Ռոբերտ Սուքիասյանի անվանն առնչվող առաջին գործը կարճվել է ամիսներ առաջ. արդյոք 2-րդն էլ կկարճե՞ն, թե՞ …
Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության աղմկահարույց միջադեպից հետո լրատվական ու սոցիալական հարթակներում միջադեպի մասնակիցների մասին մի շարք իրարամերժ տեղեկություններ տարածվեցին: Նախ նշվեց, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի որդին է եղել, ապա՝ նրա եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չկար կասկածյալների մասին որևէ տեղեկություն. կոմիտեում բավարարվել էին «անհայտ անձինք» ձևակերպմամբ:
«2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ը Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին խնդրեց անդրադառնալ միջադեպին՝ Խաչատուր Սուքիասյանի որդու մասնակցության տեղեկություններին, սակայն ՔԿ մամուլի քարտուղարն ասաց, թե չունի նման տեղեկություն, այն դեպքում, երբ սոցցանցերում նման տեղեկություններ են շրջանառվում:
Հիշեցնենք՝ անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցության մասին տեղեկություններին՝ Վարդան Թադևոսյանը երեկ ևս նմանօրինակ պատասխան էր տվել.
«Մենք այդ տեղեկությունը չունենք. այժմ քննություն է ընթանում, քննիչը նյութեր է նախապատրաստում: Այն, ինչը որ հրապարակման ենթակա է, ես հրապարակել եմ. եթե լրացուցիչ որևէ տեղեկություն ստանանք անձերի հետ կապված, և եթե նպատակահարմար եղավ գաղտնիությունը չխախտելով հրապարակել, մենք կհրապարակենք դա»,- ասել էր ՔԿ մամուլի քարտուղարը՝ վստահեցնելով, որ իրենց պրակտիկայում առհասարակ աշխատում են անուններ չհրապարակել:
Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի. ուշ երեկոյան նախ՝ պարզաբանող հայտարարություն տարածեց Խաչատուր Սուքիասյանը, ապա նաև՝ նրա եղբոր փաստաբանը՝ Գոռ Միքայելյանը:
Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով միջադեպին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, իշխանությունների սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը յուրօրինակ խոստովանություն էր արել.
«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:
Կրկին ֆեյսբուքյան գրառմամբ փաստաբանն էլ իր հերթին տեղեկացրել էր.
«Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով հետաքրքրությունը Ռոբերտ Սուքիասյանին առնչվող քրեական գործի նկատմամբ, հաստատում եմ, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է, և ես հանդիսանում եմ նրա պաշտպանը: Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի հետ զրույցում փաստաբանը հայտարարել էր.
«Միայն կարող եմ ասել, որ պարոն Սուքիասյանի գործողություններում ոչ մի հանցակազմ չկա: Եթե դատաքննության արդյունքում կկարողանան ապացուցել Ռոբերտ Սուքիասյանի մեղավոր լինելը, ինչը կասկածում եմ, Սուքիասյանը պատրաստ է պատասխանատվություն կրել: Հայտնեմ նաև, որ մեզ տրված նյութերում տեղեկություններ կան, որ քննչական մարմինը բազմաթիվ տեսագրություններ ունի դեպքի վայրից: Վստահ եմ՝ հետագայում, երբ դրանք հրապարակվեն, բոլորն էլ կտեսնեն, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը»:
Ի դեպ, երեկ երեկոյան, մինչ Խաչատուր Սուքիասյանի և փաստաբանի հայտարարությունները, իրավապահ մարմինների հետ առնչվող շրջանակներից արդեն վստահաբար ասում էին, որ Ռոբերտ Սուքիասյանը կներկայանա, կներկայացվի՝ որպես ինքնապաշտպանություն, և «գործը կջրվի»՝ մեղքը բարդելով այլ անձանց վրա: Նրանք հիշեցնում էին Ռոբերտ Սուքիասյանի անվանն առնչվող մեկ այլ գործ՝ մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքը:
Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի անվան հետ կապվող նախորդ գործը կարճվել է մոտ 2.5 ամիս առաջ
168.am-ն այս հայտարարությունների և հիշատակումների համատեքստում ցանկացավ տեղեկանալ, թե ի՞նչ հանգուցալուծում ստացավ Ռոբերտ Սուքիասյանի անվանն առնչվող մեկ այլ գործի նախաքննությունը, արդյո՞ք օրենքի, արդարադատության առաջ հավասարության սկզբունքն ի վերջո գործեց:
Հիշեցնենք՝ անցյալ տարի կրկին հուլիս ամսին մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (նախկին «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։
«Ինձ զանգահարեցին, ասացին, որ մորքուրիդ տղայի հետ կապված խոսակցություն կա, 2016թ. իրար հետ գործ եք արել, իրեն փող ես պարտք։ Ասացի՝ դուք դրա հետ ի՞նչ կապ ունեք, ասացին՝ արի, կխոսենք,- ասել էր նա՝ մանրամասնելով, ՝որ տարիներ առաջ Մոսկվայում մորաքրոջ որդու հետ շինարարության հետ կապված գործ են սկսել, սակայն չեն հաջողել և ֆինանսական վնասներ են կրել, այնուհետև մորաքրոջ որդին պահանջել է վերադարձնել իր ներդրած գումարը, մինչդեռ Կարապետյանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է եղել, և ինքը որևէ մեկին գումար պարտք չէ,- Գնացի Սիլաչիի կողմերը, իրենց տարածքն էր, Ռուբենն ու ախռանիկներն էին։ Ռուբենն ասաց՝ մեր փողն ա, մեզ պետք ա տաս էդ փողը, ասացի՝ ես ոչ մեկին փող պարտք չեմ։ Սկզբում ասացին, իբր 80.000 ԱՄՆ դոլար եմ պարտք, հետո՝ 200.000 դոլար։ Ռուբենն ասաց՝ քեզ երկու օր ժամանակ, եթե 200.000 դոլար չբերես, ուրեմն տունդ վարի կտանք, տանդ տեղն էլ գիտենք, քեզ էլ գիտենք։ Ես ասացի՝ ոչ մեկին էլ պարտք չեմ, ու էդ խոսքիս վրա Ռուբենն էր ու իր ախռանի պետ Արտաշը սկսեցին հարվածել ինձ, դեմքիս ու գլխիս էին խփում, քիթս ջարդել են։ Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝ վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»,- պատմել էր մոսկվայաբնակ գործարարը:
Թեև հետո լրատվամիջոցները տարածեցին տեսանյութ, որում չէր հաստատվում Օնիկ Կարապետյանի պատմածը, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան՝ օրինակ, որտե՞ղ և ե՞րբ էր ծեծի ենթարկվել գործարարը, ներկայացված տեսանկարահանումը ո՞ր օրվա էր, ինչպե՞ս էր, օրինակ, ստացել քթի կոտրվածք, և այլն:
Օնիկ Կարապետյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այլևս չի հանդիսանում Կարապետյանի պաշտպանը և իրավասու չէ գործին առնչվող որևէ տեղեկություն տրամադրել:
«Ինքը հրաժարվել է իմ պաշտպանությունից, և տեղեկացված էլ չեմ՝ ինչ ընթացքի մեջ է գործը»,- հավելեց փաստաբանը:
Գործի մանրամասների մասին տեղեկացանք ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից:
«Գործը կարճվել է մոտավորապես 2.5 ամիս առաջ: 132 հոդվածն է եղել՝ առևանգում, և հանցակազմի բացակայության պատճառով, ինչպես նաև տուժողի բողոքի բացակայության հիմքով գործը կարճվել է»,- նշեց ՔԿ մամուլի քարտուղարը:
Ահա այսպիսի արդարադատություն հետհեղափոխական Հայաստանում:
168.am-ը փորձում է կապ հաստատել նաև Օնիկ Կարապետյանի հետ. լրացուցիչ տեղեկություն ունենալու դեպքում կհրապարակենք նաև դա: