Պատգամավորն ահազանգում է Կապանի համայնքապետի շուրջ մեկնարկած քաղաքական գործընթացների մասին, համայնքապետը դեռ չի մեկնաբանում
Կապան համայնքի ավագանու 15 անդամից 8-ն օգոստոսի 9-ին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Ու թեև մանդատները վայր դրած անդամները չեն մեկնաբանում հրաժարականի պատճառները, այդ պատճառներին այսօր խորհրդարանում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Մինչև այսօր մենք գիտեինք, որ կալանքի տակ են և քաղաքական հետապնդումների են ենթարկվում Գորիսի գործող համայնքապետը, Քաջարանի գործող համայնքապետը, Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետերը, բայց նոր զարգացումներ են տեղի ունենում նաև Կապանի համայնքապետի շուրջ:
Կապանի համայնքապետը՝ Գևորգ Փարսյանը, ընտրվել է 2018 թվականին, և լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, ավագանու լիազորություններն ավարտվում են 2022 թվականին: Այսինքն՝ քաղաքապետն առնվազն մեկ տարի կարող է դեռևս պաշտոնավարել, բայց ինչ է տեղի ունենում, մինչև ընտրությունները որևէ խնդիր չկար, ու մեկ էլ ընտրություններից հետո պարզվում է, որ ավագանու 6 անդամ միահամուռ մեկ էլ հասկացան, որ էլ չեն ուզում ավագանի լինել: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:
Եվ ամբողջ գործընթացը գնում է նրան, որ նոր քաղաքապետի ընտրություններ կազմակերպվեն: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ եք պատրաստվում անել, որ ամեն կերպ (մոլուցքի է արդեն սկսում վերածվել) ուզում եք չեզոքացնել Սյունիքի համայնքապետերին, ինչո՞ւ»:
Պատգամավորը շեշտեց՝ զուտ կապանցի լինելու համար չի խոսում. Կապանն իսկապես ստրատեգիական նշանակության քաղաք է. «Ձեր քաղաքական ուժի կայացրած որոշումների հետևանքով Կապանը ամենավտանգվածն է այսօր։
Օրինակ, Կապան-Ճակատեն ճանապարհը այսօր գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, Կապան-Ագարակ ճանապարհը ևս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո, օդանավակայանի անմիջապես կողքին կանգնած են ադրբեջանցիները, M2 միջպետական ճանապարհն է ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ:
Եվ անվտանգային նման մթնոլորտում փոխանակ մտածեք՝ ինչ մեխանիզմներ ներդնեք, որպեսզի անվտանգությունն ապահովեք, մտածում եք՝ ինչպես և ումով փոխարինեք համայնքապետի՞ն, և հատկապես մի համայնքապետի, ով իսկապես վերջին երեք տարիներին աշխատել է, հոգ է տարել համայնքի մասին, ջանքուեռանդ չի խնայել, որպեսզի ավելի բարեկարգ դարձնի համայնքը»:
168.am-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց իր շուրջ մեկնարկած գործընթացների մասին, նա, սակայն, չմանրամասնեց՝ նշելով. «Ես կխոսեմ երկուշաբթի օրվանից»:
Հիշեցնենք՝ Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 44-օրյա պատերազմից հետո Սյունիքում առաջացած լրջագույն անվտանգային սպառնալիքներով պայմանավորված՝ պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելին՝ դեռ փետրվարին, երբ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվում, Գևորգ Փարսյանը ԳՇ պետի և ՊՆ նախարարի հետ իր հանդիպումից ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել. «Դեկտեմբերի 15-16-ին մեզ հյուր եկավ մեր խաղաղապահ զորքերից ռուս բարեկամներից մեկը և հարցրեց մեզ՝ «Ե՞րբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել»: Ես մնացի շվարած. ասեցինք՝ այսի՞նքն, ո՞նց թե զիջել… Ասեց՝ տեղյակ չե՞ք, ձեր քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել:
Ես, կարելի է ասել, բոլոր ինձ հասանելի մեթոդները կիրառեցի՝ թե՛ անձնական կապերը, թե՛ հրամկազմի հետ քննարկելը, որ մենք ոչ մի կերպ այդ բնագծերը չզիջենք, որովհետև ես շատ լավ հասկանում էի՝ զիջելու պարագայում մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչն էսօր ունենք՝ օդանավակայանի, ճանապարհների հետ կապված և ընդհանուր տրամադրությունների հետ կապված:
Եվ բոլոր մեթոդները փորձելով՝ հասկացա, որ տարբերակ չի մնում, և մենք փորձեցինք վերջին տարբերակը՝ այն տարբերակը, որ ես ընդհանրապես չեմ սիրում և չեմ ընդունում. դա ճանապարհներ փակելու տարբերակն էր: Ես ասել եմ ու ասում եմ՝ Նիկոլի հետ էդ ճանապարհ փակելը եկել է, իր հետ էլ պետք է վերանա: Մենք որոշեցինք ամսի 17-ին մայրուղին փակել, որպեսզի լսելի լինենք, ու գիտե՞ք՝ ամենացավալին որն է, որ այդ տարբերակն աշխատեց: Սա ցավալի երևույթ է, որ այս երկրում, այս իշխանությունների օրոք, եթե դու ուզում ես լսված լինել, պիտի ճանապարհը փակես:
Ու այո՛, այդ օրը հանդիպում կայացավ Պաշտպանության նախարարի (Վաղարշակ Հարությունյանի,- Զ.Դ.) հետ: Համայնքի ղեկավարներով հանդիպեցինք, մեր զայրույթը հայտնեցինք իրեն, փորձեցինք ամեն ինչ, որ չզիջենք, նույնիսկ հասավ այն պահը, որ ասեցինք՝ իսկ եթե ընդհանրապես մենք այդ հրամանը չենք կատարում և չենք զիջում այդ դիրքերը, ապա այդ դեպքում՝ ի՞նչ: Նախարարի խոսքն այսպիսին էր, որ ես չեմ կարող ինչ-որ մեկին ասել՝ զիջեք, թե չզիջեք, բայց ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս դեմ լինել: Էլի նույն ձևի հիասթափված, ապշած՝ էս թե՛ նախարարից, թե՛ իշխանություններից… մի խոսքով, գիտեք, որ ամսի 18-ին մենք այդ դիրքերը զիջեցինք, և այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք:
Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկա էին այն գեներալների մի մասը, ովքեր այդ օրը ԳՇ պետի հետ ինձ հետ հանդիպման էին. իրենք ընդհանրապես տեղյակ չէին, տեղյակ չէր ԳՇ պետը»: