Բաժիններ՝

Մի շարք երկրներում չպատվաստված մարդկանց չեն թողնում ներս մտնել շատ հաստատություններ

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է` մի շարք հաստատություններում աշխատող կամ այնտեղ հաճախող 18 տարեկանից բարձր անձինք կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք:

Առաջարկվում է, որ պետական կառավարման և ՏԻՄ-երի, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կա՛մ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք` առավելագույնը 72 ժամ վաղեմության: Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին:

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ բնակչության 75 տոկոսը պետք է պատվաստված լինի, որպեսզի ստեղծվի իմունիզացված բարիեր:
Իսկ մինչ մարդիկ որոշում են՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ, ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, կորոնավիրուսի դեպքերն աճում են:

«Լիբանանում մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թիվը ամեն օր ավելանում է 1000-ով: Pfizer-ով պատվաստում են մեծահասակներին, Astrazeneca-ով՝ միջին տարիքի անձանց»,- մեզ հետ զրույցում ասաց լիբանանահայ Մարին:

Կալիֆոռնիայում բնակվող Լուսինեի փոխանցմամբ՝ այնտեղ բնակչության 55 տոկոսը պատվաստվել է:

«Չեն պարտադրում, սակայն չպատվաստված մարդկանց չեն թողնում ներս մտնել շատ հաստատություններ: Կինոթատրոններում, ռեստորաններում, պատկերասրահներում ստուգում են՝ պաստվաստման անձնագիր ունե՞ս, թե՞ ոչ, ապա նոր ներս են թողնում: Թեստ էլ պետք է հանձնեն 72 ժամվա ընթացքում՝ 150 դոլարով, իսկ անվճար թեստավորվելը տևում է 4-7 օր: Լսել եմ՝ Հայաստանում պատվաստվելը խթանելու համար մրցույթ կա, այդպես Լոս Անջելեսում եղավ փետրվար ամսին: Սակայն որոշ փորձագետներ նշել են, որ գրիպի սեզոնին՝ հոկտեմբերին, սպասվում է լոքդաուն»,- նշեց Լուսինեն:

Ֆրանսիայում ևս կորոնավիրուսի դեպքերը շատանում են: Օգոստոսի 1-ից սկսած՝ եթե պատվաստված չեն, ապա սրճարան, ռեստորան իրավունք չունեն մտնել, ինչպես նաև նստել ինքնաթիռ, գնացք»,- տեղակացրեցին այնտեղ բնակվող մեր հայրենակիցները:

Հավելենք, որ ԱՆ հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում է «Դելտա» շտամը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը համատեղ իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:

Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:

Օգոստոսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Ունենք 147 առողջացած և 2 մահվան դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս