Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծություն

Հայաստանն այժմ ապրում է ևս մի հերթական բարդ ժամանակաշրջան: Պատերազմի վնասները զգալի են և մեծ ազդեցություն են ունեցել: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության դեպքերը դեռևս շարունակվում են, ինչի արդյունքում գույքեր են վնասվում, և զինվորականների շրջանում շարունակվում են վիրավորվելու և մահվան դեպքերը: Առջևում դեռ կան զգալի ռիսկեր: Ուստի կարևոր է գնահատել Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական ռիսկերը՝ սկսած առաջին հերթին հիմնական հիմնախնդիրներից, վերջացրած այն մարտահրավերներով և որոշակի հնարավորություններով, որոնք կարող են ի հայտ գալ:

Հիմնական մտահոգիչ հանգամանքներից մեկն այն է, որ Հայաստանն ավելի քիչ բնակչություն ունի, քան Ադրբեջանը, և եթե նույնիսկ կանայք նույնպես ծառայեն բանակում, ապա այդ դեպքում ևս Հայաստանի զինված ուժերի քանակը բավարար չի լինի: Հայաստանի բնակչությունը զգալի անկում է ապրել արտագաղթի արդյունքում, և այս միտումն է՛լ ավելի է խորացել վերջին Ղարաբաղյան պատերազմից հետո, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի տարբեր փուլերում: Պատմականորեն զորակոչի վրա հիմնված բանակը պետք է հաշվի առնի բնակչության նվազող միտումները:

Դաժան տնտեսական իրականություն է այն, որ Հայաստանը չի կարող ավելի շատ գումարներ ծախսել, քան իր դառը մրցակից Ադրբեջանը: Հայաստանի տնտեսական իրավիճակն է՛լ ավելի է բարդացել պատերազմի և համաճարակի պայմաններում տուրիզմից ստացվող եկամուտների անկման արդյունքում:

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ թշնամությունը Հայաստանի ռազմական և դիվանագիտական ռազմավարագետների համար ահռելի վտանգ է իրենից ներկայացնում: Առկա է ոչ միայն երկու ճակատով մեծ պատերազմի վտանգ, այլ նաև պետք է հաշվի առնել, որ սահմանների և մայրաքաղաքի միջև ընկած տարածությունը շատ կարճ է, ինչի արդյունքում տարածությունը վախենալու աստիճանի կարճ է թվում՝ հատկապես ներկայիս առաջադիմական օդային ռազմական ուժերի զարգացվածության պայմաններում:

Հայաստանի բանակը դեռևս շարունակում է հիմնականում նկարագրվել՝ որպես սովետական մտածելակերպի կրող: Ավելի ժամանակակից և ավելի դինամիկ մտածելակերպի կարիք կա: Կարիքից դրդված, Հայաստանի բանակը մեծապես կախված է եղել ռուսական սպառազինությունից, որը հաճախ հին և հետամնաց տեխնոլոգիա է: 2020թ. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հիմնական սպառազինության մեծ մասը ոչնչացվել է, վնասվել կամ առգրավվել է: Շտապ անհրաժեշտություն կա ձեռք բերելու ավելի նոր և ավելի զարգացած սպառազինություն՝ չնայած կառավարության զգալի սահմանափակ բյուջետային միջոցներին: Ավելի քիչ վարժված և կարճաժամկետ ժամկետային զինծառայողների փոխարեն՝ բանակում հարկ է ունենալ երկարաժամկետ պայմանագրային պրոֆեսիոնալներ:

Չնայած այն բանին, որ Հայաստանն ու սփյուռքն ընդհանուր դառը պատմություն են ապրել և անցել են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության և տեղահանման միջով, վերջիններիս քաղաքական հայացքները բևեռացված և անջատ են: Որ կողմից էլ նայես այս հարցին, այդ բևեռվածությունն ինքնին կործանարար երևույթ է, ինչը միայն մեծացնում է հայ ազգի հետագա գոյության ռիսկերը:

Ռուսաստանը ներկայումս Հայաստանի ամենամտերիմ ռազմավարական գործընկերն է, սակայն, դրա հետ մեկտեղ՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում տարբեր հարթություններում խնդիրներ կան: Որպես պատմականորեն իմպերիալիստ պետություն, Ռուսաստանը գերակա շահեր ունի այս տարածաշրջանում, սակայն հաճախ դրանք իրացվել են Հարավային Կովկասի ազգերի, ներառյալ՝ հայերի շահերի հաշվին:

Ներկայիս գործընթացներն այնպիսի հունով են գնում, որ պետք է հարց տալ. «Արդյո՞ք Ռուսաստանի կարճաժամկետ և երկարաժամկետ շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ»:

Պատմությունը ցույց է տվել, որ դրանք խառն են: Ռուսաստանը կարևոր դերակատարություն է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարդկանց պատսպարվելու համար այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրության կողմից իրականացվող մասսայական կոտորածներից հայերը փախչում էին և պատսպարվելու տեղ էին որոնում, սակայն, չնայած դրան, անցյալի Սովետա-Թուրքական դաշնակցային բանակցությունները Հայաստանի տարածքների գնով են եղել: 1920-ականներին Ռուսաստանը ցանկանում էր նաև Լեռնային Ղարաբաղը, իր գերակշռող հայ բնակչությամբ հանդերձ, հանձնել Սովետական Միության տարածքի ներսում Ադրբեջանի իրավասության տակ: Նույնիսկ Սովետական Միության վերջին տասնամյակների ընթացքում, Կրեմլի ղեկավարներն արգելում էին Ղարաբաղի հայերի` Հայաստանի Սովետական Հանրապետություն տեղափոխվելու դիմումները: Իսկ վերջին ժամանակներում, երբ Ռուսաստանն օգնում էր Հայաստանին` սուբսիդավորելով զենքի ձեռքբերումը, այն նաև դրա հետ մեկտեղ զգալի չափով զենք էր տրամադրում Հայաստանի թշնամի Ադրբեջանին:

Վերջին տարվա ընթացքում, Ռուսաստանն ակնհայտորեն չկատարեց իր` Հայաստանի դեմ Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի դրսևորման դիմաց լիարժեք պաշտպանություն իրականացնելու դաշնակցային պարտավորությունը: Մյուս կողմից, կասկած չկա, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված Գյումրիի ռազմաբազան զսպող հանգամանք է հանդիսացել Հայաստանի հանդեպ Թուրքիայի հնարավոր լայնածավալ ագրեսիայի դիմաց: Ընդհանրապես կասկած չկա, որ 2020թ. վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հայերը մեծ վտանգի մեջ էին, և այսօր նրանք պաշտպանված են միայն ռուս խաղաղապահների մի նեղ պատի կողմից: Ղարաբաղի երկարաժամկետ ապագան դեռևս մշուշոտ է:

Հնարավոր է նաև, որ երկարաժամկետ կտրվածքով տեղի կունենա հայերի լուրջ արտագաղթ` մասնավորապես, մինչև այն ժամանակը, երբ մի քանի տարի անց կվերջանա խաղաղապահների առաքելության պայմանագրային ժամկետը: Չնայած վերջերս Ռուսաստանի կողմից միջնորդության ջանքերի արդյունքում ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, Ադրբեջանը շարունակում է պրոբլեմատիկ խախտումներ իրականացնել:

Արդյունքում, բարդություններ են ստեղծվում Երևանի ռազմավարական և արտաքին քաղաքականություն մշակողների համար, իսկ իրավիճակը շատ սահմանամերձ համայնքներում շարունակում է լարված մնալ:

Համեմատական տեսանկյունից դրական կողմն այն է, որ Հայաստանում առկա է գրագիտության և կրթության մակարդակ: Հայաստանի քաղաքացիական համալսարանների շրջանավարտները կրթված են և զարգանալու ցանկություն ունեն: Ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա է բարձր կրթական մակարդակ, և համեմատական կարգով ավելի ազատ հասարակություն:

Բնակչությունը լայնորեն օգտվում է ինտերնետի ընձեռած հնարավորություններից, հիմնականում մայրաքաղաք Երևանում, և երիտասարդ հասարակությունը շարունակական կերպով ձեռք է բերում անգլերեն լեզվով խոսելու հմտություններ: Հայաստանի հասարակության` գլոբալ համայնքի հետ շփվելու տեսանկյունից սա դրական զարգացում է:

Սակայն կա մի մարտահրավեր, որը վերաբերում է ավելի շատ բազմակարծություն ունեցող հայ քաղաքացիական գիտական համայնքի և բարձր կենտրոնացվածություն ունեցող ռազմական կրթական հաստատությունների և պլանավորողների միջև հսկայական տարբերությանը:

Պատմականորեն, վերջիններս անքան էլ բաց չեն եղել ընդունելու նոր և նորարարական մտքեր: Համատեղ գիտական համաժողովների կազմակերպումը, համալսարանական փոխանակման ծրագրերը և ազգային ու միջազգային գիտական աշխատանքային խմբերի ստեղծումը կարող է նվազեցնել այս անդունդը:

Հավանաբար Հայաստանի համար լավագույն երկարաժամկետ անվտանգության հույսը կարող է լինել տեխնոլոգիական նորարարության միջոցով ռազմական գործերում հեղափոխական զարգացում մտցնելը:

Այստեղ, որպես պատմական օրինակ, կարող ենք մեջբերել երկու քաղաքացիական գիտնականների` բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թուրինգի կողմից ներկայացված հաշվարկային գիտության ձեռքբերումների արդյունքում թշնամու ռազմական բանականության վերծանման թեզը, ինչպես նաև ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օփենհայմերի կողմից ատոմային տրոհման միջոցով աշխարհի առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքը:

Այս երկու հեղափոխական տեխնոլոգիական ձեռբերումները միասին, կարելի է ասել, կանխորոշեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը: Արցախում և Հարավային Կովկասի օդային տարածքներում տեղի ունեցած 2020թ. մահացու անօդաչու թռչող սարքերի պատերազմը դառը հիշեցում էր այն մասին, թե ինչպես կարող են նոր հեղափոխական բանականությունը և տեխնոլոգիապես զարգացած զենքերը սահուն և հիմնարար կերպով փոխել պատերազմի ելքը: Ակնհայտ է, որ Հայաստանի համար խիստ անհրաժեշտություն է օգտվել համաշխարհային գիտական ձեռքբերումներից: Այս ուղղությունը կարող է խրախուսվել հավանականորեն տեխնոլոգիապես ավելի զարգացած պետությունների և դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցության միջոցով:

Բնական գիտությունների փոփոխություններից սկսած, և վերջացած սոցիալական գիտությունների վերլուծությունից, կարելի է գնահատել ցանկացած հասարակության ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև կառավարման մեթոդները:

Դիկտատուրաները խստորեն կախված են մեկ ուժեղ մարդուց, ում կառավարումն իրականացվում է վերից վար իջեցված որոշումների կայացման և լարված վախի մթնոլորտի պահպանման հիման վրա: Ադրբեջանն ու Թուրքիան ներկայումս խիստ ավտոկրատ ռեժիմների կողմից են կառավարվում: Այդ երկրների ղեկավարներն այս պահին, թվում է, բավականին ամուր կերպով կպած են իշխանությանը:

Ցանկացած հասարակական այլակարծություն այդ երկրներում խիստ ուժային պատասխան է ստանում: Դրա հետ մեկտեղ, այդ ղեկավարներն ունեն իրենց «աքիլեսյան գարշապարը», որը կարող է դրսևորվել ներքևից ժողովրդավարական հեղափոխության տեսքով, ինչի արդյունքում «հնացած ռեժիմները» կարող են փլուզվել:

Հավանաբար երկարաժամկետ կտրվածքով ավտորիտար ռեժիմների այդ ղեկավարների աճող անկարողությունն ու անգործունակությունը ժամանակի ընթացքում կարող են խնդիրներ առաջացնել: Երկու երկրներն էլ լուրջ ազգային փոքրամասնություններ ունեն, որոնք տառապում են խեղդող բռնաճնշումներից: Այս երկու երկրներում էլ ավելի ակտիվ քաղաքացիական հասարակությունը կարող է դրական զարգացում դառնալ ընդհանուր տարածաշրջանի համար, սակայն նման փոփոխությունները տեսանելի չեն թվում մոտ ապագայի համար: Դրա փոխարեն, այսօր այդ երկրներում խաղաղ քաղաքացիական հասարակության փոխարեն՝ ականատես ենք լինում աճող քաղաքական բռնաճնշումների, ինչն իր ուղիղ անդրադարձն է ունենում այդ երկու երկրների պաշտպանական և արտաքին քաղաքականության հարցերում:

Հայաստանը, որպես տարածաշրջանային մրցակցային պետություն, անշուշտ, պետք է մտահոգված լինի ավտոկրատների աճող տարածքային նկրտումների, ագրեսիայի և ռիսկերի դիմելու ցանկության պատճառով:

Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում տեղի ունեցող սահմանային միջադեպերը և ներխուժումները ցույց են տալիս, որ Ալիևը բավարարված չէ 2020թ. պատերազմի վերջնական հաղթանակով և զգալի հողային տարածքների ձեռքբերումով: Նա հայտարարել է, որ ավելին է ցանկանում: Մարդիկ, ովքեր կարծում են, որ Բաքվի վերջնական նպատակն է Հարավային Կովկասում հայերի ցեղասպան բնաջնջումը, համոզված են, որ սա շատ մտահոգիչ և չարագուշակ ուղերձ է: Նման թշնամական և կոնֆլիկտային իրավիճակում տարածաշրջանում հաղաղության հաստատման հեռանկարները կամ շատ քիչ են, կամ իրատեսական չեն թվում:

Հայաստանը պետք է ավելի մտահոգված լինի, սակայն պատմության ընթացքում տարբեր իրավիճակներում կարողացել է գոյատևել: Չնայած այդ ամենին, գոյատևելը բավարար չէ: Նպատակը պետք է լինի ավելի կայուն և արդար միջավայրում զարգանալը: Այս համատեքստում երևում է, որ, ի վերջո, այդ նպատակին հասնելու համար ուրիշ ճանապարհ պետք է ընտրել:

Հավանաբար կարևոր դասեր կարելի է քաղել Եվրոպայից: Գերմանացիների և Ֆրանսիացիների միջև 19 և 20-րդ դարերի ահավոր պատերազմներից հետո մի քանի խիզախ և հստակ տեսլական ունեցող պետական անձինք (ներառյալ՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներ Ժան Մոնեն և Արտգործնախարար Ռոբերտ Շումանը) համախմբվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում և սկսեցին ուղիներ որոնել շարունակական բնույթ կրող պատմական կոնֆլիկտներին վերջ դնելու համար:

Ավելի լավ ապագա ունենալու մղումով, նրանք որոշեցին թուրը ետ դնել պատյանը: Այսպիսով, Գերմանիայի և Ֆրանսիայի երկաթի և ածուխի արդյունաբերությունները, որոնք ժամանակին ծառայեցվում էին պատերազմի նպատակների համար, սկսեցին ծառայեցվել նոր, ավելի միջազգային ինտեգրացիոն նպատակների համար, որի արդյունքում պետք է վերացվեին ազգային սահմանները: Այս կազմակերպչական տնտեսական հենասյունի հիման վրա, որի արդյունքում կազմավորվեց Եվրոպական Ածուխի և Երկաթի Համայնքը (1951), վերջապես ստեղծվեց Եվրոպական Ընդհանուր Շուկան (1957), ինչի արդյունքում հետագայում ձևավորվեց Եվրոպական Միությունը (1993):

Նույնիսկ այլ` նախկինում պատերազմող երկրներ ներքաշվեցին այդ աճող համայնքում և ստեղծեցին հսկայածավալ տարածաշրջանային համախմբում, որը հետագայում արդեն պետք է տարածվեր Եվրոպական մայրցամաքի մեծ մասով մեկ: 1950-ականներին նպատակը ոչ միայն վերջին պատերազմներից հետո գոյատևելն էր, այլ ավելի լավ վաղվա օր ունենալու տեսլականով զարգանալը: Հանուն երեխաների հաջորդ սերունդների, նրանք մեկ այլ ուղի ընտրեցին: Պատերազմի և խաղաղության միջև ընտրությունը դեռևս արդիական հարց է մնում 2021 թվականին:

Ալան Ուայթհորն

Քաղաքական գիտությունների պատվավոր պրոֆեսոր, գրում է Հայաստանի և Հարավային Կովկասի թեմաներով

26-31-ը հուլիսի, 2021 

Տեսանյութեր

Լրահոս