Բաժիններ՝

Օնլայն տաքսիների գները բարձրանում են, որովհետև մրցակցություն չկա. Տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ 

Օնլայն տաքսի ծառայությունների գները, մոտ երկու ամիս է, բարձրացրել են. 1 կմ-ի համար մարդիկ նախկին 300-600 դրամի փոխարեն՝ ստիպված վճարում են 1000-1600 դրամ:

Կարծիք կա, որ այստեղ դեր է խաղում երթևեկության վիճակը, վառելիքի գները, վարորդների քիչ լինելը և այլն:

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ  տաքսիների հետ կապված խնդիրը լուծվի այն ժամանակ, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ։

«Իմ ամենամեծ մտավախությունը եղել և մնում է այն, որ այդ նույն  օնլայն տաքսիները հանկարծ քաղաքում տրանսպորտի տեր չդառնան: Երբ նոր մուտք էին գործում շուկա՝ տեղեկություն կար, որ իրենց նպատակը հենց դա էր, որ ամբողջ տրանսպորտն իրենցը լինի՝ տաքսի, ավտոբուս, տրոլեյբուս: Սա ամենավտանգավոր սցենարն է, որ կարող է լինել: Բայց այն, որ տաքսու պահանջարկը մեծացել է, քանի որ քաղաքային տրանսպորտ չունենք, դա փաստ է»,- պատասխանեց նա:

Անդրադառնալով համայնքային բյուջեի միջոցներով գնված 211 ավտոբուսներին, որոնք շուտով կլինեն Երևանում, Վահագն Սահակյանը նշեց, որ մի բան է տրանսպորտ ունենալը, մեկ այլ բան՝ երթևեկությունը ճիշտ կազմակերպելը:

«Եթե երթուղիները ճիշտ չհաշվարկեն՝ էլի տաքսու կարիք է լինելու: Մարդուն ի՞նչ է պետք. այն, որ օպտիմալ ձևով տեղ հասնի: Բայց եթե երթուղին սխալ մշակեն՝ այդ ավտոբուսն արդյոք կօգնի՞, որ վիճակը լավանա: Ինչ վերաբերում է օնլայն տաքսիների գների բարձրացմանը, ապա չկա նաև մրցակցություն, 1100 տաքսի ընկերությունների փոխարեն՝ այսօր աշխատում են երեք տարբեր անուններով առցանց հարթակներ: «Yandex»,-ը գինը որոշում է, հետո մեղքը բարդում է վարորդների վրա, թե՝ չեն ուզում այս գնով վարել: Մի ժամանակ էլ, որպես գնի բարձրացման պատճառ՝ նշում էին պիկ ժամը, խցանումները»,- ընդգծեց Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը՝ շեշտելով, որ որպես տաքսի աշխատող մեքենաները նաև չունեն լիցենզիա, հետևաբար՝ ուղևոր տեղափոխելու իրավունք չունեն, քանի որ այստեղ անվտանգության խնդիր կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս