Անհամամասնական Հայաստան

Դժվար է միանշանակ ասել՝ մեր երկրի անհամամասնական զարգացումն իշխանությունների գործողությունների՞, թե՞ անգործունեության արդյունք է:

Մի բան հաստատ է՝ որքան շատ են իշխանությունները խոսում երկրի համաչափ ու համամասնական (և հատկապես սահմանամերձ շրջանների) զարգացման անհրաժեշտության մասին, այնքան այդ գործը ձախողվում է:

Մայրաքաղաքի և մյուս վարչատնտեսական տարածքների միջև տարբերությունը խորանում է: Սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում:

Օրինակ, Երևանը ՀՀ միակ բնակավայրն է, որի բնակչությունն այս տարի աճել է: Երևանում է ապրում երկրի մշտական բնակչության 37 տոկոսը (այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ):

Անցած տարվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելիս պաշտոնապես հայտարարվեց, որ մեր արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է 105.010 մարդ: Նրանցից 44.627-ը (արդյունաբերության ոլորտի աշխատողների 42.5 տոկոսը) երևանցիներն են: Սա, իհարկե, համեմատելի չէ այն փաստի հետ, որ երկրի 1000 խոշոր հարկատուների 87 տոկոսը մայրաքաղաքում գործող կազմակերպություններ են:

Կարելի է նաև չտեսնելու տալ այն փաստը, որ թողարկված արտադրանքի քանակական արժեքի տեսանկյունից մայրաքաղաքի աշխատողների ստեղծած արդյունքն ավելի փոքր է, քան մայրաքաղաքից դուրս ստեղծվածը մեկ աշխատատեղի հաշվարկով: Բայց այստեղ ուրիշ բացատրություններ էլ են հնարավոր: Ուստի այն առանձին քննարկման թեմա է:

Տնտեսության ցանկացած ոլորտի վիճակագրություն ընդգծում է մայրաքաղաքի «հեգեմոն» դիրքը մյուս բնակավայրերի նկատմամբ:

Օրինակ, այս տարի հագուստի արտադրության ոլորտում Երևանին է «բաժին ընկել» 46 տոկոսը: Մինչդեռ այս ոլորտը ժամանակին մայրաքաղաքից դուրս էլ զարգացած էր: Առաջարկում եմ առանձին դիտարկել, թե որքան լուրջ է անհամամասնությունը, ասենք, շինարարության ոլորտում: Երկրում այս տարվա առաջին կիսամյակում իրականացված շինարարական աշխատանքների կեսից ավելին (50.5 տոկոս) կատարվել է մայրաքաղաքում:

Կից աղյուսակից նկատվում է, որ բյուջեի հաշվին կատարված շինարարական աշխատանքներն ավելի համամասնորեն են բաշխված:

Մայրաքաղաքի մասնաբաժինն այս դեպքում 31,1 տոկոս է: Բայց պետք չէ մոռանալ, որ բյուջեն ինքը փոքր (28.9 տոկոս) մասնաբաժին ունի շինարարության ընդհանուր ծավալում:

Շինարարության ծավալների աղյուսակը, կարծում եմ, ուշադիր վերլուծության կարիք ունի: Հատկապես այն հետաքրքիր է դիտարկել սահմանամերձ տարածքների՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի նկատմամբ իշխանությունների համարյա «ծնողական հոգածություն» հիշեցնող ելույթների ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս