Դուք պատկերացնո՞ւմ եք ներդրողի, որը փող ներդնի մի երկրում, որտեղ կառավարությունը հայտարարում է, որ դատարանը պետք է իր կամքը կատարի. Արթուր Խաչատրյան

«2019 թվականի ծրագրի հիմնական մեխը երջանկությունն էր.  2020 թվականի նոյեմբերից հետո, հիմա, երջանի՞կ ենք մենք: Քանի՞սն է մեզանից երջանիկ՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Թուրքերը չթողեցին, որ երջանիկ լինենք, ընդդիմությունը չթողեց, որ երջանիկ լինենք,  քովիդը չթողեց, որ երջանիկ լինենք, բայց փաստ է, որ երջանկության խոստումը չի իրականացվել»,- Ազգային ժողովում 2021-2026 թթ. Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց՝ եթե հիմնական խոստումը չի իրականացվել, 2021 թվականի ծրագրում դա կիրականացվի՞, ապա հավելեց, որ նաև դրանով է պայմանավորված այս ծրագրի նկատմամբ խիստ քննադատական և բացասական վերաբերմունքը:

«Իհարկե, կարելի է գեղեցիկ ծրագրեր գրել, տրիվիալ ճշմարտություններով և մոդայիկ արտահայտություններով համեմել, բայց դիրքորոշումը պետք է պայմանավորված լինի նախկին հաջողություններով կամ ձախողումներով:

Մի քանի հարց ծրագրի մասին:

Բանակի բարեփոխումների մասին բավականաչափ խոսվեց՝ զինվորներ, սպաներ: Ինձ հետաքրքիր է՝ բարեփոխումների հայեցակարգի մեջ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարության մասին ինչ-որ մի բան հստակեցնելո՞ւ եք, թե՞ չէ:

Օրինակ, կոնկրետ՝ ասում ենք, որ Հայաստանը չէր կռվում միայն Ադրբեջանի դեմ.  թուրքեր, վարձկաններ: Օզալը դեռ 1993 թվականին էր ցանկանում Հայաստան զորք մտցնել, բայց մեր ակտիվ դիվանագիտությունը դա կանխեց, այսօր դա չկանխվեց:

Էլի հո՞ւյս ունեք, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողակ կլինենք՝ տնտեսական դիվանագիտություն, ֆինանսական դիվանագիտություն, իհարկե, շատ լավ է, բայց հաշվի առնելով այն, որ կադրային դիվանագետների քանակը գնալով նվազում է, և բարձր դիվանագիտական պաշտոնների, ի հեճուկս խոստումների, նշանակվում են քաղաքական անձինք, որոնց դիվանագիտական փորձառությունը խիստ համեստ է, հաջողության ակնկալիքները բավականին քիչ են»,- ծրագրի մի քանի դրույթ ներկայացնելիս նշեց Արթուր Խաչատրյանը:

«Հայաստան» խմբակցության անդամն անդրադարձավ նաև առկա տնտեսական իրավիճակին՝ հղում անելով Էկոնոմիկայի նախարարի տարբեր հայտարարություններին.

«Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ տնտեսությունն աճում է, ներդրումները հորդում են: 2019 թվականին կառավարությունն արձանագրեց 7.6 տոկոս տնտեսական աճ, որի 5.4 տոկոսը առևտուրն ու ծառայություններն էին, վստահ եմ, որ բոլորդ գիտեք, ծառայությունների մեջ շահումով խաղերն ինչ տոկոս են գրավում:

2020  թվականի մասին չէի ուզի խոսել, որովհետև քովիդ, պատերազմ և այլն, բայց ամեն դեպքում, 2020 թվականի մասին մի հետաքրքիր հարց, ելույթ, միտք.

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ քովիդը հնարավորություններ է ընձեռում, խոսեց 30 միլիարդ դոլարի հնարավորությունների մասին, ինձ հետաքրքիր է՝ այդ 30 միլիարդից քանի՞ ցենտն իրականացվեց, որովհետև արտաքին բալանսի, բյուջեի, առևտրի բալանսի վրա այդ երեսուն միլիարդը չի երևում:

2021 թվականի առաջին եռամսյակում, համեմատած 2020 թվականի առաջին եռամսյակի հետ, մենք ունենք ՀՆԱ-ի անկում, երկրորդ եռամսյակում աճ ունենք,  բայց եթե 13 թվականի հետ համեմատեինք՝ աճը շատ ավելի մեծ կլիներ: Ասում եք՝ ներդրումները կհորդեն, պարոն Քերոբյանն այստեղ չի, պարոն Գրիգորյանին դիմեմ՝ դուք պատկերացնո՞ւմ եք ներդրողի, որը փող ներդնի մի երկրում, որտեղ կառավարությունը հայտարարում է, որ դատարանը պետք է կառավարության կամքը կատարի: Եթե ներդրողը կոնֆլիկտ ունենա կառավարության հետ, ո՞նց էդ մարդը գնա դատարան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս