Որպեսզի ասածս ավելի առարկայական լինի, հավելեմ` Դավալուի հետ որևէ առնչություն չունեմ. Ռուբեն Վարդազարյան
Հուլիսի 9-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ` որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»։
Սա ըստ էության նշանակում է, որ չնայած դատախազության` բողոքարկման իրավունքին, քանի դեռ վճիռը չի բողոքարկվել, ու չկա կայացված դատական ակտ, դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած ակտը ենթակա է անհապաղ կատարման, ու ըստ այդմ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները կասեցված էին դատաքննության ընթացքում, իրավունք ունի վերադառնալ աշխատանքի։
168.am-ը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեց` չի՞ պատրաստվում արդյոք վերադառնալ աշխատանքի ու զբաղեցնել իր աշխատասենյակը ճիշտ այնպես, ինչպես դա առանց րոպե կորցնելու արեց ԲԴԽ նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը։
Ի պատասխան մեր հարցի` Ռուբեն Վարդազարյանն անսպասելիորեն իր կենսագրությունից դրվագներ ներկայացրեց։
«Ծնվել և մեծացել եմ Երևան քաղաքում, ընդ որում` Կենտրոնում, բժիշկների ընտանիքում։ Հայրս գիտությունների թեկնածու էր։ Ունեցել եմ նորմալ և երջանիկ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն։ Ավարտել եմ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, այնուհետև սովորել եմ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում։ Իմ կյանքում ունեցել եմ լավ և լուրջ ուսուցիչներ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։ Հիմա Դուք պատասխանեք այն հարցին, որը տվեցիք։ Ես պատրա՞ստ եմ, կարո՞ղ եմ, ուզո՞ւմ եմ կռիվ տալ աշխատասենյակի և ծառայողական ավտոմեքենայի համար»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։
ԲԴԽ նախագահը նաև մի թափանցիկ ակնարկ արեց։
«Հավելեմ, որ Դավալուի հետ որևէ առնչություն չունեմ։ Սա էլ որպես հետգրություն կարող եք նշել, որպեսզի ասածս էլ ավելի առարկայական լինի և հասցեատեր ունենա»,- եզրափակեց Ռուբեն Վարդազարյանը։