Բաժիններ՝

Պայծառակերպության ուղին, կամ Թաբոր լեռը մեր ներսում

Քրիստոս Իր երեք աշակերտների՝ Հակոբոսի, Հովհաննեսի և Պետրոսի հետ բարձրացավ Թաբոր լեռը, որտեղ և պայծառակերպվեց: Երբ առաքյալները տեսան Քրիստոսին Իր աստվածային փառքով և լույսով, հոգևոր երանություն ապրեցին և ցանկացան այդ երանության մեջ լինել հավիտենապես: Ուստի նրանք դիմեցին Քրիստոսին, թե այստեղ երեք տաղավարներ կառուցենք՝ Հիսուսի, Մովսեսի և Եղիայի համար: Հիսուս այլ բան առաջարկեց. իջնել Թաբոր լեռից և այդ աստվածային լույսը տանել աշխարհ, փոխանցել մարդկանց:

Ավետարանում սա այն եզակի դեպքերից է, երբ մարդը կարողանում է Աստծուն տեսնել Իր Փառքի մեջ: Աշակերտներն ամեն օր շփվում էին Քրիստոսի հետ, բայց միշտ չէ, որ նրանք Հիսուսի մեջ տեսնում էին Մեսիային: Սխալ է այն կարծիքը, իբր Քրիստոս լուսավորվեց միայն Թաբոր լեռան վրա: Քրիստոս միշտ լուսավոր է: Քրիստոս միշտ աստվածային փառքի ու լույսի մեջ է եղել և է, որը առաքյալները տեսան միայն Թաբոր լեռան վրա:

Իրականության մեջ սա հրաշք չէր. արտառոց երևույթ չէր: Քրիստոսի Պայծառակերպությունն առաջին հերթին իրականացավ Իր աշակերտների հոգում և սրտում: Սա է այն օրինակը, որ մեզ համար խիստ կարևոր է: Այն, որ մենք չենք կարողանում տեսնել Քրիստոսին Իր ողջ փառքի և լույսի մեջ, ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ պատճառներով է. անտարբերություն, ծուլություն, վախ, թերահավատություն, կասկածամտություն և այլն: Քրիստոս միշտ էլ այդպիսին է եղել:

Հաճախ ենք վկայում, որ Աստծուն հիշում ենք մեր նեղությունների ու դժվարությունների պահին: Մեր առօրյա կյանքում Քրիստոս մեզ համար ամեն ինչ է՝ բժիշկ, մխիթարող, հաջողություն ու երջանկություն պարգևող, պահպանող, սակայն, երբ հարցը հասնում է փրկության, երբ մարդը պետք է պատասխանատվություն վերցնի մեղքից հրաժարվելու և Աստծուն հանդիպելու, այս դեպքում արդեն կանգնում ենք խնդրի առաջ: Աստվածային լույսը հաճախ մեզ վախեցնում է, քանի որ այդ լույսի ներքո բացահայտվում են մեր մեղքերն ու սխալները, իսկ եթե դրանք բացահայտվում են, ապա մենք կանգնում ենք ընտրության առաջ՝ հրաժարվել դրանցից, թե՝ ոչ:

Մենք կարող ենք գեղեցիկ բառերով պատմել Քրիստոսի մասին, հոգեշունչ օրինակներ հիշել, բայց որքանո՞վ մեր կյանքը դրանից կփոխվի: Մենք բողոքում ենք այսօրվա իրականությունից. ուզում ենք ապրել առողջ ու երջանիկ կյանքով, ունենալ լավ ու հզոր հայրենիք, ամուր եկեղեցի, բարի ու համախմբված համայնք, երջանիկ ընտանիք, ազնիվ ընկերներ: Բայց ցանկանալն ամենապարզ բանն է, որից կյանքում ոչինչ չի փոխվում:

Պետք է ինքներս մեզ վրա պատասխանատվություն վերցնենք՝ կերտելու այս լուսավոր իրականությունը մեզ համար: Որպեսզի մենք կարողանանք պայծառակերպվել, ամենակարևոր քայլն այն բանի գիտակցումն է, որ Աստված միշտ Իր Լույսի մեջ է, իսկ մենք ինքներս ենք մեզ զրկում այդ Լույսից՝ հրաժարվելով տեսնել Նրան: Այստեղ կարևորվում է պայքարը: Այդ պայքարը մեր դեմ չէ. ոչ մեկի դեմ չէ: Այդ պայքարը մեր սխալների ու մեր մեջ եղած չարության դեմ է: Քրիստոս Իր Պայծառակերպությամբ մի պահ հանեց մեղքի պատնեշը, որպեսզի մարդիկ տեսնեն այն Փառքը, որով պիտի փրկվեն: Մնացածը մարդն ինքը պետք է անի:

Յուրաքանչյուրիս կյանքում էլ պատահում է հոգևոր ապրումների այնպիսի վիճակ, երբ մենք հստակ զգում ենք Աստծո ներկայությունը, տեսնում Աստծո Լույսը: Այդ Լույսի մեջ մենք մեզ չենք տեսնում, տեսնում ենք Աստծուն: Աշակերտները չասեցին՝ մեզ համար էլ տաղավար կառուցենք, որովհետև մարդն այդ Լույսի մեջ չի տեսնում իրեն, իր եսը, անձնական շահերն ու հավակնությունները: Այդ Լույսի ներքո ցանկացած մեղք ու չարիք վերանում է:

Պարտադիր չէ Թաբոր լեռը բարձրանալ: Եթե մարդն ուզում է պայծառակերպվել, նա ճանապարհ կգտնի տարածությունից ու ժամանակից դուրս: Կարևոր է գտնել հնարավորությունը՝ մեր «ես»-ի ցանկությունները, մեր խնդիրներն ու հավակնությունները մոռանալու համար: Արդյունքում մենք մեր ներսում կբացահայտենք Թաբոր լեռան ճանապարհը:

Մարդն արժեք է քրիստոնեության մեջ, սակայն ոչ այն իմաստով, որ մարդուն ամեն ինչ կարելի է: Մարդու արժեքը աստվածային լույսով է բացահայտվում, որով և մարդը գտնում է իր փրկության ճանապարհը:

Քրիստոս պատրաստ է մեզ բժշկելու, պահպանելու, սովորեցնելու, երջանկություն պարգևելու, սակայն այդ ամենից առավել պատրաստ է Իր Լույսը մեզ բաշխելու: Քրիստոս պատրաստ է մեր բժիշկը, ուսուցիչը, պահապանը լինելու, սակայն Նա պատրաստ է մեզ համար ավելին լինելու՝ լինելու մեր Փրկիչը: Իսկ մենք ցանկանո՞ւմ ենք փրկվել…

Եսայի քահանա ԱՐԹԵՆՅԱՆ

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս