Հիմա ստիպված կլինեն պարզաբանումներ ներկայացնել Մխիթար Զաքարյանի գործի մակագրության վերաբերյալ. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Զաքարյանի փաստաբանների բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Մխիթար Զաքարյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նիստի մեկնարկից մի քանի րոպե անց դուրս եկավ դատարանից և լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է:

Սարգսյանի պարզաբանմամբ՝ դատարանը նախ իրենցից հետաքրքրվել է, թե արդյոք ունե՞ն դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն, ինչին ի պատասխան՝ պաշտպանը դատարանին խնդրել է պարզաբանել, թե ինչո՞ւ, ի՞նչ կարգով է Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը մակագրվել հենց իրեն:

«Դատարանը, բնականաբար, ոչինչ չգիտեր, ես սա ուզում եմ հստակ արձանագրել: Ինքը գիտի, որ ձեռքով է մակագրված: Ասում եմ՝ արդյո՞ք սա օրենքով սահմանված կարգով է, ասում է՝ «եթե մակագրվել է, ուրեմն՝ այո»: Ասում եմ՝ բայց քանի որ օրենքով սահմանված կարգը համակարգիչն է, Դուք վստա՞հ եք, որ համակարգիչը չկա, դրա համար են ձեռքով մակագրել, ասում է՝ «դե, ես չգիտեմ, մամուլից եմ տեղեկացել»:

Առաջին խնդիրը, որ դատարանը որևէ բողոք ընդունելով վարույթ՝ պետք է առաջին հերթին ճշտի՝ արդյո՞ք կարգը պահպանված է, որովհետև եթե կարգը պահպանված չէ, անօրինական է, ուրեմն չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Դրանից հետո քանի որ իբր մակագրություն ցույց տվեց, ինչ-որ նշում էր կատարված իր ազգանվան դիմաց, խնդրեցինք պարզաբանել, թե դատարանի նախագահը ո՞ր լիազորությամբ է այս մակագրությունն իրականացրել, օրենքով սահմանված ո՞ր նորմով է ղեկավարվել, դա էլ չմեկնաբանվեց, բնականաբար: Եվ դատարանի պատճառաբանությունը սա էր՝ «դե որ, եթե դատարանի նախագահը մակագրել է, ուրեմն օրենքով սահմանված կարգով է»:

Իհարկե, մենք դա խորը կասկածի տակ դրեցինք, հիմա էլ ենք դնում, որովհետև մամուլում շրջանառվող տեղեկությունները, որոնք դատարանն էլ է վկայակոչում, նրա մասին են, որ հատուկ են առգրավել այս համակարգիչները, որպեսզի ստեղծվի իբր թե անհնարինություն համակարգչով մակագրության, և իրենց ցանկալի դատավորներին մակագրեն այն բողոքները, որոնք ցանկանում են հսկողության տակ պահել, և այդ բողոքները մերժվեն կամ բավարարվեն»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վստահություն ունեն, որ Մխիթար Զաքարյանի դեպքը հենց այդ դեպքն է, որովհետև գործի բնույթն ու ողջ ընթացքը ցույց են տալիս, որ Մխիթար Զաքարյանի գործի նկատմամբ ակնհայտ է վերահսկողությունը:

«Դատավորին խնդրել ենք, միջնորդել ենք, որպեսզի գնա, ընդմիջում վերցնի, փորձի պարզել՝ արդյոք այդ համակարգիչներն իրականում առկա՞ են, թե՞ ոչ, առգրավե՞լ են, թե՞ ոչ, եթե առգրավված չեն կամ առգրավված են, ապա ո՞ր նորմով է ղեկավարվել դատարանի նախագահը, որ այս մակագրությունը արել է, արդյոք ունի՞ նման իրավասություն, արդյոք ղեկավարվե՞լ է այն նորմով, որն իրենք իրավունք տալիս է, որից հետո երբ դատարանը գա, կտեսնենք՝ ինչ պատասխաններ է տալիս, դրանից հետո կանդրադառնանք… Հիմա ստիպված կլինեն պարզաբանումներ ներկայացնել, որից հետո մենք մեր դիրքորոշումը՝ ինքնաբացարկի հետ կապված, կտեղեկացնենք»,- նշեց Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին 168.amգրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում և պատրաստվում են առգրավել գործերի մակագրման համար նախատեսված համակարգիչը: Հենց դատական համակարգից ստացած տեղեկություններով ավտոմատ մակագրում կատարող համակարգչի առգրավման նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

Հիշեցնենք նաև, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեսանյութեր

Լրահոս