Հայ-իրանական օրակարգը չի փոխվի Ռայիսիի նախագահությամբ. վերլուծաբան
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում նորընտիր նախագահ, ԻԻՀ 13-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությունն էր: Հանդիսավոր արարողությանը ներկա էին 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետությունների ղեկավարներ, խորհրդարանների 20 խոսնակներ և 11 արտգործնախարարներ:
Արարողությանը մասնակցեցին նաև տարածաշրջանային ու միջազգային 11 կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ OPEC-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը և եվրոպական մի շարք կազմակերպությունների պաշտոնատար անձինք:
Նիկոլ Փաշինյանն օրերս փոխվարչապետ նշանակված Սուրեն Պապիկյանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ աշխատանքային այցով Իրանում է, որտեղ արդեն հանդիպել է ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի հետ: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ «Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ պաշտոնական տեքստի՝ Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, մասնավորապես քննարկելով Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։ «Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը»,- ասված է հաղորդագրությունում:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, թե ինչ փոփոխություններ կարելի է ակնկալել հայ-իրանական հարաբերություններում Ռայիսիի նախագահության օրոք:
Ըստ նրա, ԻԻՀ նախագահը ստանձնում է իր պարտականությունները տարածաշրջանում փոփոխված քաղաքական իրադրության և Իրան-Արևմուտք միջուկային ամենաթեժ բանակցությունների, ներքին բազմաթիվ խնդիրների ֆոնին:
Նա նշեց, որ այս պահին շատերին հետաքրքրում է կադրային քաղաքականությունը, որը ուղենիշային է, քանի որ սովորաբար ԻԻՀ ԱԳ նախարարը, ինչպես Ջավադ Զարիֆն էր, առանցքային ֆիգուր է, ինչպես նաև մյուս բոլոր պաշտոնյաները, որոնք տեղում պետք է իրենց աշխատանքն իրականացնեն:
Վերլուծաբանի կարծիքով, իհարկե, կարևոր են լինելու Իրան-Արևմուտք բանակցությունները, որոնք իշխանափոխությամբ մի փոքր ավելի անկանխատեսելի փուլ թևակոխեցին, սակայն ոչ լիովին բացասական, քանի որ ընդհանուր առմամբ կան համատեղ աշխատանքին, լուծումներին ուղղված ուղերձներ:
«Իհարկե, դրանք հեշտ չեն, այդ պատճառով արևմտյան մայրաքաղաքներում ներքին բանակցությունները շարունակվում են, և դրա արդյունքներով արդեն Իրանի հետ բանակցային վերջին փուլը շատ հանգամանքներ կպարզեցնի: Իշխանությունը ներքին ահռելի աշխատանք ունի անելու, այդ հարցում էական դեր կարող են ունենալ արտաքին հաջողությունները, այդ թվում՝ Արևմուտքի հետ հարաբերություններում փոփոխությունները, որը բարդ է, քանի որ ներքին հոսանքները ևս շատ են, կան Արևմուտքին չվստահողներ, բանակցություններին չվստահողներ, ավելի կոշտ պահանջներ Արևմուտքին առաջադրելու ջատագովներ և ավելի ազատ աշխատելու կողմնակիցներ, իսկ այդ գործընթացի մասնակիցները շատ են, և բոլորի շահերի հետ աշխատելը բարդ է:
Այս իշխանությունը չի հրաժարվելու միջուկային գործարքից, թեև այն շատ է քննադատել, այսինքն՝ իրանական կողմը պատրաստվում է բանակցություններում որոշ դիրքորոշումներ փոխել: Այսինքն՝ բանակցությունների հաջորդ և վճռական փուլը բավականին հետաքրքիր է լինելու»,- ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա Սալամին չի գտնում, որ հարաբերություններում արմատական փոփոխություններ են լինելու:
Ըստ նրա, ակնհայտորեն Իրանն ու Հայաստանն ունեն շահեր տարածաշրջանում, շահեր հաղորդակցական ապաշրջափակման պրոյեկտներում, որի մասին ուղիղ խոսում են:
Խոսքը, վերլուծաբանի դիտարկումների համաձայն, Սև ծով-Պարսից ծոց ճանապարհի մասին է, որը երկկողմ ակտիվ օրակարգում է վերջին կես տարվա ընթացքում, և ակնկալվում է, որ հարաբերություններում մեծ տեղ է հատկացվելու այս պրոյեկտը կյանքի կոչելուն ուղղված քաղաքական ջանքերին:
«Համագործակցության բոլոր ավանդական ոլորտները պահպանվելու են, Իրանն ու Հայաստանը միմյանց համար կարևոր երկրներ են, Իրանն ուղիղ կերպով հայտնում է իր քաղաքական դիրքորոշումները: Այս փուլում իսկապես ավելի սերտ աշխատանքի կարիք կա: Կարծում եմ, Իրանը տարածաշրջանային գործընթացներին հետևողի դերում չի լինելու միայն, այլ փորձելու է ավելի ակտիվ լինել, իր շահերը ևս առաջ մղել, հավասարակշռող դերակատարություն ունենալ:
Կողմերի աշխատանքից շատ բան է կախված, Հայաստանից՝ ևս, քանի որ Իրանի արտաքին քաղաքական խնդիրները ու հարևանները չափազանց շատ են, ուստի այստեղ երկուստեք աշխատանքը կարևոր է: Մշտապես այնպես է եղել, որ այդ հարաբերություններում մենք մշտապես բացեր ենք նկատել, դա անդրադարձել է քաղաքական արդյունքի վրա, բայց շահերը շատ ավելի շատ են, և կա համագործակցության հարմար ու լայն դաշտ»,- ասաց վերլուծաբանը: