Կառավարության գործունեության նախորդ ծրագրերն ու նորի մեկնարկը. ի՞նչ հույս կա, որ այս մեկն էլ չի տապալվի

Վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց կառավարության ձևավորումը։ Դրա համար նա 15-օրյա ժամկետ ունի, բայց ակնհայտորեն շտապում է։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ հասկանալ։

Երկրի առջև բազմաթիվ ծանր խնդիրներ կան կանգնած։ Դրանք կապված են առաջին հերթին ղարաբաղյան պատերազմից հետո սկսված հայտնի ու անհայտ գործընթացների հետ։

Բայց միայն դա չէ։ Քիչ խնդիրներ չկան նաև ներսում։

Տնտեսական ու սոցիալական իրավիճակը մեր երկրում մնում է լարված։ Չնայած բազային էֆեկտի հաշվին վերջին ամիսներին տնտեսության մեջ աճեր են արձանագրվում, այնուհանդերձ իրական զարգացումներ չկան։

Մյուս կողմից էլ շարունակվում է սոցիալական իրավիճակի սրացումը։

Բարձր գնաճը դատարկում է մարդկանց գրպանները։ Ծանրացել է հատկապես անապահով հատվածի վիճակը։ Այս ընթացքում կառավարությունը ոչինչ չի արել մարդկանց սոցիալական բեռն ինչ-որ կերպ թեթևացնելու համար։

Կաբինետի ձևավորվելուց հետո կառավարությունն առաջիկայում  կներկայացնի իր գործունեության ծրագիրը։ Ի՞նչ կփոխվի դրանից հետո, առիթ կլինի անդրադառնալու։ Բայց մեծ հույսեր պետք չէ փայփայել։ Դրանում նախկինում բազմիցս համոզվել ենք։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ կառավարությունները 2 այդպիսի ծրագիր ներկայացրել են։ Երկուսն էլ տապալել են։

Առաջին կառավարության ծրագիր դեռ մի կողմ թողնենք։ Այն ժամանակ իշխանության «հեղափոխական» թիմը նոր էր եկել իշխանության և թացը չորից չէր տարբերում։ Բայց բան չփոխվեց նաև երկրորդ կառավարության ծրագրի իրականացման առումով։

Այդ ծրագրով կառավարությունը խոստացել էր ապահովել միջինը տարեկան 5 տոկոս տնտեսական աճ։

5 տոկոսը դժվար է բարձր, առավել ևս՝ հեղափոխական աճ համարել։ Սակայն դա էլ չկարողացան անել։

Երկու տարվա գործունեության արդյունքում ունեցանք գրեթե զրոյական աճ։ Դոլարային արտահայտությամբ 2018թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 12 մլրդ 510 մլն դոլար։ 2020թ. կազմեց 12 մլրդ 614 մլն դոլար։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018-2020թթ. գրեթե չի ավելացել։ Տնտեսության մեջ հավելյալ արդյունք չի ստեղծվել, որը պիտի բերեր մարդկանց բարեկեցության բարձրացման։

Եթե 2018թ. 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 4188 դոլար էր, ապա 2020թ. դարձել է հազիվ 4269 դոլար։ Աճել է ընդամենը 1,9 տոկոսով։

Զարմանալի չէ, որ կառավարության խոստացած աղքատության կրճատման փոխարեն՝ աղքատությունը երկրում խորացել է։ 2019թ. տվյալներով՝ Հայաստանի բնակչության 26,4 տոկոսն աղքատ է։ 2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։

2020թ. ցուցանիշը դեռ հայտնի չէ։ Բայց կասկած չկա, որ տեղի է ունեցել աղքատության խորացում։

Աղքատության խորացում ենք ունենալու նաև այս տարվա արդյունքներով։

Կառավարու­թյան ծրագրի առանցքային կետերից մեկն էլ գործազրկության էապես կրճատումն էր։ Գործազրկությունն այս ընթացքում մեր երկրում պաշտոնապես կրճատվել է։ Բայց նրա հաշվին, որ երկրում պակասել է աշխատող մարդկանց թիվը։ Նրանք զոհվել են ղարաբաղյան պատերազմում, մահացել համավարակից կամ լքել են երկիրը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած նախորդ 2 կառավարությունների տնտեսական ու սոցիալական ծրագրերն այդպես էլ կմնան թղթի վրա ու կմոռացվեն։

Նախկին ծրագրերը չկատարած, հիմա պատրաստվում են շատ ավելի ամբիցիոզ ծրագիր ներկայացնել։

Այս անգամ խոստանում են միջին տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։ Բայց մոռանում են, որ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար հարկավոր են մեծածավալ ներդրումներ։ Որտեղի՞ց է կառավարությունը պատրաստվում վերցնել այդ գումարները։ Հույսը հավանաբար Եվրամիության 1,6 մլրդ եվրոն է, որը, հնարավոր է՝ ավելանա ևս 1 միլիարդով կամ ոչ։ Այս պահին հստակ է 1,6 միլիարդի ծրագիրը։

Առաջին հայացքից սա լուրջ աջակցություն է մեր տնտեսությանը։ Բայց պետք է հաշվի առնել, որ այն 5 տարվա ծրագիր է, միջին տարեկան 320 մլն եվրո, ինչը մեծ ներարկում չէ, ինչպես թվում է։ Դա շատ քիչ է տնտեսությունն այս վիճակից հանելու համար։

Մեզ պետք են առաջին հերթին մասնավոր ներդրումներ։ Ներդրումներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, նաև տնտեսության վերազինմանն ու արդիականացմանը։

Մեր տնտեսության թիվ մեկ խնդիրն արտադրողականությունն է։ 7,5 անգամ ցածր արտադրողականություն ունենք, քան ԵԱՀԿ երկրների միջինն է։

Եվ ինչպե՞ս է պատրաստվում առաջիկա տարիներին կառավարությունը բարձրացնել տնտեսության արտադրողականությունը. պարզվում է՝ խորհրդատվություն տրամադրելով։

«Մենք պատրաստվում ենք ընկերություններին խորհրդատվություն տրամադրել, այսինքն` մասնագետները խորհուրդ կտան, թե ինչ է պետք անել, որպեսզի սարքավորումները, հոսքագծերը բարձրացնելով` արտադրողականությունը բարձրացվի»,- կառավարության գործունեության ծրագրի տնտեսական մասը գործարարներին ներկայացնելիս՝ տնտեսության արտադրողականության հետ կապված խնդրի լուծման իրենց պատկերացումներն այսպես է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարը։

Տնտեսականից բացի, կառավարության գործունեության նոր ծրագիրը նաև սոցիալական բաղադրիչ ունի՝ աշխատավարձի ու կենսաթոշակների բարձրացման տեսքով։ Աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում նախկինում էլ էին խոստացել։ Աշխատավարձերի բարձրացումը արվեց համատարած պարգևավճարներ վճարելով։ Այսօր էլ դրանք շարունակում են վճարվել, չնայած երկրի առաջ կանգած բազմաթիվ հրատապ խնդիրների առկայությանը, այդ թվում՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։

Մոտավոր հաշվարկներով, նախորդ 3 տարում գրեթե 120 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել։

Ու այդքանից հետո կառավարությունը հայտարարում է, որ փող չկա կենսաթոշակ բարձրացնելու համար։ Կառավարության նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում կենսաթոշակները բարձրացել են 3-4 հազար դրամով։ Առաջիկա տարիների համար խոստումը 17,5 հազար է, միջին տարեկան՝ 3,5 հազար։

Հինգ տարում ակնկալվում է միջին կենսաթոշակը դարձնել 61 հազար դրամ։ Այդ ընթացքում, թե մինչև ո՞ւր կհասնի գնաճը, ոչ մեկը չգիտի։ Նախկինում էլ մեկ անգամ կենսաթոշակները բարձրացրել են, թող կենսաթոշակառուներն ասեն, թե ի՞նչ է մնացել դրանից՝ այսօրվա բարձր գնաճի պայմաններում։

Անշուշտ, կառավարության գործունեության ծրագրերը նրա համար են, որպեսզի նախանշեն առաջիկա տարիների անելիքները։ Բայց նախանշելը շատ քիչ է։ Միշտ էլ կարելի է գայթակղիչ խոստումներ շռայլել, կարևորը դրանց իրականացումն է։

Նախկինի փորձը ցույց է տալիս, որ այդ ծրագրերը մեծամասամբ չեն կատարվում։ Իսկ տուժողը վերջում մնում է հասարակությունը, որը միշտ խաբված է դուրս գալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս