«Սյունիքում թուրքին բերել, մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու ասում եք՝ «վայ, տեսեք, ընտրում են, մեզ են ընտրել»». Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին

Այսօր՝ նորընտիր Ազգային ժողովի նիստի ժամանակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ճամբարափոխ եղած և ՔՊ կազմում նորից պատգամավոր դարձած նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի պնդմանը, որ «մարդը բարձրագույն արժեք է», պնդեց՝ այս հարցում չպետք է լինեն երկակի արժեքներ:

«Այո, մարդը բարձրագույն արժեք է, և անձի արժանապատվությունը նսեմացնելը որևէ կերպ թույլատրելի չէ: Այո, պարոն Բագրատյան, իսկ երբ սյունեցիներին ձերբակալելիս նրանց ստորացնելով, անձի արժանապատվությունը հատուկ նվաստացնելով բերման էին ենթարկում, Դուք մտահոգություն արտահայտե՞լ եք այդ մարդկանց արժանապատվության վերաբերյալ, ես հրապարակավ չեմ լսել: Կուզենայի, որ այստեղ երկակի ստանդարտներ չլինեն, մարդը մարդ է, թե՞  ձեզ համար մարդ էլ կա, մարդ էլ: Պարոն Բագրատյան, ամենևին, բացարձակապես չեմ ցանկանա անձնական տիրույթ մտնել, որևէ կերպ միտում չունեմ Ձեզ վիրավորելու, բայց արդյո՞ք, երբ ԲՀԿ ցուցակով առաջադրվում էիք, 3-րդ հոդվածի՝ անքակտելի արժանապատվության դրույթի մասին տեղյա՞կ էիք, խոսքս պարտավորագրի մասին է, որ Դուք ստորագրել եք, հույս ունեմ, որ այնտեղ գոնե Ձեր անձը նվաստացնող որևէ արտահայտություն տեղ չի գտել»,- ասաց Գրիգորյանը:

Խոսելով Սյունիքի ճանապարհներին տեղակայված ադրբեջանական զինված ուժերի մասին՝ պատգամավորը նշեց, որ դա գաղտնի ստորագրված փաստաթղթի հետևանք է:

«Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհին այսօր կանգնած են ադրբեջանցիները՝ ոչ թե՝ որովհետև նոյեմբերի 9-ին հայտարարություն էր ստորագրվել, կամ որովհետև 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենք է ընդունվել, այլ, որովհետև պատերազմից հետո առանձին հուշագիր է ստորագրվել բոլորիցս թաքուն, բոլորիս մեջքի հետևում, և այդ հուշագրի առաջին կետով հստակ ամրագրվում էր, որ Կովսականի և Սանսարի հատվածները զիջվում են թշնամուն, այնուհետև հստակ կոորդինատներով առանձնացվում է, թե որտեղ են տեղակայվում հայ, ադրբեջանցի և ռուս սահմանապահները: Այդ ամենը ֆիքսված է, հետևաբար՝ ամեն անգամ, երբ խոսում եք Սյունիքում տեղի ունեցողի մասին, խնդրում եմ, մի վկայակոչեք 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքը, այլ պարզապես վկայակոչեք այն հուշագիրը, որը գաղտնի է ստորագրվել, որով այդ ճանապարհները պարզապես հայտնվել են նաև ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Երբ դա արվում էր, ասվում էր, որ գիտե՞ք՝ դա անում ենք, որ Սյունիքն անվտանգ լինի, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է, տեսանք՝ որն էր այդ կարմիր գիծը:
Այսօր Սև լճում, ինչպես նաև Գեղարքունիքում տեղակայված են ադրբեջանցի զինվորներ, ավելին, 20 օրից ավել է, որ մեր 2 զինծառայողներ պարզապես մոլորվել են, դուք որևէ տեղեկություն ունե՞ք այդ մարդկանց մասին, եթե ունեք, խնդրում եմ հայտնեք, մենք չգիտենք, թե ինչ է կատարվել մեր երկու հայրենակիցների հետ»,- ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը պատմեց, որ Կապան-Գորիս ճանապարհով անցնելիս լինում են դեպքեր, երբ ադրբեջանցի զինվորականները քարերով հարվածում են հայկական մեքենաներին, և մարդիկ վախենում են անցնել այդ ճանապարհով:

«Հետևաբար` երբ այստեղ Նապոլեոնի հաղթական կեցվածքով ելույթներ եք ունենում, խնդրում եմ հիշեք, թե ի՞նչ իրավիճակում է գտնվում մեր երկիրը: Ավելին, այստեղ ելույթ են ունենում, ասում են՝ «տեսեք, Սյունիքում մարդիկ մեզ են ընտրել, Շուռնուխում մարդիկ մեզ են ընտրել», և դուք հպարտանո՞ւմ եք դրանով, այսինքն՝ Սյունիքում թուրքին բերել, մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու ասում եք՝ «վայ, տեսեք, ընտրում են, մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է»,- ասաց Գրիգորյանը:

Նա ՔՊ-ական պատգամավորին խնդրեց մեկնաբանել նաև, թե ի՞նչ է նշանակում՝ մարդիկ ընտրել են ժողովրդավարությունը, և ոչ՝ անվտանգությունը:

«Թյուր տպավորություն է, որ եթե իշխող ուժը հաղթել է ընտրություններում, ուրեմն էլ այլևս որևէ բանի համար պատասխանատվություն չի կրում, ոչ, կրում եք: Եթե անգամ ձեր մանդատը պողպատյա է, այն չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը, չի լռեցնելու մեր հայրենակցի ձայնը Բաքվի դատարանում, ով ադրբեջանցի դատավորին խնդրում էր բարեգութ լինել իր նկատմամբ, որովհետև իր մայրը միայնակ է և իր խնամքի կարիքն ունի: Այս ամեն ինչը մոռացե՞լ եք: Բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե նույնիսկ դուք հաղթել եք ընտրություններում, պարտվել է մեր պետությունն ու պետականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս