ՔԿ-ից արձագանքում են փոխհրաձգությանը Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցության մասին լուրերին
Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության աղմկահարույց միջադեպին, ըստ լրատվական ու սոցիալական տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկությունների, մասնակցել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ավելին՝ նա է եղել հրազենից կրակոցներ արձակած անձը:
168.am-ը դեպքի մանրամասների մասին փորձեց տեղեկանալ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, որտեղից միայն տեղեկացրեցին՝ Քննչական կոմիտեն արդեն հաղորդագրություն է տարածել:
Նկատենք՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ չկա կասկածյալների մասին որևէ տեղեկություն. կոմիտեում բավարարվել են «անհայտ անձինք» ձևակերպմամբ.
«2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, անդրադառնալով միջադեպին Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցության մասին տեղեկություններին, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք այդ տեղեկությունը չունենք. այժմ քննություն է ընթանում, քննիչը նյութեր է նախապատրաստում: Այն, ինչը որ հրապարակման ենթակա է, ես հրապարակել եմ. եթե լրացուցիչ որևէ տեղեկություն ստանանք անձերի հետ կապված և եթե նպատակահարմար եղավ գաղտնիությունը չխախտելով հրապարակել, մենք կհրապարակենք դա»:
Նա հավելեց, որ իրենց պրակտիկայում առհասարակ աշխատում են անուններ չհրապարակել:
Եվ սա՝ այն դեպքում, երբ իրավապահ մարմինները հատկապես վերջին 3 տարիներին շատ հաճախ խախտել են գաղտնիության սկզբունքը և անձերի հետ կապված տեղեկություններ հրապարակել: