Անվտանգության ի՞նչ խնդիր է դրված զինված ուժերի առաջ, ծրագրում չկա պատասխան. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթում անդրադարձավ Կառավարության ծրագրի նախաբանում և կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի մտքի՝ նկատելով, որ խնդիր կա կառավարության ծրագրի պատասխանատվության շուրջ:
«Նշվում է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Հիմա՝ նույն կառավարության ծրագրի նախաբանի երկրորդ մասում միաժամանակ նշվում է, որ կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը, այս առաքելության իրականացումը կախված չէ միայն Հայաստանից:
Ընտրական ժամանակահատվածում սա նաև որպես ընտրական տեխնոլոգիա օգտագործվում էր, այսինքն՝ ներկայացվում էր՝ որպես հանրությանը խաղաղություն բերելու դրույթ, մոտեցում: Կարծում եմ՝ իրականում սրա մեջ մանիպուլյացիոն գործոնը բավականին մեծ է,- նշեց պատգամավորը՝ նկատելով, որ հակասություն կա այդ դրույթում: Նա նաև կրկնեց երեկ իր հնչեցրած մի քանի հարցադրում, որոնց շուրջ քննարկումները կիսատ էին մնացել հայտնի միջադեպի պատճառով.
«Փաստացի պատերազմից հետո մենք ունենք տարածքներ, որոնք որևէ փաստաթղթով ներկայացված չեն՝ որպես Ադրբեջանին փոխանցվող տարածքներ, բայց մենք պատերազմի սպառնալիքների ներքո, փաստորեն, փոխանցել ենք Ադրբեջանին:
Հարցը բերեմ Ադրբեջանի դաշտ և վտանգներն ու սպառնալիքներն այդ տեսանկյունից ներկայացնեմ՝ արդյո՞ք Ադրբեջանում կարող են կարծել, որ ստեղծված իրավիճակում, օգտագործելով այդ նախադեպը, որ իրենք կարողացել են փաստաթղթից դուրս տարածքներ զավթել, բռնազավթել, հնարավորություն կա ՀՀ-ին իրենց օրակարգը պարտադրելու և ՀՀ-ից նոր տարածքներ խլելու համար»:
Ծրագրի՝ անվտանգությանը, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածների մասին իր գնահատականները հնչեցնելիս՝ ընդդիմադիր պատգամավորը զարմանքով արձանագրեց, որ չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ապա հավելեց, որ նույն թեմային անդրադարձել են Անվտանգության խորհրդի ռազմավարության առնչությամբ:
«Դա ձե՞ր քաղաքականությունն է, դա որևէ այլ պայմաններո՞ւմ է դուրս մնացել կառավարության ծրագրից, դա մտածելակե՞րպ է, թե ի՞նչ է այս «հանրապետություն» եզրույթի բացակայությունը: Սա՝ այն պայմաններում, երբ կառավարության ծրագրի բոլոր կետերում նշված է Հայաստանի Հանրապետություն, դա պաշտոնական փաստաթուղթ է, բայց Արցախի Հանրապետություն նշված չէ: Կարող ենք ենթադրել, որ գուցե Ադրբեջանի հետ հարաբերությունները չսրելու հետ կապված խնդի՞ր կա: Սրա հետ կապված էլ, կարծում եմ, մենք պարզաբանման խնդիր ունենք, որովհետև սուբյեկտայնության խնդիր կա:
Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածում նաև նշվում է, որ կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի՝ այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հիմա տեսե՛ք՝ կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա կառավարության ծրագրում, բայց մեր միջազգային օրակարգում, հարաբերություններում, կարգավիճակի հետ կապված հարցը որևէ ձևով առաջին պլան բերված չէ:
Կարգավիճակի հարցի վրա ես առաջին հերթին ուշադրությունը սևեռում եմ ոչ թե նրա համար, թե իշխանությունն ինչ է մտածում այս տեսանկյունից, ինչպես է վարվելու, կամ ինչի ենք եկել-հասել այս կետին, այլ նրա համար, որ այն մարդիկ, ովքեր առնչություն ունեն արցախցիների հետ (սովորական կենցաղային շփումներից մինչև շատ ավելի խորը հարաբերություններ), պետք է տեղյակ լինեն, որ կարգավիճակի հարցն այս պահին արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է, և այս հարցի չկարգավորումը ցանկացած տիպի սոցիալական, ֆինանսական, տնտեսական ներդրումների պարագայում որևէ խնդիր չի լուծելու, և եթե այստեղ մեզ համար և ձեր կառավարության համար առաջնահերթությունն արցախցիների՝ Արցախում ապրելն է և հետագայում համապատասխան կարգավիճակ ունենալն է, ապա ես ասեմ, որ այս պահին դա ձեր կողմից առաջնային օրակարգ բերելը որևէ ձևով չի ստացվում, ինչի արձագանքն այսօր նկատելի է Արցախի հանրության տարբեր շրջանակներում»:
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հրապարակել էր 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը՝ 3773 զոհ, այսօր Տիգրան Աբրահամյանը տարակուսանքով տեղեկացրեց, որ տարբեր ձևաչափերով հանդիպել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և այդ հանդիպումների ընթացքում ասվել է այլ թիվ. «Մեզ հնչեցվել է այլ թիվ, որն այս պահին ես չեմ հրապարակում. Նիկոլ Փաշինյանի կողմից այլ թիվ է հնչել, որտեղ մոտ 200-ի տարբերություն է եղել, և այս պարագայում հստակ պարզաբանման կարիք կա»:
Ապա անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված անվտանգության խնդիրներին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը փաստեց.
«Գլխավոր խնդիրն անվտանգության հետ կապված, որը որևէ ձևով արտահայտված չէ ձեր ծրագրում, հետևյալն է. ի՞նչ խնդիր է դրված ԶՈՒ-երի առաջ. առաջին հայացքից թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված: Ո՛չ, պարզ չէ: ԶՈՒ-ն որևէ պայմաններում ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում