիցը:

Երևանի քաղաքապետարանի վերջին հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հուլիսի 26-ին ստուգայցերի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ոստիկանության աջակցությամբ մայթերն ազատել են վաճառվող ապրանքներից, դրանք տեղափոխել են վարչական շրջանի շենք:

«Մայթերից վերցնում, բերում ենք, եթե մարդ կա, որ անձնագրով գալիս, ասում է` իմ սեփականությունն է, ապա համապատասխան արձանագրությունը կազմվում է, և տվյալ անձնավորությունը տուգանվում է: Շատ դեպքերում ասում են՝ եթե տուգանք կա՝ չենք վերցնում ապրանքները: Երևի եկամուտն այնքան շատ է, որ այսքան գումար կորցնելը խնդիր չէ իրենց համար»,- նշել  է Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանը:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնականապես լուծվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս