Ունենալու ենք տարածքային կորուտներ, իսկ ԵՄ-ի և ՌԴ-ի մոտ այդ հարցում արդեն կա կոնսենսուս. Գևորգ Մելքոնյան

Եվրոպական միությունը 1.6 մլրդ դոլար է տրամադրելու Հայաստանին, իսկ հետագայում մինչև 2.6 մլրդ դոլար կմոբիլիզացնի Հայաստանի համար։ Այս մասին Հայաստան կատարած այցի ժամանակ օրերս հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ Եվրամիության կողմից Հայաստանին 2.6 միլիարդ դրամի հատկացումը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վ․ Պուտինի կողմից բաց և հրապարակային ասված մեզ սպասվող սուր և զգայուն հարցերի լուծումների մասին ակնարկը գալիս են ապացուցելու, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների փոխադարձ ճանաչման մասին է, իսկ այդ հարցում կոնսենսուս կա և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի միջև։

«Իսկ այդ կոնսենսուսը նշանակում է, որ պետք է հայ հասարակությանը պատրաստել ոչ միայն սահմանների սահմանագծմանն ու սահմանազատմանը, այլ նաև մեզ համար ցավոտ մեկ այլ հարցի լուծմանը՝ անկլավների խնդրի վերաբացմանը»,- ասաց պատմաբանը։

Վերջինս ցավոտ լուծումների համատեքստում կոչ արեց ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահի ստորագրած որոշումներից մեկին, որով ստեղծվել են տնտեսական գոտիներ, որոնցից մեկը կոչվում է «Արևելյան Զանգեզուր»։

«3 օր է՝ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ է դրել «Արևելյան Զանգեզուր» եզրույթը, իսկ դա նշանակում է, որ նրանց համար կա նաև «Արևմտյան Զանգեզուր»։
Ադրբեջանն օգտագործում է «միջանցք» տերմինը, ինչը շատ վտանգավոր է, որովհետև միջանցքը նշանակում է, որ Ադրբեջանն իրավունք ունի տնօրինել այն, կարող է հայտարարել, թե քանի որ Հայաստանը չի կարողանում ապահովել միջանցքի անվտանգությունը, ապա ինքը կարող է բերել թուրքական կամ իր զորքը՝ միջանցքի անվտանգությունն ապահովելու համար, իսկ դրանով միջանցքը կտրելու է Հայաստանից։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը ճանապարհների ապաշրջափակման տակ տեսնում է միջանցք, իսկ հայկական կողմը՝ ճանապարհ»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանը գործոն չէ որևէ հարցի լուծման ժամանակ, ուստի իր համար տեսանելի վտանգները գալիս են հենց այդ հանգամանքից, հակառակ դեպքում՝ հայկական կողմը կարող էր բացել ճանապարհները, սակայն դրանց վերահսկողությունն ինքն իրականացնեեր։

Գևորգ Մելքոնյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է, որ Հայաստանը, չլինելով գործոն, պետք է գնա սահմանների սահմանագծման ու սահմանազատման նաև պարտադրանքի ու ճնշման տակ, որն առկա է և ռուսական, և Եվրամիության կողմից։

«Ռուսաստանը պարտավորվում է մեր անվտանգային խնդիրները լուծել, Եվրամիությունն էլ դրամաշնորհներ է տրամադրում։ Ստացվում է, որ երկու մեծ բևեռներ Հայաստանին տանում են սահմանների սահմանագծման ու ճանաչման՝ իրենց համար նպատակ ունենալով տարածաշրջանը բերել կայունացման, և դա անում են մեր հաշվին։

Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, կգնա Ադրբեջանի հետ սահմանների ճանաչմանը, ներկա պահին գործընթացը դրան է տանում, և աշնանը, հնարավոր է՝ տեսնենք սահմանների փոխադարձ ճանաչումը։ Ունենալու ենք տարածքային կորուստներ՝ Հայաստանի վրա լինելու են նոր ճնշումներ, լինելու են նոր զիջումներ»,- ասաց պատմաբանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս