«Չի բացառվում, որ նմանատիպ միջադեպեր տեղի ունենան նաև Տավուշի մարզում». Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր առավոտյան կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին թշնամին դիմել էր նման գործողության, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ։ Նույն այդ օրը Սյունիքի մարզի Սև լճի տարածքում անհետացել էին երկու հայ զինծառայողներ, ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց հետ կապը կորել էր, մինչև այժմ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, ադրբեջանական կողմն էլ դեռևս չի հաստատել՝ հայ զինծառայողներն իրենց մո՞տ են գտնվում, թե՞ ոչ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով թշնամու կողմից իրականացվող այդ գործողություններին՝ նշեց, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ է հետապնդում ավելի սրել ու թեժացնել իրավիճակը։
«Ես բազմիցս եմ ասել, որ պատերազմը չի ավարտվել, և դրվագային ռազմական գործողությունները դեռևս շարունակվելու են։ Այս դեպքում փորձ է կատարվում ՀՀ-ի վրա բանեցնել արտաքին ճնշում, չասենք՝ արտաքին, այլ ասենք՝ Թուրքիայի կողմից ճնշում, որպեսզի իրենց համար շատ ավելի շահավետ պայմաններով տրամադրվի ճանապարհ կամ, ինչպես իրենք են ասում, «միջանցք»։ Իրականում թշնամու նպատակը հիմնականում սա է, ինչին մաս է կազմում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում մայիսի 12-ից թշնամու ներխուժումը, սա հեռահար նպատակ էր հետապնդում։ Նման գործողություններ թշնամու կողմից դեռևս շարունակվելու են, և չի բացառվում, որ նմանատիպ միջադեպեր տեղի ունենան նաև Տավուշի մարզում»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետի խոսքով՝ իրականում ՀՀ իշխանությունները փորձ են անում հավատալ թշնամուն, որ այն փաստաթուղթը, որը ստորագրվեց նոյեմբերի 10-ին, խաղաղության փաստաթուղթ է, և տարածաշրջանում այլևս կարող է լինել խաղաղություն, մինչդեռ պարզ ու հասկանալի է՝ այդքան էլ այդպես չէ։
«Մենք խոսում ենք Երասխի միջադեպի մասին, բայց Սև լճի հատվածում երկու զինվորականներ են անհետացել, որոնք իրենց մոտ զենք չեն ունեցել, այսինքն՝ մարտական հերթապահություն իրականացնողները չեն ունեցել զենք։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք հրաման է եղել զենք չկրելու, արդյո՞ք սա եղել է որևէ պայման՝ տեղից տեղ շարժվելու թույլտվություն ստանալու համար, արդյո՞ք հակառակորդը նմանատիպ պայման է մեր առջև դրել։ Բազմաթիվ բացեր ու հարցեր կան, դրանց պատասխաններին մասամբ տիրապետում եմ, ցավոք, չեմ կարող հանրայնացնել։ Այդուամենայնիվ, հայկական կողմը սխալ քաղաքականություն է որդեգրել, որ հավատում է, թե նոյեմբերի 10-ի փաստաթուղթը խաղաղության փաստաթուղթ է»,- շեշտեց նա։
Միաժամանակ Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է պատերազմի մասին և դրա մասին խոսում է ոչ թե այսօր, այլ նոյեմբերի 11-ից սկսած, երբ ըստ եռակողմ փաստաթղթի՝ երկու կողմի զորքերը կանգ էին առնելու այն հատվածում, որտեղ մինչև այդ պահը կանգնած են։
«Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ տեղի ունեցավ այլ իրավիճակ, երբ Ադրբեջանը ներկայացրեց նոր պահանջներ և ամբողջությամբ՝ թե՛ Արցախի մասով, թե՛ ՀՀ սահմանակից հատվածների մասով, Ադրբեջանն ուղղակի ռազմական ուժով դրանք վերցրեց իր վերահսկողության տակ, մի բան էլ գերեվարեց տղաներին։ Այսինքն՝ սա նոր չի ասում և բազմիցս է ասել, որ հարցը կլուծի ռազմական ճանապարհով, եթե իր ուզածին չհասնի»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։