«Վիճարկվող դրույթներով վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման գումարային սահմանաչափերի բարձրացումը խնդրահարույց է լրագրողական գործունեության նկատմամբ ազդեցության առումով». ՀՀ ՄԻՊ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը 2021 թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված դիմումով Պաշտպանի ուշադրությունն է հրավիրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի սահմանադրականության հարցը:

Նշված օրենքով վիճարկվող դրույթները նախատեսում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-րդ հոդվածում ամրագրված՝ վիրավորանքի և զրպարտության համար սահմանված փոխհատուցման չափերի բարձրացում՝ վիրավորանքի դեպքում գործող խմբագրության նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը դարձնելով 3000-ապատիկ, իսկ զրպարտության դեպքում՝ 2000-ապատիկը՝ 6000-ապատիկ:

Պատասխան գրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախ հիշեցրել է, որ Օրենքի սահմանադրականության վիճարկման հարցով ՀՀ նախագահը 2021 թվականի ապրիլի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան:

ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ հիշյալ դիմումի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դատարանի ընկեր կարգավիճակով խորհրդատվական բնույթի կարծիք (amicus brief) է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների, միջազգային և ներպետական փորձի ուսումնասիրության արդյունքներով, որի եզրահանգումները ստացել են հետևյալ ձևակերպումները.

. Հանրային տիրույթում կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ դրսևորումների, այդ թվում՝ ատելության խոսքի, վիրավորանքի ու զրպարտության հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի պարբերական մշտադիտարկման առարկա են: Հետևաբար, այդ ոչ իրավաչափ երևույթների դեմ պետության հակազդման, խախտված իրավունքների վերականգնման արդյունավետ միջոցները պետք է երաշխավորվեն թե՛ օրենսդրական, թե՛ գործնական մակարդակներում:

  • Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ հակազդման այդ կառուցակարգերը պետք է լինեն որոշակի, համաչափ և արդյունավետ հետապնդվող նպատակին հասնելու համար: Հակառակ դեպքում, առաջ է գալիս հարաբերակցվող իրավական արժեքների, ինչպիսին տվյալ դեպքում մարդու պատիվը, արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունն է, հավասարակշռված պաշտպանվածություն չապահովելու խնդիր:
  • Առհասարակ, հարկ է նկատել, որ պետության քաղաքականությունը՝ կարծիքի և մամուլի ազատության սահմանափակումների մասով, Օմբուդսմանի մշտադիտարկման առարկան է եղել նաև արտակարգ դրության և ռազմական դրության պայմաններում: Այդ ժամանակահատվածում ոլորտի քաղաքականության ընդհանուր դիտարկումը՝ օրենսդրության վերլուծության, գործնականում դրա կիրառության խնդիրների համադրման և միջազգային մոտեցումների ամփոփման արդյունքներով, հիմք է տալիս եզրահանգելու, որ սկզբունքային մակարդակում դեռևս արմատավորված չէ խոսքի ու մամուլի ազատությանը միջամտության համաչափության ու որոշակիության պահանջների հետևողական պահպանումը՝ այդ ազատության առանձնահատկությունների ու կարևորության հաշվառմամբ: 

ՄԻՊ-ն իր գրության մեջ նշել է, որ վիճարկվող դրույթներով վիրավորանքի կամ զրպարտության համար փոխհատուցման գումարային սահմանաչափերի բարձրացումը խնդրահարույց է լրագրողական գործունեության նկատմամբ ազդեցության առումով, այսինքն՝ կարող է առաջ բերել անհամաչափ ֆինանսական պարտավորություն լրագրողի կամ լրագրողական կազմակերպության համար, որը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում քրեական պատժից կտարբերվի միայն եզրութաբանական առումով և ոչ թե բովանդակային:

Հիմք ընդունելով խնդրո առարկա կարգավորումների վերաբերյալ Պաշտպանի դիտարկումներն ու վերլուծությունները՝ ՄԻՊ-ը նշել է, որ հարկ է նկատել՝ վիճարկվող Օրենքը մտահոգություն է առաջացնում՝ այդ կարգավորումների համաչափության, հետևաբար նաև՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու և գործնական կիրառության արդյունավետության տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս